ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նշել է, որ Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում դեռ շարունակվում է:
«Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է. մարդկության դեմ հանցագործություն։ Կյանքի ցանկացած ճանապարհի շրջափակում ագրեսիայի ակտ է։ Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով»,-նշել է Մարուքյանը:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։