Հայ Գրողներու Միութեան (ՀԳՄ) երջանկայիշատակ նախագահ Լեւոն Անանեանի ծննդավայր Կողբ գիւղում բացուեց նրա անունը կրող պուրակն ու յուշարձան աղբիւրը: Միջոցառմանը, որ նախաձեռնել էին «Լոռուայ Ձոր» եւ «Նոյեմբերեան» հայրենակցական միութիւններն ու Հայաստանի գրողների միութիւնը, մասնակցում էին Անանեանի գրչակից ընկերները, անուանի մտաւորականներ, գրողի արուեստի երկրպագուներ եւ նրա բազում հայրենակիցներ: «Լոռուայ Ձոր» հայրենակցական միութեան ղեկավար, ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան պետ Սերգօ Երիցեանը, բացման խօսքում ասել է. «Լեւոն Անանեանը մէկ տարի բացակայում է: Ուղիղ մէկ տարի առաջ Լեւոնը եղել է այս վայրում, եւ մենք եկել ենք նրա հետ հանդիպելու, հանդիպելու այս արձանի տեսքով, եկել ենք զրուցելու, մեր յիշողութիւններն արտայայտելու, այս հրաշալի Պօէզիայի պուրակը բացելու: Եկել ենք հանդիպման գրող, հրապարակախօս, հրաշալի մարդ, անհատ Լեւոն Անանեանի հետ»: Երիցեանը նշեց, որ Պօէզիայի պուրակում ամէն տարի պէտք է հնչի պօէզիան, երգը, երաժշտութիւնը, եւ այդ ամէնը պէտք է նուիրուած լինի Լեւոն Անանեանին: «Մենք չհասցրինք մինչեւ վերջ գնահատել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանեանին, որովհետեւ նա շտապում էր իրականացնել իր ստեղծագործական ծրագրերը, շտապում էր միջոցառումից միջոցառում, հանդիպումից հանդիպում, եւ երեւի միայն ինքն էր հասկանում, որ իր ժամանակը շուտ է կանգ առնելու: Նա շտապում էր տեղաւորուել այդ ժամանակում՝ ամէն ինչ լիովին հասցնելու համար», ընդգծեց Սերգօ Երիցեանը: Հայաստանի գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտոնեանը Լեւոն Անանեանի հետ աշխատել է թէ՛ Հայաստանի գրողների միութիւնում, թէ՛ «Գարուն» ամսագրում: «Ամէն օր տեսել եմ, թէ ինչպէս էր տարբեր տեղեր գնում, գրում յօդուածներ, որոնք հանրութեան ուշադրութեան կենտրոնում էին», նշեց Միլիտոնեանը՝ յաւելելով, որ 1990ականների ծանր պահերին եւ դժուարին ժամանակաշրջանում Լեւոն Անանեանը պահեց «Գարուն» ամսագիրը, որը նրա շնորհիւ հրատարակւում էր ամէն ամիս: Նրա խօսքով՝ Անանեանը ոտքի կանգնեցրեց նաեւ Հայաստանի գրողների միութիւնը: «Հսկայական աշխատանք է կատարել, ինը տարի միասին աշխատել ենք, տեսել եմ, թէ ամէնօրեայ ինչ ծանր աշխատանք է կատարում: Լեւոն Անանեանից յետոյ աշխատելը ե՛ւ դժուար էր, ե՛ւ պատուաբեր», յաւելեց Միլիտոնեանը: Անանեանի հայրենակից, գրող Սամուէլ Բեգլարեանն էլ ընդգծեց, որ Լեւոն Անանեանին ճանաչել է 50 տարի: «Ծանր ու դժուար էր լինել նրա ընկերը, որովհետեւ Լեւոնն ում սիրում էր, պահանջկոտ էր նրա նկատմամբ: Լեւոն Անանեանի շուրջ համախմբուեց գրողների հրաշալի սերունդ, որը շատ լաւ էր աշխատում», նշեց նա: Ելոյթ ունեցողները կարեւորեցին Լեւոն Անանեանի գործունէութիւնը, մարդկային տեսակը եւ մեծ ներդրումը իր բազմակողմ գործունէութեան բոլոր ոլորտներում: Ներկաները դիտեցին նաեւ Կողբի գեղարուեստի դպրոցի սաների գեղանկարների ցուցահանդէսը: Յուշարձանի բացման պատիւը վերապահուեց Լեւոն Անանեանի տիկնոջը՝ Աղաւնի Գրիգորեանին: Լեւոն Զաքարի Անանեանը ծնուել է 1946թ. Հոկտեմբերի 13ին, Տաւուշի մարզի Կողբ գիւղում: 1964թ. աւարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968թ.՝ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է մի շարք պարբերականներում եւ միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը: 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրութիւնում, 1990ին ընտրուել է «Գարուն» ամսագրի գլխաւոր խմբագիր: 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչութիւնը, որն առաջին անգամ բնագրից թարգմանութեամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականութեան մի շարք ստեղծագործութիւններ: 2001թ. ընտրուել է Հայաստանի գրողների միութեան նախագահ: Այդ պաշտօնում վերընտրուել է 4 անգամ եւ ղեկավարել միութիւնը աւելի քան 13 տարի: Դասախօսել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: «Նոյեմբերեան» հասարակական կազմակերպութեան ղեկավարն է 2002 թուականից: Գրել, կազմել եւ խմբագրել է բազմաթիւ գրքեր, հարիւրաւոր հրապարակախօսական յօդուածներ, առաջաբաններ: 2008թ. Մայիսի 26ին նրան շնորհուել է Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ պատուաւոր կոչումը: Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը կեանքից հեռացաւ 2013թ. Սեպտեմբերի 2ին՝ 67 տարեկան հասակում: