Մերրի Սահակյան
Լինում է, չի լինում՝ մի խեղճ ու բարի մարդ է լինում, անունըª Ղազար:
Այս մարդը ոչ աշխատանք է ունենեում, ոչª տուն, և քանի որ աղքատ մարդիկ նաև անհաջողակ են լինում,ուր էլ որ գնում էր մի գործով, չէր ստացվում: Ահա մի օր էլ ինքն իրենից խռոված նստեց մի քարի ու դառը – դառը սկսեց լաց լինել:
Ախր ես ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ: Ի՞նչու եմ ես այսքան դժբախտ: Արդեն մեկ շաբաթ է, ոչինչ չեմ կերել:
Ուտե՞լ ես ուզում. գնա՝ աշխատի՛ր: Ի՞նչ ես կնկա նման լաց լինում, – դղրդաց մի ձայն:
Այս կոշտ ձայնից խեղճ մարդը վախեցավ: Չորս կողմը նայեց, բայց ոչ ոքի չտեսավ:
Ո՞վ կա այստեղ:
Վրայիցս որ իջնես՛ կտեսնես, – պատասխանեց քարը:
է՜, ճիշտ է, ես աղքատ եմ, բայց ոչ հիմար: Ո՞վ է տեսել, որ քարը խոսի:
Հիմար չես, բա ի՞նչ ես, որ այս դարում ոչ տուն ունես, ոչ էլ փող, – ասաց քարը, ապա շարունակեց, – տեսնում եմ սիրտդ բարի է, դրա համար էլ կօգնեմ քեզ: Ուշադիր լսի՛ր: Քաղաքի մյուս ծայրում մի լքված տուն կա: Այնտեղ ոչ ոք չի ապրում: Այնտեղ կապրես ու միջի իրերն էլ վաճառելով քեզ հացի փող կանես:
Մարդիկ ինձ դուրս կհանեն այդ տնից , – խեղճ – խեղճ պատասխանեց աղքատը:
Ա՛ռ այս բանալին, – ասաց քարը, – սա որ ցույց տաս՝ նրանք կհավատան, որովհետև միայն այս բանալին է բացում այդ տան դուռը: Հա՛, մի բան էլ ասեմ. այն ինչ վաճառելու ես, սովորական ապրանք չի, գինն էլ ինչպես վրան գրված կլինի, այնպես էլ կվաճառես:
Խեղճ Ղազարը բանալին վերցրեց ու քարին շնորհակալություն հայտնելով գնաց իր նոր տունը փնտրելու: Դուռը բացեց, ներս մտավ: Առաջին սենյակում մի սեղան, երկու աթոռ ու մի մահճակալ կար: Շատ ուրախացավ: Երկրորդում պարկեր կային: Մոմը վառեց, որ տեսնի թե ինչ կա այդ պարկերում: Կարմիր պարկերի վրա գրված էր.ՙ Հարստություն ՚, իսկ կանաչ պարկերի վրաª ՙ Բարություն ՚:
Այդ քարն ինձ հաստատ հիմարի տեղ դրեց, – ասաց աղքատը, – պարկերը ցորենով է լցրել, վրան հիմարություններ գրել: Ես այս ցորենը չեմ վաճառի: Ալյուր կդարձնեմ, հաց կթխեմ ու կուտեմ, մինչև ինձ աշխատանք կգտնեմ:
Պայմանըª պայման է, – դղրդացին պատերը, – եթե ոչª տունը գլխիդ շուռ կտանք:
Լա՛վ – լա՛վ, – համաձայնվեց աղքատը: – Բայց ի՞նչ գնով վաճառեմ:
Հարստությունըª մեկ թեյի գդալ ալյուր, բարությունըª ձրի, – խրոխտ ձայնեցին պատերը:
Խեղճ մարդը պարկերը դրսում դրեց, գները վրաները փակցրեց ու սկսեց վաճառել: Օր – օրի վրա, գնորդներն է՛լ ավելի էին շատանում: Մեկ թեյի գդալ ալյուր էին տալիս, մեկ հատիկ հարստություն բերող ցորեն գնում: Հարստության պարկերը դատարկվում էին, իսկ բարության պարկից անգամ մեկ հատիկ չէր պակասում: Նա ամեն անգամ հիշեցնում էր գնորդներին, որ բարությունը ձրի է և նրանք կարող են մեկ հատիկ էլ այնտեղից տանել, բայց մարդիկ հրաժարվում էին, պատճառաբանելով, որ բարությունը կստիպի իրենց մյուսների հետ կիսել հարստությունը: Իսկ այդ միտքը նրանց բոբորովին դուր չէր գալիս: Օրեցօր քաղաքի տներն ավելի էին գեղեցկանում, ավելին. տանիքներն արդեն ոսկուց էին կառուցում: Կանայք այնքան ծանր ականջողեր էին կախում, որ ականջները երկարում, ճագարի ականջներ էին դառնում: Բոլորը ոսկե կոշիկներ էին հագնում, ոսկե գլխարկներ կրում, որոնք այնքան ծանր էին, որ հանելուց հետո մի քանի ժամ գլխացավ էին ունենում: Մի խոսքով, եկավ ժամանակ, որ այլևս ոչ մեկը ոչնչով մյուսին զարմացնել չէր կարողանում: Բոլորն էլ ոսկու ու ադամանդի մեջ լող էին տալիս: Բոլորն էլ մեծամիտ ու անսիրտ էին դարձել: Ճիշտ է, քաղաքը անչափ հարստացել ու գեղեցկացել էր, բայց կյանքը գնալով անհետաքրքիր էր դառնում: Ոչ մի բանից մարդիկ հաճույք չէին ստանում: Ամեն ինչ այնքան հեշտ էր տրվում բոլորին, որ աշխատելու, կամ մտածելու կարիք չկար: Եվ ահա եկավ մի չարաբաստիկ օր, երբ քաղաքում ոչ մի աշխատող այլևս չմնաց: Նրանք, ովքեր ծառաներ էին եղել ժամանակին, նրանք էլ կախարդական ցորենի հատիկների շնորհիվ հարստացան և աղայի պես սկսեցին ապրել: Այդ թանգարան հիշեցնող քաղաքում միայն մեկ տուն կար, որ ինչպես կիսաքանդ եղել էր, այնպես էլ մնացել էր: Դա Ղազարի տունն էր: Տեսնելով, որ ոչ ոք բարության հատիկ չի վերցնում, ամեն առավոտ մի – մի հատիկ ինքն էր ուտում ու գնալով էլ ավելի էր բարիանում: Իսկ այդպիսի մարդուն հարկավոր չէին ո՛չ ոսկե ոտնամաններ, ո՛չ արծաթե ափսեներ, ոչի՛նչ, միայն հանգստություն: Նա գոհ էր իր մի փոր հացով,մաքուր անկողնով ու հանգիստ խղճով: Նա տեսնում էր, որ շատ փողը մարդկանց կյանքն արտաքինից գեղեցկացրել, իսկ ներսից փչացրել էր: Հասկանալով, որ այս ամենի մեղավորը նաև ինքն էր, մի լավ բան մտածեց: Նա բարության պարկերի ցորենը դատարկեց մի քանի այլ պարկերի մեջ ու վրաները գրեց. ՙ Ուրախություն ՚,ՙ Երջանկություն՚,ՙ Երիտասարդություն ՚ և ՙ Խելք ՚: Բայց այս անգամ շատ բարձր գներ դրեց: Բոլորը հափշտակված սկսեցին գնումներ կատարել: Ամեն մի հատիկի դիմաց մի քանի պարկ ոսկի էր վերցնում Ղազարը: Պարկը տուն էր տանում թե չէª ոսկին նորից ցորենի հատիկ էր դառնում: Որոշ ժամանակ անց քաղաքում այլևս ոչ մի ոսկե տանիք չմնաց: Փողոցներն առաջվա պես լցվեցին խինդ ու ծիծաղով, մարդիկ այնքան էին բարիացել, որ իմն ու քոնը իրարից չէին տարբերում: Կանայք իրենց և երեխաներին զարդարում էին զարմանահրաշ ծաղիկներով, իսկ ոսկու անունն անգամ լսել չէին ուզում: Ահա թե ինչպես բոլորին երջանկություն բերեց ոչ թե հարստությունը, այլ բարությունը: Ղազարն էլ անմասն չմնաց այդ ամենից: Նա ամուսնացավ մի չքնաղ աղջկա հետ, շատ երեխաներ ունեցավ և ապրեց մինչև խոր ծերություն: