ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Գարնան մի թաց բայց արեվոտ առավոտ
Ավետիս է տարածվում․
Սուրբ քաղաքը պիտ ընդունի մի ճամփորդ,
Մարդեղացած մարդորդուն։
Հանգրվանը և մոտիկ է, և հեռու․
Ճամփան օծված է լույսով․
Ժողովուրդը, աղաղակով սրտառու,
Ընդառաջում է հույսով։
Որ գալիս է խոնարհությամբ մարդկային,
Հույսով, սիրով, հավատքով,
Ու հողեղեն․․․ բայց նաեվ մի երկնային
Նվիրությամբ հոգեթով։
Դեմքը մեղմ է, խորհրդավոր, հեզագույն․․․
Չարչարա՞նք, թե անրջանք․
Ծով հայացքում վերին պատգամ գերագույն,
Աստվածային վեհ խոյանք։
Վարդապետը, վարդապետը․․․ աղաղակ․․․
Սրտեր, կուրծքեր հեվահար․
Տարածվում է ողջ քաղաքում ընդարձակ
Ոգեվորում հոծ, վարար։
Ու կույրերը սկսում են լույս տեսնել․․․
Ո՞վ է վառել ակունքը․
Բարկ, ծարավի ոգիները սիրարբել
Իջնում են հույս-ափունքը։
Եվ ձիթենու բուրումնավետ ճյուղերով
Ամբոխները զինավառ
Ծաղկազարդի խաղաղության պերճանքով
Գալն են տոնում հրաշափառ։
ԽԱՉՅԱԼԸ
Ու գամերը ափերի մեջ ու ոտքերին
Կռանեցին, կռանեցին․
Մինչդեռ ճակտին փշաթագը արյունոտված
Այտերն ի վայր արյուն ծորաց։
Ու վարսեցին մահախաչը ամբոխի դեմ,
Որ ծփում էր կույր, հողեղեն․
Վարդապետը ահա խաչին չարչարության․
Աստվածանեծք հանցանության։
«Հայր, թող դրանց, որ չգիտեն ինչ են անում»․․․
Ոխ ու քենով կույր մեղկանում․
«Կույս մայրությամբ թողեք սերն իմ առնեմ վերջին»․․․
«Ծաղր ու ծանակ մեր արարչին»․․․
«Թե Աստուծո Որդին ես դու ազատիր մեզ,
Մեր ավարից բաժին կառնես»․․․
«Նազովրեցի, հիշիր ինձ քո հաղթանակին,
Թե արժանի եմ տակավին»․․․
«Ծարավ եմ ես, հուր է շիկնում բույլն իմ սրտի»․․․
«Քացախ տվեք թողեք լկի»․․․
«Հայր, իմ հոգին հանձնում եմ Քեզ․․․մարդուն գթա»․․․
Ամբոխն է համր ու անզգա։
Տիեզերքում չխավարեց արեգակը,
Թեեվ օրը խավարեց լուռ․
Լույսով պատեց Նա աշխարհի բովանդակը,
Սրտերի մեջ է ամրակուռ։
*****
ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Դա ոչ թե միայն կրոնական է,
Այլ տիեզերական համույթ է մեծղի:
Լինելու գոյ ու Էն է գոյության,
Որ Է լինելն է, որպես գոյություն,
Որպես անսկիզբ,
Որպես անվերջ գոյ,
Որ սկիզբ չունի,
Ու չունի ավարտ.
Եվ այդպիսին է արարիչ ծնող,
Ներգո ու ներծին
Նաեվ ժառանգորդ միաժամանակ,
Կրելով բոլոր հատկանիշերը
Նույն Է գոյության,
Որ բնորդն է իսկ,
Սուրբ Հոգու անզատ համաբերությամբ
Ժառանգած նույնը, ինչ որ է ընդմիշտ:
Հայր է
Ու Որդի
Ու սրբին Հոգի.
Մի երրորդություն հավիտենական,
Որ մեկություն է տիեզերական։
Է,
Ինքն է, որպես գոյ ու արարիչ․
Որպեսզի դառնա զուտ ընդմիշտություն՝
Պիտի ունենա շարունակություն․․․
Եվ ունի Որդի,
Որպես ժառանգորդ,
Ժառանգորդաբար Է է միությամբ,
Եվ այդպիսով է հավիտենական․
Իսկ Հայր ու Որդի միավորվում են
Հոգու սրբությամբ,
Ոգեկից բանիվ, գոյով Էության,
Դառնում մեկություն Սուրբ Երրորդության։
Այդ համույթն ամբողջ
Երրորդությամբ է համադիր ու մեկ,
Անբաժանելի որպես նույնություն,
Որպես վիպություն, որպէս մեկություն:
Տիեզերական անսկիզբությամբ
Անպարագիծ է, ամենաընկալ:
Խորք է, դարիվ է…
Տարերք է հաստատ…
Լույս է, ժամանակ…
Տարածք է, զանգված…
Եվ ի՛նչ էլ որ է…
Բանավոր է ու միտք ունի դատող,
Որ զգացում ու սիրով է հարուստ,
Համակ ճանաչում, մոտից ու հեռուստ,
Ու մեր պատկերի բնորդն է վերուստ։
Է աստվածային
Ու արարչական
Սուրբ Երրորդություն։
*****
ՓԱՌԱՎՈՐԵՍՑՈՒՔ
Երջանկության վրա է որ ծիածան է կամարվում.
Այդպիսով է բախտավորությունը լինում
Լրիվությամբ ակաղձուն։
Ծիածանի յոթը գույներով,
Ծիածանի յոթն անգամ յոթը գույներով,
Յոթն անգամ յոթը, յոթն անգամ յոթը գույներով…
Գոհությունն է բախտավորվում։
Գոհությունս է, որ ապրում եմ,
Գոհությունս է, որ առողջ եմ,
Գոհությունս է, որ կարող եմ կարողությամբ…
Գոհությունս է, որ ասում եմ, ու լսում եմ
Սիրո խոսքեր,
Գրկիս կինը՝ կինն է մտքիս,
Գոհությունս է, որ իմ կյանքի մեղեդին
Երգավորվում է բարբառով ուստրիս ու դուստրիս,
Գոհությունս է, որ զավակներս
Ավելանում են փեսայով ու հարսով,
Գոհությունս է՝ բազմանում են
Ծլվլոցով թոռներիս.
Գոհությունս է, որ իմ երգը
Համաձուլվում է նրանց Էլ համերգին…
Գոհությունս է, որ գոհության համար գոհ
Փառք եմ տալիս Աստծուս…
Գոհությամբ փառավորսեցուք։
*****
ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Իմ երեվակայության երկնքում
Բազում ու բազմաթիվ են աստղերը,
Բայց խճողումներ չկան,
Ընդարձակածավալ է երկինքս,
Բազում ու բազմաթիվ են աստղերը…
Ահա թեժանում են աստղերս
Կրակներով ու սերերով,
Լուսավորում են սիրտս,
Սրտիս խորերը,
Սրտիս խորունկները…
Լուսավորում են մինչեվ անհատակը…
Հեռավոր ափունքների մաքուր կարոտներս,
Ծփացե՛ք սրտիս ծովում
Արյանս հիշողության տառապանքով…
Սերերով հարուստ եմ,
Նվիրումներով ու ներողամտությամբ շռայլ,
Քանզի սրտիս աղբյուրները ջրավորվել են
Արցունքներիս զուլալությամբ,
Ուրախության ու տրտմության ալիքներով,
Հմայվածության անանձնականությամբ,
Որ կյանքի աղն ու համն են…
Իմ երեվակայության երկնքում
Բազում ու բազմաթիվ են աստղերը,
Եվ նվիրվածությանս տիեզերքում
Եղել ու մնում է միայն մեկ Աստված,
Որին երկրպագում եմ ու պաշտում:
*****
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ
Հեռացող աստղունքը ցոլում էր,
Երկինքը ընկալում էր լույսը,
Մաքրվում էր ծավալը,
Մինչեվ լազուրի ակուքները․․․
Ծալը
Ու մնացյալը․․․
Գուբում պատռվում էր պատանքը,
Կյանքը տրոփում էր անավարտ,
Որ մղեց, գլորեց քարը․
Բացվեց գերեզմանը,
Որպես անդորրության մահիճ,
Կենսավոր, տրոփող սիրտ։
Եռօրյա տեվեց տաճարի կառուցումը,
Ինչպես ասել էր։
Սգավոր կանայք եկան,
Մեռելների մեջ էին փնտրում
Հարյալին․․․
Ասաց, որ հանդիպեն վերնատանը։
Կասկածներ կային․․․
Թող ստուգեն գեղարդի հետքերը
Ձախ կողքին․․․
Մեխերի խոցերը ձեռքերին,
Ոտքերի թաթերին․․․
Գուցեեվ քերթվածքները ճակատի
Որ թողել էր փշե թագը․․․
Գարնանային հովի հոսանք էր
Աշտարակված խաչի հիշողությամբ․․․
Փակվել էին վերնատանը,
Երեվակեց նրանց մեջ․․․
Ոչ, ոչ․․․ ոչմի ողջագուրում․․․
Երկրային ոչմի փոշի
Չպիտի լինի վրան
Երկնային մտնելու պահին․․․
Գեղարդի հետքը
Մեխերի հետքերը,
Ճակատի հոշվածը
Ստույգ էին։
Թագակիր ճակատին
Միայն ծիածան,
Որպես նարոտ․․․
Ապա պատգամեց,
Սպասեն քառասուն օր
Ընդունելու շնորհի գալուստը․․․
Մնում էր,
Որպես սուրբ հոգով ծոցվորված
Միանա աստվածությանը,
Որ անսկիզբ է ու անվախճան․․․
Ապա վերացումը պատկերվեց,
Որպես համբարձում․․․
Քրիստոս է,
Որպես մարդորդի,
Աստվածորդի,
Երեվումով,
Ծաղկազարդով,
Տանջանքով,
Մահվամբ,
Հարությամբ,
Հանդիպումով,
Համբարձմամբ
Առ անմահության ծավալ,
Արքայություն․․․
Տիեզերական իրարանցում է,
Որի միայն փշրանքներն են
Վիճակվել երկրին,
Որպես օրհնություն։
Պատահել է,
Պատահում է,
Կպատահի
Մյուս մոլորակներում
Ըստ կարիքի։
Տիեզերքում մենք միայնակ չենք։
Համորենը
Աստվածային ստեղծագործություն է։
*****