ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և նույն գործով 3 տարով դատապարտված ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ է հանդես եկել Ծառուկյան խմբակցության 11 պատգամավոր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը և Իվետա Տոնոյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վարույթը քննելու է հունիսի 15-ին ժամը 11:00-ին:
Բողոքը քննելու և վճիռը կայացնելու օրը պալատը կքննարկի նաև «Ելք» խմբակցության երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի երաշխավորության հարցը: Նրանք երաշխավորություն էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ մասնակցել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Նա ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ:
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ,նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: