ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունն արդեն իսկ ունի անհրաժեշտ գործիքները պաշտոնյաների անօրինական գործողությունների, անգործության կամ անփութության արդյունքում կորուստներ կրած անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանության համար: «Սահմանված են տուգանքները հիսունապատիկի չափով և ավելի, մինչդեռ այս նախագծով անհամաչափ տուգանքներ են առաջարկվում պատճառած վնասի համար: Վերոհիշյալի հիման վրա կառավարությունը կարծում է, որ այս օրինագծի ընդունման անհրաժեշտություն չկա, քանի որ դրա համար առաջարկվող տույժերը ադեկվատ չեն», – «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:
Նախագծով առաջարկվում է անօրինական վարչարարության արդյունքում պատճառված վնասի համար տուգանք սահմանել: Մասնավորապես, պաշտոնյայի նկատմամբ անօրինական գործողությունների հետևանքով քաղաքացիներին վնաս պատճառելու համար պետք է վարչական տույժ սահմանվի տուգանքի ձևով՝ առաջին խախտման համար`50 հազար դրամ, երկրորդ խախտման համար` 100 հազար դրամ, երրորդ խախտման համար` 300 հազար և ավելի: