ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս օրենսգիրքը վերջին մոհիկանն է մեր օրենսդրական դաշտի: «Այն «ողջ է» 1985 թվականից, որը սկզբունքորեն բացարձակ չի համապատասխանում մեր իրավական դաշտին», –«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ հասել են որոշակի հանգրվանի ու ներկայացնում են նոր, ժամանակակից միտումներին համահունչ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք:
«Օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ նոր դրույթներ, որը փորձել ենք համահունչ դարձնել նոր սահմանադրական դրույթներին: Այն ուժի մեջ կմտնի հունվարի մեկից»,– ասաց Հարությունյանը:
Օրենսգրքի նախագծում արտացոլված են, մասնավորապես, հետևյալ նորամուծությունները` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձնահատկություններից ելնելով սկզբունքներն ընդլայնվել են և ներառվել են այնպիսի սկզբունքները, որոնք սահմանված չեն նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Այս նորամուծության արդյունքում վարչարարությունն այս չափազանց բարդ ոլորտում կդառնա առավել կանխատեսելի ու զերծ կպահի այն այնպիսի իրավիճակներից, որոնք հաճախ անորոշ են և չունեն ուղղորդող լուծումներ: Սահմանվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթները: Մասնավորապես, իրավաբանական անձինք սահմանվել են որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ: Նախագծում կարգավորվել են նաև մի շարք հիմնարար նշանակություն ունեցող դրույթներ: Մասնավորապես, եթե իրավաբանական անձի նկատմամբ նշանակվել է վարչական պատասխանատվություն, ապա դա չի ազատում պատասխանատվությունից տվյալ զանցանքի կատարման համար մեղավոր ֆիզիկական անձին և հակառակը, եթե ֆիզիկական անձի նկատմամբ նշանակվել է վարչական պատասխանատվություն, ապա դա չի ազատում տվյալ զանցանքի կատարման համար վարչական պատասխանատվությունից իրավաբանական անձին։ Այսպես, ամրագրվել են իրավաբանական անձի և ֆիզիկական անձի միաժամանակյա պատասխանատվություն նախատեսելու համար որոշակի չափանիշներ: Սահմանվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ, ինչը բխում է անձանց իրավահավասարության և տնտեսական ազատ մրցակցության սահմանադրական սկզբունքների պահանջներից: Արմատապես վերանայվել են վարչական ձերբակալման հիմքերը: