Երիտասարդ գիտնականի ամբիոն
Կարենի Հակոբյանի հետ զրույցս ֆեյսբուքով` ես` Երևանում, նա` Թբիլիսիի օդանավակայանում, հիշեցրեց ինձ Ռուբեն Հախվերդյանի հայտնի տողերը՝ «Լավագույն տղերքը հեռանում են. Օտար ափերում բախտ որոնում»…
-Հարգելի Կարեն, ես լրագրող եմ… ԳԱԱ երիտասարդ գիտնականների մասին… Խնդրում եմ պատասխանել… Շնորհակալություն… Հարգանքով…
-Բարև Ձեզ, հարգելի Մանե: Ես այս հունվարից փաստացի արդեն ՀՀ Գիտությունների ակադեմիայի աշխատակից չեմ, այս պահին էլ զուգադիպությամբ Ձեզ գրում եմ Թիֆլիսի օդանավակայանից, մեկնում եմ արտերկիր՝ ասպիրանտական ծրագրով ուսումս շարունակելու և աշխատելու, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում արդեն իսկ պաշտպանել եմ թեկնածուական:
Մեկնում եմ, իհարկե, աշխատանքային լավ հույսերով, բայց, հավատացած եղեք, մեծ թախիծով: Եթե ցանկանում եք, որ իմ այս կարգավիճակով (չնայած Գիտությունների ակադեմիայում փաստացի աշխատելն այնքան էլ չեմ կարևորում, ինչքան հայ մարդ լինելը) լրացնեմ հարցաշարը, ես խնդիր չեմ տեսնում, և սիրով պատրաստ եմ օգտակար լինել: Միայն թե, խնդրում եմ, նշեք վերջնաժամկետը, քանզի երկու օր դեռ ճանապարհին եմ լինելու:
-Այո, Կարեն, պատասխանեք, խնդրեմ։ Առանձնակի վերջնաժամկետ չկա։ Պատասխանողների մեջ շատ կան երիտասարդ գիտնականներ, որ Հայաստանում չեն, կան նաև այնպիսիք, որ գիտությունն են թողել, ցավոք…
Կարեն Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը, 2011թ.-ին պաշտպանել է ատենախոսություն Ա.04.06՝ ակուստիկա մասնագիտությամբ: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ փոխել է հետաքրքրության շրջանակը և հիմա ուսանում է ասպիրանտուրայում՝ «Քվանտային օպտիկա» մասնագիտությամբ՝ արտերկրում (նոր է մեկնել, և երկիրն ու վայրը որոշ նկատառումներով հարկ չի համարում այս պահին հրապարակել):
Թե արդյոք ի՞նչն է ձգում Կարենին գիտության մեջ, ինչո՞ւ որոշեց գիտնական դառնալ հարցի վերաբերյալ պատմում է, որ հետաքրքրությունն առաջացել է պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ուսանելիս.
-Դպրոցական տարիքում դժվար է ընկալել այդ աշխատանքի բնույթը: Գիտական աշխատանքում ինձ բավարարվածություն է տալիս ամենօրյա անընդհատ ստեղծագործ աշխատանքը, յուրաքանչյուր օր դու կարծես հարստանում ես»:
Աշխատանքից ու ուսումից դուրս, որն ինչ-որ չափով ինքնամփոփ աշխատանք է, ինչքանով որ հասցնում է, փորձում է ավելի շատ հարազատների ու ընկերների հետ լինել, առավել նախընտրում է թատերական ներկայացումներ և համերգներ դիտել. «ինչն այստեղ արդեն շատ է պակասում ինձ»: Խոսքի մեջ սիրում է ասույթներ օգտագործել, սիրելի ասույթներ շատ ունի, բայց նշում է միայն ամենասիրելին.
-«Չարժե՛ և չի՛ կարելի օգնել ընկածին, եթե նրա մոտ բացակայում է ինքնօգնության զգացումը»–Գ. Նժդեհ։ Հայտնի խոսք է և մեկնաբանության կարիք չունի, անտեղի խղճահարությունը նոր մակաբույծներ կծնի, որոնք, առանց այդ էլ, քիչ չեն:
Ե՛վ կյանքի, և՛ մասնագիտական կարիերայի ամենաշրջադարձային պահերը, հուսով է, դեռ առջևում են, բայց երկու տեսանկյունից էլ, իհարկե, իր համար շրջադարձային է համարում այն փաստը, որ այժմ ապրում և աշխատում է արտերկրում:
Թե կոնկրետ ի՞նչ գիտական խնդիրների վրա է աշխատել աշխատում, ի՞նչ տպագրություններ, ինչպիսի՞ հաջողություններ ունի ընդհանրապես, պատմում է.
-Հայաստանում ասպիրանտական տարիներին աշխատել եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի Սառը պլազմայի լաբորատորիայում: Ուսումնասիրել ենք գազապարպումային լազերներում սառը պլազմայի պարամետրերի կախվածությունը արտաքին ակուստիկ դաշտից: Ուսումնասիրությունները եղել են և՛ փորձնական, և՛ տեսական: Արդյունքները տպագրվել են 12 աշխատություններում և ներկայացվել են մի քանի միջազգային գիտաժողովներում: Ուզում եմ հատկապես նշել մեր ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովները Մեղրիում։ Դրանք, կարծում եմ, նշանակալի են ո՛չ միայն գիտական շփումների տեսակետից, այլ նաև այն առումով, որ Հայաստանում նմանատիպ միջազգային միջոցառումները «ապակենտրոնացվեն», այսինքն, անց կացվեն ոչ միայն Երևանում: Հիմա մուտք եմ գործում նոր բնագավառ, սկսել եմ ուսանել այն և հուսով եմ, որ կարճ ժամանակում կներգրավվեմ իմ նոր խմբի աշխատանքներին և կունենամ հաջողություններ:
Գիտական մրցանակներից և դրամաշնրհներից.
-Որպես առաջին և լուրջ դրամաշնորհ առայժմ մեկն ունեմ, ներկայիս իմ 4-ամյա ուսման համար ընտրական բարձր միավորների արդյունքում վաստակած դրամաշնորհն է: Այն հնարավորություն է ընձեռում՝ սովորել և աշխատել արտերկրում և թույլ կտա վերագտնել ինձ իմ մասնագիտության մեջ:
-Կարեն, ինչպե՞ս կգնահատեք տարատեսակ մրցանակներն ու խրախուսական մրցանակաբաշխությունները, որոնք վերջին տարիներին սկսեցին իրականացվել:
-Ցանկացած խրախուսման եղանակ պետք է որ իր դրական ազդեցությունն ունենա տվյալ համակարգի վրա, բայց, իմ խորին համոզմամբ, ներկայիս Հայաստանում գործող մանր-մունր միջոցառումներն ընդամենը «թուլափայեր» են՝ երիտասարդ գիտնականների ըմբոստ ձայնը սաստելու համար: Հայաստանի գիտությանը անհրաժեշտ են պետական արմատական փոփոխություններ, իսկ մինչ այդ, նման ծրագրերը արդյունք չեն տա և նման են անապատում մեկ կաթիլ անձրևի:
– Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները:
-Մի շարք խնդիրներ կան: Նախ՝ Հայաստանում երիտասարդ գիտնականը չի ֆինանսավորվում գոնե նվազագույն չափով, որպես բանական էակ` այսօրվա հասարակության մեջ ապրելու համար անհրաժեշտ տարրական հարցերը լուծելու համար, որի հետևանքով, լավագույն դեպքում, 2-3 տեղ է աշխատում և արդյունքում՝ մնում է գիտնական՝ միայն դեյուրե, հակառակ պարագայում լքում է հայրենիքը: Հաճախ բանավեճերի ժամանակ լսում եմ, որ գիտաշխատողների աշխատավարձը ցածր է և պետք է համբերել մինչև կբարձրացնեն: Ուզում եմ հատուկ նշել՝ 30-40 000, անգամ՝ 60 000 ՀՀ դրամը դա ոչ թե ցածր աշխատավարձ է, ինչպես կառավարության պատասխանատուներն են ասում. պարոնա՛յք, դա նպաստ չէ անգամ, և գիտաշխատողն այսօր, ցավոք, ոչ թե պայքարում է բարձր աշխատավարձի համար, այլ՝ նվազագույն անհրաժեշտ աշխատավարձի համար, որն ունենալուց հետո նոր միայն արժե խոսել սանդղակային ավելացումների և անպիտան աշխատողներից ազատվելու հարցերի շուրջ:
Բացի այդ, նույն ֆինանսավորման խնդրից գալիս է, որպես հետևանք, այն, որ երիտասարդը չունի աշխատանքի ապագայի տեսլական` հեռանկարը բացակայում է: Հատուկ ուզում եմ նշել, որ հարցը լավ ֆինանսավորման մասին չէ, գիտնականին չափազանց բարեկեցիկ կյանքի ապահովումը չէ, այլ տարրական ֆինանսավորումն է` նվազագույն ֆինանսավորում, որ երիտասարդը չմտածի առօրյա մանր հարցերի շուրջ, չփնտրի կողմնակի եկամուտ, համոզված լինի իր ապագայի մեջ, վստահություն ունենա ընտանիք կազմելիս, և որպես հետևանք, ունենա ազատ միտք և աշխատի արդյունավետորեն:
Բացի ֆինանսական խնդիրներից և դրանից բխող ենթախնդիրներից, Հայաստանում առկա է աշխատանքային անառողջ մթնոլորտ, միմյանց նկատմամբ հարգանքի պակաս, արտահայտված շահագործում, թերագնահատում և գերագնահատում: Եվ սա ես նույնիսկ ավելի շատ եմ կարևորում: Բոլոր խնդիրները լուծելուց առաջ անհրաժեշտ է վերացնել պատճառները: Այն է՝ վերականգնել ՀՀ Սահմանադրության դեյուրե գերակայությունը և ժողովրդի իշխանությունը:
-Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։
-Շատ դրական եմ համարում երիտասարդների պայքարը ինտերնետ պորտալների օգնությամբ, ավելին՝ բնական եմ համարում այդ պայքարը:
-Ասում են, որ գիտնականի գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու: Ի՞նչ կասեք:
-Զարմանում եմ նման ձևակերպումների վրա. հողեղեն-նյութական բաներին ուշադրություն չեն դարձնում միայն երևի երկնքի հրեշտակները: Չեմ կարծում, որ գիտաշխատողներն առանձին դասի են պատկանում ու տարբերվում են մյուս հասարակ մահկանացուներից: Իսկական գիտնականը պետք է լինի քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ, և, հարկ եղած դեպքում, իր ձայնը բարձրացնի հասարակական խնդիրների շուրջ: Իսկ հասարակության լիարժեք անդամ լինելու համար անհրաժեշտ է հավասար իրավունքներ ունենալ մյուս անդամների հետ, իսկ իրավունքը ծնվում է հնարավորությունից, հնարավորությունն էլ՝ վաստակից:
Իսկական գիտնականը կուսակրոն քահանա չէ. ընտանիք պետք է ունենա, զավակներ, որոնց պահել-մեծացնել է պետք, ուսման տալ: Իսկական գիտնականը բոլորի նման մարդ է. կարող է բժշկին գումար տալ, պետավտոտեսուչին՝ տուգանք, կարող է օպերային ներկայացման տոմս գնել, ամռան տապին գարեջուր խմել: Իսկական գիտնականը մարդ է, որ ձմռանը տունը տաքացնելու, իսկ ամռանը գոնե մեկ անգամ հանգիստ կազմակերպելու կարիք ունի:
Իհարկե, գիտնականը չպետք է հարստանալու ճանապարհը բռնի, բայց ապրել՝ ինչպես բոլոր նորմալ մարդիկ, իրավունք ունի, ավելին՝ նա պարտավոր է պայքարել դրա համար: Ասեմ ավելին՝ առանց նորմալ մարդկային կյանքի պայմանների, իսկական գիտնական լինելն անհնար է: Իհարկե, հրաշալի կլիներ, եթե ամեն ինչ իր տեղում լիներ և պայքարելու կարիք էլ չլիներ:
-Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները:
-Կարող է փոքր ինչ կոպիտ հնչել, բայց ես Հայաստանյան գիտության թերֆինանսավորում չեմ տեսնում: Կարծում եմ՝ դա ընդհանրապես Չֆինանսավորում է: Եվ դրա արմատներն ամենավերևում են. «Ձուկը գլխից է հոտում»: Անկախացման տարիներից ի վեր՝ իշխանության բռնազավթում և արագ-ակնթարթային շահի հետապնդում՝ պետական օղակներում «Քաջ Նազարի» բախտով հայտնված «չինովնիկների» կողմից: Արդյունքում, տուժեց ողջ երկիրը, և հատկապես տուժեցին պետական ոչ-առևտրային կազմակերպությունները:
-Իսկ որն է ե՞լքը։
-Միակ ելքը, որ տեսնում եմ՝ պետական կամքն է: Միջոցներ հաստատ կան և կգտնվեն, իսկ քանի որ այս ինքնահռչակ ղեկավարությունը զուրկ է այդ հատկանշից, ապա, որպես միջոց, մնում է՝ ժողովրդի իշխանության հաստատումը և երկրի արյունատար անոթների հանգույցներից մակաբույծների հեռացումը: Ինչ վերաբերում է արժեհամակարգի խեղմանն ու հասարակության կողմից գիտության նկատմամբ հարգանքի նվազմանը՝ դրանք հետևանքներ են և ինքնաբերաբար կլուծվեն՝ հիմնական պատճառները վերացնելուց հետո:
-Արդյոք դրական միտումներ չե՞ն նկատվում վերջին տարիներին:
–Ցավով եմ ասում, բայց գիտության բնագավառին ուղղված պետական ոչ մի աջակցություն չեմ տեսնում, ավելին՝ աջակցության ցանկությո՛ւնը չեմ տեսնում, ինչն ավելի սարսափելի է. գիտական հաստատություններին պատկանող կառույցների սեփականաշնորհում, փակվող կամ դրա եզրին կանգնած գիտական հաստատություններ, ինստիտուտների միավորում, աշխատողների կրճատում, արդյունքում՝ արտագաղթող գիտաշխատողներ, որոնց գերակշիռ մասը հենց երիտասարդներն են: Ոչ-պետական կառույցները, եթե անգամ աջակցման փոքր ծրագրեր են իրականացնում, օրինակ՝ դրամաշնորհներ (որի համար փառք ու պատիվ իրենց), միևնույնն է՝ դրանք արդյունքի չեն հասնի, քանի դեռ բնագավառի արմատները թույլ են: Պետական մոտեցումը կբնութագրեմ՝ որպես կատարյալ անտարբերություն, որի ֆոնին ոչ-պետական կառույցներինը՝ բնական:
-Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և արտասահմանում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
-Նոր եմ մեկնել արտերկիր՝ աշխատելու, շատ բան չեմ կարող ասել, բայց առաջին տպավորությունս այն է, որ այստեղ, ի տարբերություն Հայաստանի, գիտաշխատողը ունի աշխատելու բոլոր նպաստավոր պայմանները։ Կյանքի համար բավարար ֆինանսական միջոցներ, լաբորատորիաների տեխնիկական հագեցվածություն, բարոյա-հոգեբանական առողջ մթնոլորտ, ազատություն գործունեության մեջ, հարգանք` ինչպես աշխատողների, այնպես էլ ղեկավար կազմի կողմից, արդյունքում՝ արժանի համբավ և դիրք հասարակության մեջ: Այս ամենի շնորհիվ գիտնականը կարողանում է իր միտքն անհոգ ու ազատ տրամադրել գիտական աշխատանքին: Մեր՝ հայերիս պարագայում, իհարկե, այդ միտքը մինչև վերջ ազատ չէ, քանի որ դրա մի փոքր մասը միշտ հայրենիքում է:
-Արտասահմանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ կվերադառնաք։
-Մասնագիտական աճս ու կայացումս փաստացի արտասահմանում եմ փնտրում, քանզի այս պահի դրությամբ դա պարզապես անհնար է Հայաստանում, բայց ուզում եմ լավատես լինել և հուսալ, որ ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի վերադառնալ և մասնագիտությամբ աշխատել հայրենիքում:
Մանե Հակոբյան