https://www.aravot.am
Խմբագիրի Սիւնակ
Այս երեք ամիսների ընթացքում ես շատ մարդկանցից եմ լսել «ես չեմ հավատում» արտահայտությունը: Խոսքը, բնականաբար, կորոնավիրուսի մասին է: Հազարավոր մարդիկ Հայաստանում մինչեւ հիմա կարծում են, որ համավարակի հետ կապված այս ամբողջ պատմությունը ծայրից ծայր հնարած է, որ բացի սովորական գրիպից որեւէ այլ արտասովոր բան մարդկանց հետ չի պատահում, եւ ինչ-որ մութ ուժեր, դավադիրներ (դրանց անունը տարբերակվում է ըստ ճաշակի) կորոնավիրուսի միջոցով պարզապես մոլորության մեջ են գցել մարդկությանը: Անգամ վարակվածների եւ մահացածների` Հայաստանի մասշտաբով ահռելի թիվը մարդկանց չի սթափեցնում. ի հեճուկս փաստերի նրանք շարունակում են մնալ «անհավատ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին մեր քաղաքացիների մեծամասնությունը, կարծես թե, վստահում է, երեկ եւս մեկ անգամ վերահաստատել է, որ կորոնավիրուսը «բլեֆ չէ», որ դա իրական վտանգ է, որից բոլորս պետք է զգուշանանք: Հուսով եմ, դա կազդի կասկածողների գոնե մի մասի վրա: Զգուշացումն, իհարկե, տեղին է, արտակարգ դրության երկարաձգումը՝ նույնպես: Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք ինքը՝ կառավարությունը, չի նպաստել հասարակության «անհավատությանը»` սկզբնական շրջանում թեթեւամիտ վերաբերմունք ցուցաբերելով կորոնավիրուսի հանդեպ եւ արդյո՞ք այս ամիսների ընթացքում ամենն արել է՝ վարակի տարածումը կանխելու համար: Ինձ թվում է, երկու հարցերի պատասխանն էլ ակնհայտ է: Այս ուղղությամբ կառավարության կատարած աշխատանքի լավագույն ցուցիչն է վարակվածների եւ մահացածների թվի դինամիկան, որը Հայաստանում բացասական է՝ ի տարբերություն եվրոպական երկրների մեծամասնության, որտեղ համավարակի բարձրակետն, ըստ ամենայնի, անցած է: Իհարկե, ավելի մանրամասն վերլուծությունները կարվեն այն ժամանակ, երբ մարդկությունը կհաղթահարի այդ արհավիրքը (իսկ որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում): Այս պահին, ըստ երեւույթին, ամենահրատապ խնդիրն է ավելի կոշտ եւ վճռական դարձնել ոստիկանության աշխատանքը: Բոլոր այն հաստատությունները, առեւտրի կետերը, սննդի օբյեկտները, որտեղ չեն պահպանվում պարետատան կողմից ներկայացված կանոնները, պետք է անողոքաբար տուգանվեն: Նույն վերաբերմունքը պետք է ցուցաբերել օրինախախտ քաղաքացիների նկատմամբ: Կանոններն էլ անհրաժեշտ է ամեն օր հստակեցնել եւ, եթե հարկ կա, խստացնել: Քանի որ տնտեսական եւ, հետեւաբար, սոցիալական վիճակը մոտակա ամիսների ընթացքում վատթարանալու է, բացառված չէ, որ կլինեն բողոքներ: Չվախենալով «ոչ դեմոկրատ» լինելուց, քաղաքացիներին պետք է հորդորել առայժմ ձեռնպահ մնալ ցույցերից, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ կիրառել հարկադրանքի միջոցներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/05/15/1111634/
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից