ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի գնումների մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում, մասնակիցների քանակի ավելացմանը զուգահեռ կմեծանա մրցակցությունը, և, հնարավոր է, որ գնվող դեղերի համար առաջարկվի ավելի ցածր գին:
«Նախատեսվում է սահմանել, որ գնումների պլանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կարող են ընդգրկվել նաև ՀՀ-ում չգրանված դեղեր, որոնք ունեն պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և ԱՀԿ նախաորակավորում և գրանցված են Եվրոպական միության լիիրավ անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կամ Ճապոնիայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալթունյանը:
Ըստ նրա՝ նշված գործընթացը կխթանի ՀՀ-ում դեղերի պետական գրանցումը, ինչի արդյունքում մի շարք արտադրողների դեղերը կգրանցվեն ՀՀ-ում: Հնարավորություն կստեղծվի, բացի ՀՀ առողջապահության նախարարության կողմից ակնկալվող տնտեսումներից, ունենալ նաև նոր մրցակցային դաշտ դեղերի ընդհանուր շուկայում և, համապատասխանաբար, առավել մատչելի գներ: Նախատեսվում է նաև որոշ դեղերի մասով լուծել դեղապահովման խնդիրներ, քանի որ նախկին պայմանների առկայության դեպքում շատ դեղերի մասով արձանագրվում են մրցույթների չմասնակցելու հստակ ցուցանիշներ: