https://www.azatutyun.am
Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ՝ չնայած նրա որոշակի ջանքերին, այս ուղղությամբ հայկական ստորաբաժանումները դիրքային որոշակի բարելավում են ունեցել, հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին, չնայած որոշակի ջանքերին, չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ։ Այս ուղղությամբ Մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել», – հայտարարեց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, մասնավորապես, Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ:
Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց՝ հրադադարի մասին «ադրբեջանական կողմի պատկերացումներն այլ են, դրանք հանգում են Արցախի հայությանը բնաջնջելու թույլտվության»։ Նա հավելեց, որ ՊԲ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը Արցախի ժողովրդին սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ։