ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արցախփրէս».- Համահայկական խաղերու Համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեան յայտարարեց, որ համահայկական 7րդ ամառնային խաղերուն մասնակցողներուն համար Արցախի մէջ ապահովուած են պանդոկներու մէջ սենեակներ: Կոմիտէն կ՛իրականացնէ 2000-2500 անձերու տեղաւորման հարցին լուծումը:
«Հիւրերի տեղաւորման հարցի լուծման համար հանրակրթական մի քանի դպրոցների տարածքներ, որտեղ կան սանհանգոյցներ, լողանալու յարմարութիւններ՝ եւս կ՛օգտագործուեն: Հիւրերի մի մասը կը տեղաւորուի նաեւ Արցախի մի շարք համայնքներում: Այժմ դժուարութիւններ կան խաղերի ստեղծագործական խմբի եւ բացման արարողութեան մասնակիցների, ինչպէս նաեւ կամաւորների տեղաւորման մասով: Վստահ եմ, որ այդ հարցի լուծման համար եւս տարբերակներ կը գտնուեն: Կ՛օգտագործենք նաեւ հանրակացարանային շէնքեր, ճամբարային տարածքներ, կ՛ունենանք հիւրընկալ տներ եւ այլն: Խաղերին մասնակից շուրջ 5000 անձինք ապահովուած կը լինեն օթեւանով», աւելցուց Զաքարեան:
Խօսելով սպասարկման ոլորտին մասին՝ Զաքարեան ըսաւ, որ պէտք է այդ ուղղութեամբ լայն աշխատանքներ կատարել:
«Խաղերի հիմնական մասն անց է կացուելու Ստեփանակերտում, իսկ մի մասն էլ Մարտունիում եւ Մարտակերտում: Համահայկական 7րդ ամառային խաղերն անց են կացուելու 17 մարզաձեւերից, որից միայն 6ն է լինելու Արցախում», յայտնեց Զաքարեան:
Նշենք, որ Երեքշաբթի, 16 Յուլիսին, Արցախի նախագահ Բակօ Սահակեան անձամբ ծանօթացաւ Համահայկական 7րդ ամառային խաղերու նախապատրաստական աշխատանքներուն: