ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Արուեստը դա յայտարարութիւն է՝ յոյզերի պահպանմամբ ու փոխանցելով հոգեվիճակը: Դա իմ կեանքի իւրաքանչիւր պահն է: Իմ նկարներն ու քանդակները փորձի եւ զգացմունքների կենտրոնացուած ցուցադրութիւնն են: Իմ արուեստը իմ յայտարարութիւնն է»: Նկարիչ, քանդակագործ Աղասիի «յայտարարութիւնները» ուրոյն են իրենց բնոյթով՝ համամարդկային, բայց նաեւ՝ խորքում հային բնորոշ յոյզերով:
Լիբանանի հայկական փոքրիկ գիւղում՝ Այնճարում, ծնուած Պօղոս Թասլաքեանին վիճակուած էր նկարչութեան ու քանդակի համաշխարհային ներկապնակում աւելացնել իր ուրոյն գոյնը: Լիբանանի, Հայաստանի ու Իտալիայի մշակութային անդաստանից քաղելով լաւագոյնը, ստեղծագործական «Աղասի» մականունն որդեգրած երիտասարդ արուեստագէտն աշխարհին շուտով ներկայանում է իր ձեռագրով՝ բնութագրուելով նաեւ հայկական Ռեմբրանդ:
Արուեստագէտի տաղանդն Աղասիի մօտ վաղ տարիքում է դրսեւորւում, եւ ընտանիքը քաջալերում է նրան զարգացնելու իր շնորհը: 1981թ.ին, Աղասին ընդունւում է Հայաստանում գեղարուեստի լաւագոյն կրթօջախներից մէկը՝ Փանոս Թերլեմեզեանի անուան արուեստի ակադեմիա: «Երեւանում ես կատարելագործեցի իմ ձեռքերը, ստացայ դասական կրթութիւն, սակայն ինչպէս ասում են, ձուկն աւազանում շատ չի մեծանում, ինձ անհրաժեշտ էր ովկիանոս, ու թէեւ Լիբանանից յետոյ Հայաստանն ինձ հսկայական էր թւում, շուտով հասկացայ, որ կարիք ունեմ ընդլայնելու մտահորիզոնս, տեսնելու եւ զգալու աշխարհը»: Այս մտայնութեամբ, 1986թ.ին, Աղասին տեղափոխւում է Իտալիա, որտեղ ուսումը շարունակում է Վենետիկի Գեղեցիկ Արուեստների ակադեմիայում: Յաջորդ տասը տարիները նա անցկացնում է Իտալիայում`կատարելագործելով նկարչութեան ու քանդակագործութեան հմտութիւնները: Արուեստագէտը տպաւորւում է Վերածննդի վարպետների, հոլանդական գեղանկարչութեան ոսկեդարի ներկայացուցիչների աշխատանքներից, Միքելանջելոյի ու Ռոդենի քանդակները ոգեշնչման աղբիւր են հանդիսանում երիտասարդ արուեստագէտի համար, եւ նպաստում նրա ոճի ձեւաւորմանը: Աղասին, միաժամանակ, երբեք չի հեռանում ակունքներից. «Վենետիկում ուսանելիս, պէտք է ընտրէի եւ ներկայացնէի մի նկարչի, որպէս օրինակ իմ համար, եւ չնայած օտարազգի տարբեր արուեստագէտների նկատմամբ իմ ակնածանքին, ես ընտրեցի լիբանանահայ նկարիչ Փօլ Կիրակոսեանին, ով մեծ հեղինակութիւն էր, եւ ես ազդուած էի նրանից»:
Աղասին ստեղծում է համամարդկային արուեստ, ընդունուել ու ճանաչելի է դարձել աշխարհի տարբեր երկրներում, սակայն ընդգծում է, որ թէեւ արուեստը սահմաններ ու ազգութիւն չունի, բայց ազգային ինքնութեան տարրեր կարելի է գտնել իր գործերում: «Եթէ սնուել ես ազգայինից, դա ինչ որ կերպ անպայման արտայայտւում է, եւ պարտադիր չէ, որ հայկական մի բան լինի գործի մէջ: Իմ կարծիքով, մենք, հայ արուեստագէտներս չենք կարող խուսափել այն ցաւից, որ մեր նախնիներն ապրել են: Այն տխրութիւնը, որ օրինակ, կարելի է տեսնել իմ աշխատանքներում, ոչ մի այլազգի նկարիչ, կարծում եմ, չի կարող արտայայտել: Օրինակ, իմ նկարներում, կարելի է տեսնել հայի տխրութիւնը միջնադարեան զգեստով կնոջ հայեացքում, կամ, գոյները, ասենք իմ կարմիրը՝ տխրութիւն, ցաւ ունի: Դա իմ մօտ ինքնաբերաբար է ստացւում, եւ չեմ մտածում այդ մասին: Իսկ ֆրանսիացի պալատական կանանց նկարներում, օրինակ, հանգստութիւն ու խաղաղութիւն կարող էք տեսնել», նշում է Աղասին:
Նրա գեղանկարներում ու քանդակներում առանցքային տեղ է զբաղեցնում կինը՝ ազատ ու անկաշկանդ, առանց սահմանափակումների, ինչի արդիւնքում նրա կանայք յաճախ կիսամերկ են: Կնոջը շերտ առ շերտ բացայայտելու, տարբեր հոգեվիճակներում ներկայացնելու արուեստագէտի ջանքերն առանձնայատկութիւն են հաղորդում Աղասիի կնոջ կերպարին: «Կինը զօրաւոր էակ է, եւ ամէնից առաջ՝ նրա ծնունդ տալու առաքելութիւնը: Մերկութիւնն իմ կարծիքով պարզութիւն է, անմեղութիւն: Մերկ կին նկարելիս կամ քանդակելիս, աշխատանքիս մօտենում եմ այնպէս ինչպէս երեխայ կը պատկերէի՝ անմեղ ու անկաշկանդ»: Աղասիի մարմարէ, կաւէ քանդակներում էլ կանայք ազատօրէն են պատկերուած, առանց մարդակազմական մանրամասների, երբեմն՝ առանց ողերի ու անգլուխ, ինչն ըստ իս, կնոջ յախուռնութեան վկայութիւնն է: Յատկանշական է, որն սերելով աշխարհագրօրէն առաւել աւանդական միջավայրից, արուեստագէտն ազատութիւն է տալիս կնոջը, եւ մեր զրոյցի ընթացքում էլ, չփորձեց բնութագրել իր կերպարներին՝ թողնելով, որ ինքս մեկնաբանեմ դրանք:
«Աղասին արհեստավարժ նկարիչ է, ով օգտագործում է դասական տեխնիկա (արհեստագիտութիւն), որ անցել է ժամանակակից յոյզերի զտիչի միջով՝ 21րդ դարի զգացմունքների եւ ուժի գլուխգործոցներ արտադրելու համար: Ռոմանտիզմն ու սիմվոլիզմը (խորհռդապաշտութիւնը) բնակւում են նրա աշխարհում, բայց երբեք կլիշէի (կաղապարի) նշոյլ չկայ: Նրա թեմաները յաւերժական են, խորապէս մարդկային եւ երբեմն ցաւագին հումորով ինքնարտայայտուած, եւ կերպարները, որոնք նա օգտագործում է իր պատմութիւնների համար բացառիկ են: Նրա ներկապնակը տրամադրութիւն ունի, հարուածը դինամիկ է, ընդհանուր արդիւնքը՝ գրաւչօրէն ինքնատիպ», գրում է Փենսիլվանիայից պատկերասրահի տնօրէն Թամարա Քէնոնը, ով ներկայացրել է հայազգի արուեստագէտին աշխատանքներն իր ցուցասրահում:
Աղասիի աշխատանքներում կայ ազատութիւն, եւ մէկ վրձնահարուածով ամբողջականութեան զգացողութիւն, ինչը նաեւ թեթեւասահ է դարձնում նրա գործերը: Այս զգացումը հաստատում է արուեստագէտի խոստովանութիւնը. «Էսքիզներ չեմ անում, մաքուր կտաւը դնում եմ դիմացս եւ սկսում եմ նկարել: Նկարս պէտք է միանգամից ամբողջանայ, աւարտը գտնի, երբ թողնեմ վաղուան` այլես չեմ շարունակի», նշում է արուեստագէտը: Աղասիի ոճը ինքնատիպ է նաեւ նկարչի կողմից օգտագործուող գունային իւրատեսակ համադրութեամբ:
Ստեղծագործելով համամարդկային թեմաներով, Աղասիի աշխատանքների ցանկում նշանակալի տեղ ունի ազգայինի շարքը: Սրընթաց համաշխարհայնեցման արդի ժամանակշրջանում, իւրայատուկ առաքելութիւն ունեն հայազգի արուեստագէտները՝ պահպանելու, ինչպէս նաեւ՝ ստեղծելու եւ սերունդներին փոխանցելու ազգային մշակոյթը: Այս տեսանկիւնից է Աղասին նաեւ դիտարկում խաչքարերի կերտումը՝ որպէս հայ մշակութային ժառանգութեան պահպանում, կրթութեան լաւագոյն գործիքներինց: Նրա կոթողների ցանկում կարելի է գտնել «Մուսայ լերան, Զէյթունի նահատակներին», Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած յուշարձանները՝ տեղադրուած Լիբանանում, Գրիգոր Նարեկացու կիսանդրին Շուշիում, ինչպէս նաեւ Կիպրոսում եւ այլուր:
Հայ արուեստագէտի ոդիսականն այս պահին շարունակւում է Միացեալ Նահանգներում: Այստեղ նա վաղուց է ճանաչուել եւ հեղինակութիւն ձեռք բերել: Ծանօթ լինելով տեղի մշակութային բազմազանութեանը, Աղասին ինքն էլ տարաբնոյթ ծրագրեր ունի, որոնց շարքում է՝ հաստատուն տեղ զբաղեցնելն ամերիկեան արուեստի աշխարհում: Հայ արուեստագէտի նախագծերից է նաեւ ԱՄՆում հայ մշակոյթի ու արուեստի ներկայացումը, եւ հայ արուեստագէտների հետ համատեղ նախաձեռնութիւնները:
Աղասիի աշխատանքները ցուցադրուել են աշխարհի տարբեր երկրներում՝ անհատական եւ խմբակային ցուցահանդէսներում, այդ թւում՝ Նիւ Եորքի «Արթ Էքսպօ»ում, 2003, 2007, 2009 թուականներին, «Գելըրի Զ»՝ Փրովիդենսիայում, Բեվերլի Հիլզի «Ռեբեկա Մոլայեմ» ցուցասրահում, «Լինարթ»՝ Բելգիա, «Բոհեմիա Գելըրիզ»՝ Անգլիա, «Եուրոպ Արթ»՝ Շուէյցարիա, «Գելըրի Սավարեզ»՝ Սան Դիեգօ, «Արտօէլ Բէյրութ Հոլ»՝ Լիբանան, Դուբայում՝ «Օկապի համաշխարհային արուեստի ցուցադրութիւն», 2016թ.: