2011 թ. ապրիլի 5-ին «Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդեց, թե նույն տարվա ապրիլի 10-ին` ժամը 13:30-ին, Բողազլըյան գավառում նախատեսվում է ոգեկոչել Հայոց ցեղասպանության ժամանակ Յոզղատի մութասարրիֆի (սանջակի կառավարիչ) տեղակալը և Բողազլըյանի կայմակամը (գավառապետ) եղած Մեհմեդ Քեմալի հիշատակը: Թուրքական գործակալությունը նշում էր նաև, թե Քեմալը 1922 թ. հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հրապարակած հատուկ օրենքով հռչակվել էր «ազգային նահատակ»:
Հայասպանների հերոսացումը նորություն չէ Թուրքիայում: Դեռ մեկ ամիս էլ չի անցել այն օրից, երբ նույն լրատվական գործակալությունը 2011 թ. մարտի 15-ին լուր հաղորդեց այն մասին, թե Թալեաթ փաշա կոմիտեի և Թյուրքական աշխարհի մշակույթի և մարդու իրավունքների կազմակերպության նախաձեռնությամբ հիշատակի ոգեկոչման արարողություն է կազմակերպվելու Հայոց ցեղասպանության գլխավոր համակարգող Թալեաթ փաշայի գերեզմանի մոտ: Ի դեպ՝ միջոցառմանը մասնակցելու էր նաև վերոհիշյալ Մեհմեդ Քեմալի թոռը` Մեհմեդ Քեմալ Էրգյուլերը: Թուրքերը չեն բավարարվում նման ցեղասպանների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով միայն. Թուրքիայում կարելի է հանդիպել նման մարդասպանների արձանների, նրանց անունները կրող պողոտաների և, անգամ, դպրոցների:
Ինչպես նշում է թուրք գրող Դողան Աքհանլըն, ներկայում «Ուրֆայի նահատակ Նուսրեթի» անունը կրող դպրոցի սաները, ամենայն հավանականությամբ, տեղյակ էլ չեն, թե ում անվամբ է կոչվել իրենց դպրոցը կամ էլ ենթադրում են, թե նա եղել է ազգային մեծ հերոս [1]: Այնինչ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բաբերդի կառավարչի, հետագայում` Ուրֆայի գավառապետի պաշտոնները զբաղեցրած Բեհրամզադե Նուսրեթը ևս Հայոց ցեղասպանությունը իրականացնող կառավարիչներից մեկն էր, որը մահապատժի էր ենթարկվել ոչ թե որևէ օտարերկրյա, այլ՝ հենց թուրքական դատարանի` Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանի կողմից: Մարդասպաններից, հայասպաններից և ցեղասպաններից ներկայում շարունակում են ոգեշնչվել թե’ Թուրքիայում և թե’ Ադրբեջանում: Այսպես, օրինակ, այսօր Էրգենեքոնի գործով մեղադրյալ Վելի Քյուչյուքը, Գիրեսունում (Կերասուն) ժանդարմերիայի շրջանային հրամանատարը եղած ժամանակ խորապես ազդվելով Առաջին աշխարհամարտի ընթացքում Արդվինի և շրջակա բնակավայրերի հայության բնաջնջումն իրականացրած Թոփալ Օսմանի կենսագրությունից, Գիրեսունում կանգնեցրել էր վերջինիս արձանը: Ադրբեջանում էլ շարունակում են նորածին երեխաներին կոչել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի անունով:
Սակայն վերադառնանք Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալին, որի հիշատակի արարողությունն է նախատեսվում Թուրքիայում այս կիրակի: Յոզղատի մութասարրիֆի տեղակալ, Բողազլըյանի կայմակամ Մեհմեդ Քեմալը 1919-1921 թթ. Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերի շարքում առաջինը կայացած Յոզղատի դատավարության երեք մեղադրյալներից մեկն էր:
1919 թ. փետրվարի 5-ին Ստամբուլի ռազմական ատյանում սկսվեց Յոզղատի հայության տեղահանության և կոտորածների դատաքննությունը, որը ժամանակի օսմանյան մամուլում ստացել էր «պատմական դատավարություն» որակումը: Դատը (18 նիստ) տեղի է ունեցել 1919 թ. փետրվարի 5-ից մինչև ապրիլի 7-ը: Մեղադրյալները նախապես 3 հոգի են եղել` Յոզղատի մութասարրիֆի տեղակալ, Բողազլըյանի կայմակամ Քեմալը, Յոզղատի ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թևֆիկը և Յոզղատի վաքըֆային վարչության նախկին պաշտոնյա Ֆեյյազ Ալին: 17-րդ նիստում վերջինիս գործն առանձնացվել է` հետագայում քննելու նպատակով, բայց մնացել է թղթի վրա[2]: Դատավճիռը կայացվել է ապրիլի 8-ին, համաձայն որի` ամբաստանյալներից Բողազլըյանի կայմակամ Քեմալը դատապարտվել է մահվան, իսկ ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թևֆիկը` 15 տարվա տաժանակիր աքսորի[3]:
Անդրադառնանք Յոզղատի դատավարության դատական նիստերում լսված վկաների ցուցմունքներին և օսմանյան վավերագրերի միջոցով ներկայացնենք, թե ինչի շնորհիվ է այս ոճրագործն արժանացել «ազգային նահատակի» կամ «հերոսի» կոչմանը:
Նախ՝ հարկ է նշել, որ Յոզղատի դատական նիստերի ժամանակ և հատկապես 1919 թ. փետրվարի 22-ի նիստում ընթերցվել են բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, հատկապես` ծածկագիր հեռագրեր, որոնց վավերականությունը հաստատելուց հետո է միայն ռազմական դատարանը մահվան դատապարտել Քեմալին[4]:
Դեռևս 1918 թ. դեկտեմբերի 12-ին Յոզղատի կառավարիչ (մութասարրիֆ) Ջեմալ բեյը գրավոր ցուցմունքներ էր տվել հետաքննիչ հանձնաժողովին, համաձայն որոնց` տեղահանության գործի մեջ ընդգրկված էին եղել նաև տեղի ոստիկանները: Յոզղատ քաղաքից ու շրջակա գյուղերից տարագրված հայերը կոտորվել և բնաջնջվել էին ոստիկանների, հրոսակախմբերի ու բնակչության կողմից[5]:
Յոզղատի դատավարության երրորդ նիստում հաստատվել է, որ Յոզղատի հայերի կոտորածներին տեղի բնակչության մասնակցությունն ապահովել ու խրախուսել էին մեղադրյալներ Քեմալը և Թևֆիքը: Այսպես` քաղհայցվորի ներկայացուցիչ Լևոն Ֆերիդը վկայել է. «Քեմալը հայոց ողբերգության թատերաբեմերից Գյուլլեր գավառակում կատարված կոտորածի առնչությամբ ասել էր. «Թատերական ներկայացման ենք գնում» Մեղադրյալը, Գյուլլերի մահմեդական բնակչության ֆանատիկ զգացմունքները գրգռող ելույթ ունենալով, ապահովել էր, որպեսզի ջարդերին մասնակցեր նաև տեղի բնակչությունը: Քեմալը, տառապող ժողովրդի հեծեծանքները և տանջանքները դիտելով, նարգիլե էր ծխել, իսկ ժանդարմերիայի հրամանատար Թևֆիկը, ելույթ ունենալով, խրախուսել էր բնակչության մասնակցությունը կոտորածին և հրացանով անձամբ սպանել երեք հոգու»[6]:
Միևնույն նիստում Լևոն Ֆերիդը նշել է. «Կոտորածի թատերաբեմ դարձած Գյուլլերում 6000 հոգու սպանությունը հայտնի է այն դիակների շնորհիվ, որոնցից յուրաքանչյուրի մարմնի անդամները կտրատված են եղել որևէ կողմից: Դա հայտնաբերվել է բժշկական հանձնաժողովի կողմից կատարված դատաբժշկական զննումների շնորհիվ»<[7]:
Նույն նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև բողոքական հայերի տեղահանությանը, ովքեր, օրենքի համաձայն, չպետք է ենթարկվեին աքսորի: Ըստ քաղհայցվոր Հայկի` «…երբ իր մայրը Քեմալ բեյին ասել էր, թե ինքը բողոքական է, և խնդրել տեղահանության չենթարկել իրեն, Քեմալը պատասխանել է, թե իր կարծիքով բոլորը մեկ են` բողոքական, թե կաթոլիկ. բոլորը հայ են և հեռանալու են»[8]:
1919 թ. փետրվարի 11-ին տեղի ունեցած չորրորդ նիստում հանդես է եկել վկա Արթինը, որը հայտնել է. «…հայերին ութ–ութ կապել են իրար և Յոզղատից դուրս տարել, խլվել են հայերի մոտ գտնվող թանկարժեք իրերը, դրամը, կողոպտիչները կանանց հարբեցրել են Օսման փաշա դերվիշների մենաստանի մոտակայքում, Յոզղատի մութասարրիֆի տեղակալ, Բողազլըյանի կառավարիչ Քեմալ բեյը 500 հեծյալ ավազակախմբով եկել է Գյուլլեր, մահապատժի են ենթարկել նախ` քահանայի փոքրիկ երեխային, ապա` կնոջը և այնուհետև` քահանային, որից հետո Քեմալը, դուդուկ նվագելով, քաջալերել է մարդասպաններին` ասելով` «Դուք չգիտեք` ինչպես կոտորել»: Չեթեները (ավազակախմբերը) Քեմալ բեյի այս խոսքերից հետո սկսել են ամենայն դաժանությամբ կոտորել ամեն պատահածի»[9]:
Միևնույն նիստում որպես վկա ցուցմունքներով հանդես է եկել նաև Յոզղատի նախկին պատգամավոր Շաքիր բեյը, որը դատարանին հայտնել է, թե ինքը տեղի կառավարչին դիմել է հայերի կոտորածները դադարեցնելու համար, բայց` ապարդյուն[10]: Յոզղատի դատաքննության 1919 թ. փետրվարի 12-ի նիստում դատարանին տրված վկայությունների շարքում հիշատակման են արժանի հատկապես հայ վկա Օժենի Վառվառյանի ցուցմունքները, որոնք առնչվում էին նաև բռնի կրոնափոխման դեպքերին. «…Այդպես բերվեցինք Օսման փաշա դերվիշների մենաստան, այնտեղ էր գտնվում նաև յոզղատցի ոստիկան Նուման էֆենդին, և ահա այստեղ գտնվող Օեյյազ բեյն ու Նուման էֆենդին վերցրեցին մեզ մոտ գտնվող դրամները և հրամայեցին մեզ ուղարկել Ֆեներ, գիշերը ինձ և մեկ–երկու աղջկա ևս ասացին. «Ձեզ մուսուլման ենք դարձնելու. մնացե‘ք այստեղ», և պահեցին: Մյուսներին տարան 50-60 սայլերով: Այդ օրն այնտեղ է եղել նաև մեղադրյալ Քեմալ բեյը: Ձեռքին թուր` եկավ մեզ մոտ և հետևյալն ասաց իր մարդկանց. «Եթե դուք սրանց բոլորին էլ, ինչպես որ հարկն է, չսպանեք, ե‘ս ձեզ կսպանեմ: Մի՞թե մեր մայրերն այսօրվա համար չեն ծնել մեզ: Դե‘հ, ի՞նչ եք կանգնել, գնացե‘ք, կոտորե‘ք: 6 տարեկանից մինչև 70 տարեկան` բոլորի‘ն կոտորեք»: Այնտեղ հենց իմ աչքի առաջ կոտորեցին բոլոր մարդկանց` ցորեն հնձելու պես, ինձ էլ մորս գրկից խլեցին` սպանելու համար, հարվածեցին գլխիս: Սպանվածների գրպանները դատարկեցին, երեկոյան մեզ ուղիղ տարան կայմակամություն: Այդ կառավարիչ Քեմալ բեյն այնտեղ մեկ անգամ ևս ծեծեց ինձ և սեփական ձեռքերով խլեց զգեստիս տակ գտնվող 1 լիրայի հասնող գումարը, ապա ուղեկցորդներին հրամայեց սպանել ինձ, սակայն վերջիններս ինձ փախցրեցին ու տարան Փուլ գյուղը, որտեղ Ադըգյուզել անվամբ մի ժանդարմ, ինձ իր հետ վերցնելով, տարավ Ինջիրլի գյուղը, այստեղ տասնապետ Ահմեդն ինձ 6 ամիս պահեց իր տանը, ապա ես փախա այն ախոռից, որտեղ ինձ փակել էիn»[11]: Դատախազի այն հարցմանը, թե Օժենին ինչպես է ազատվել կոտորածից, վերջինս պատասխանեց, թե իսլամ է ընդունել և այդպիսով փրկվել մահից[12]:
Նույն նիստում հանդես եկած վկա Ազնիվ Իբրանոսյանը ռազմական ատյանին հայտնել է, թե մոտ 860 տուն ոչ մահմեդական բնակչություն էր բռնագաղթեցվել, ինքն էլ էր եղել նրանց մեջ, մի մասն ուղարկվել էր Թաշփընար և այստեղ կոտորվել, իսկ մեղադրյալ Քեմալ բեյն իր ոճիրների համար վաստակել էր «մսագործ կայմակամ» մականունը[13]:
1919 թ. փետրվարի 15-ին կայացած 6-րդ նիստում վկա Ստեփանը ցուցմունքներ է տվել առ այն, որ նախ` Գյուլլեր, ապա` Էլեքչիլեր աքսորված հայերը կացիններով, քլունգներով և գերանդիներով սպանվել են տեղի գյուղացիների կողմից: Վկան հայտնել է, որ ջարդին ներկա են եղել նաև ամբաստանյալները, և որ կոտորվել է իրենց ողջ գյուղը[14]: Նույն նիստում հայերի կոտորածների փաստը հաստատող վկայություններ է տվել նաև տիկին Աննիկը, որը նշել է, թե առաջին և երկրորդ քարավաններից առանձնացվել են տղամարդիկ, իսկ երրորդից` գեղեցիկ կանայք, և մնացած հայերը` կոտորվել:
1919 թ. փետրվարի 18-ին կայացած 7-րդ նիստում հանդես եկած վկաներից Անկարայի 15-րդ կորպուսի հրամանատար, գնդապետ Հալիլ Ռեջային վկայել է, որ «ըստ մայոր Շահաբ բեյի<[16] ստացած ծածկագիր–հեռագրի` Բողազլըյանում բնաջնջվել էին 2-ից 3 հարյուր հայեր»[17].
«Հալիլ Ռեջայի– Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովում էլ են ինձ հարցրել, թե Բողազլըյանից հեռագիր ստացել եմ, թե ոչ: Կարծեմ` նման մի հեռագիր է ստացել Շահաբ բեյը, այն վերաբերել է 2-3 հարյուր հայերի բնաջնջմանը: Հեռագիրն ինձ մոտ չէ: Այն պետք է որ հղված լինի Կայսերիից Անկարա:
Դատախազ– Ի՞նչ պատճառներից ելնելով է Ռազմական գերատեսչությունը զբաղվել տեղահանության խնդիրներով:
Հալիլ Ռեջայի– Տեղյակ չեմ: Ինձ նման հեռագիր հասավ, ես էլ այն հանձնեցի գլխավոր հրամանատարությանը: Շահաբ բեյից չեմ հարցրել պատճառների մասին: (…)
Դատախազ– Որտեղի՞ց է Շահաբ բեյը նման տեղեկություն ստացել:
Հալիլ Ռեջայի– Բողազլըյանից»[18]:
Նույն նիստում լսել են նաև ազգությամբ հույն վկա Հրիսթաքի Անդրեյադիսին, որը հանդես է եկել հետևյալ վկայությամբ. «331 թ. (1915) հուլիսի 24-ին` ուրբաթ առավոտյան, հրաման եկավ, և Ջեմալ բեյը[19] տեղահանությունն սկսեց: Աքսորյալների առաջին խումբը հաջորդ օրը տարագրվեց Սվաս: Երկրորդ խումբը նույնպես Սվաս ուղարկվեց: Հայերի երրորդ խումբն աքսորվեց Կայսերի: Այդ ժամանակ Միություն և առաջադիմություն կուսակցության պատվիրակը[20] հայերին բնաջնջելու վերաբերյալ բանավոր հրամաններ տվեց: Ջեմալ բեյը չհամաձայնեց դրան: Գնաց Չորում: Լսեցինք, որ պաշտոնից հեռացվել է. նրան փոխարինեց Քեմալը: Լսեցինք, որ բնաջնջվել են միայն Բողազլըյանի հայերը: (…)
Այնուհետև ժողովրդին զույգ–զույգ տարել են Բաղլըջայի և Բեզլիհանի կողմերը: Լցրել են մի փարախի մեջ, որի շուրջը ճահճուտ է եղել, և այնտեղից երեք–երեք կամ հինգ–հինգ հանելով` սպանել: Փախած–թաքնվածներին էլ բացահայտելու նպատակով ասել էին, թե իսլամ ընդունածները փրկվելու են, սակայն երբ փախածները դուրս էին եկել իրենց թաքստոցներից, նրանց էլ էին կոտորել»[21]:
Յոզղատի դատաքննության 9-րդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. փետրվարի 22-ին, դատարանի նախագահ Հայրեթ փաշան դատական քարտուղարին խնդրում է ընթերցել մի շարք ծածկագիր հեռագրեր, որոնցից մեկում դիվիզիոնի հրամանատարը կորպուսին էր հաղորդում Բողազլըյանում 1500 հայերի սպանության մասին, իսկ մյուսում, որը կրում էր 207 համարը, նշվում էր, որ Բողազլըյանում և շրջակա բնակավայրերում բնաջնջվել էին 360 հայեր[22]:
Սույն դատական գործընթացի 10-րդ նիստում, որը կայացել է 1919 թ. մարտի 5-ին, վկաներից ունկնդրության է արժանացել Թոքաթի մութասարրիֆը, որը ասել է, թե հայերի սպանությունների փաստը հայտնի է եղել բոլորին[23]: Նույն նիստում որպես վկա լսվել է նաև վարչական տեսուչ Նեդիմ բեյը, որը հայտնել է, թե ըստ իրեն հասած խոսակցությունների` տարագրված 140 հոգանոց հայկական քարավանին գիշերը փակել են մի փարախում և գավազաններով ոչնչացրել: Վկան նաև շեշտել է, որ հայերին աքսորել են որոշ գյուղերից, և որ ճանապարհին նրանք ենթարկվել են ավազակախմբերի հարձակումներին[24]: Այս նիստում ևս ընթերցվել է Շահաբ բեյի զեկուցումը, ըստ որի` Բողազլըյանի տեղահանության ժամանակ կատարվել են սպանություններ և չարաշահումներ: Ներկայացվել է ևս երկու զեկուցում: Դրանցից առաջինում, որը հաղորդվել էր ժանդարմերիայի կողմից, նշվում էր, թե 36 հայերից 11-ը սպանվել էր հրոսակախմբերի կողմից, և մյուսները կոտորվել էին հետագայում, իսկ երկրորդ զեկուցումը, որի վրա նշված էր «գաղտնի» բառը, վերաբերում էր Բողազլըյանի տեղահանությանը[25]:
Յոզղատի դատավարության ընթացքում բացահայտվել է, որ հայերի քարավանները հսկելու նպատակով պետության կողմից ուղարկված մարդիկ ևս տեղի բնակչությանը հրահրել են հայերի դեմ: Այսպես` 1919 թ. մարտի 24-ի նիստում դատախազ Հարալամբո Էֆենդին ամբաստանյալ Քեմալին հարցրել է, թե հայերի քարավանները հսկելու և կարգուկանոնը պահպանելու նպատակով ուղարկված Աբդուլլահը ինչու էր խառնակչություններ հրահրել բնակչության մեջ: Դատախազը եզրակացրել է, թե պետական պաշտոնյաների առկայության պայմաններում պետության կողմից նման անձանց ևս ուղարկելը հատուկ նպատակ էր հետապնդել[26]:
Ամբաստանյալ Քեմալ բեյի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն` ինքը ստորադասներին հրամայել էր տեղահանությանը վերաբերող հրամանների մի մասն ընթերցելուց հետո այրել: Այդ մասին Քեմալին հիշեցվել է նաև 1919 թ. մարտի 24-ի նիստում: Թեև Քեմալ բեյը փորձել է հերքել իր իսկ ցուցմունքը, սակայն դատախազ Հարալամբո էֆենդին հաստատել է այդ փաստը.
«Նախագահ– Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովին Ձեր տված ցուցմունքների համաձայն` տեղահանությանը վերաբերող փաստաթղթերի մի մասը կարդալուց հետո այրելու հրաման է եղել, իսկ մնացա՞ծը որտեղ է:
Քեմալ բեյ– Բոլորն էլ պահպանվել են, էֆենդի‘: Ճիշտն ասած` այդ օրը շատ հոգնած էի. ութսուն հոգով մի վագոնում էինք: Եվ քանի որ քունս տանում էր, չգիտեմ` ինչպես եմ ցուցմունքներ տվել:
Դատախազ– Ես, Հետաքննիչ հանձնաժողովի անդամ լինելով, հայտնում եմ, որ ասվածը չի համապատասխանում իրականությանը. 3-4 ժամ մտածել է, հետո` գրել»[27]:
Միևնույն նիստում դատարանի նախագահի կողմից հիշատակվում է Յոզղատի հոգևոր առաջնորդի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` մյուֆթին փորձել է խրատել Քեմալին, իսկ վերջինս ասել է.«Դու կառավարությունից բարեգու՞թ ես»[28]:
Սույն դատաքննության ընթացքում ամբաստանյալները փորձում էին իրենց արդարացնել` վկայակոչելով կառավարության կողմից ստացված հրամանները: Դատալսումների ընթացքում նրանց տված ցուցմունքների համաձայն` կառավարությունը գոյության միջոցներ չէր տրամադրել հայերի քարավաններին[29]:
Յոզղատի դատավարության 1919 թ. մարտի 27-ի նիստի ժամանակ նույն փաստարկով է իրեն փորձում արդարացնել ամբաստանյալներից Քեմալ բեյը.
«Նախագահ– Ճի‘շտն ասա. հայերին բնաջնջելու մտադրությունները անձնակա՞ն, թե՞ մեկ այլ դրդապատճառ ունեին:
Քեմալ բեյ– Քա‘վ լիցի, փաշա‘, հայերին բնաջնջելու հրահանգ երբեք չեմ տվել:
Նախագահ– Մի՞թե Յոզղատը գործողությունների թատերաբեմից դուրս էր:
Քեմալ բեյ– Ո‘չ, էֆենդի‘:
Նախագահ– Ինչու՞ մի խումբ աքսորյալներ բռնագաղթեցվեցին առանց փոխադրամիջոցների, ծայրաստիճան չքավորության պայմաններում:
Քեմալ բեյ– Միջոցներ չկային, էֆենդի‘, ես կատարել եմ կառավարության կողմից ստացված հրամանը»[30]:
Միևնույն նիստում դատարանին ցուցմունքներ տված վկա Մեհմեդ բեյը, որն անգլոհպատակ գնդապետ էր, հայտնել է, թե ինքն անձամբ է տեսել, թե ինչպես են կացիններով ու դաշույններով հայերին կոտորում[31]: Մեհմեդ բեյը նշել է, որ հայերին կոտորել են Քարաքուշ լեռնահովտում[32]:
Դարձյալ 1919 թ. մարտի 27-ի նիստում հանդես եկած վկա, Սկյուտարի մութասարրիֆ Մեհմեդ Ալի բեյը չի բացառել հայերի կոտորածներին պաշտոնյաների և տեղի բնակչության մասնակցության հավանականությունը, սակայն, ըստ վկայի ցուցմունքի, դա հնարավոր էր կառավարության կողմից տրված գաղտնի հրամանի դեպքում միայն[33]:
1919 թ. ապրիլի 8-ին կայացած դատավճռով մահապատժի դատապարտված Մեհմեդ Քեմալը կախաղան է բարձրացվել երկու օր անց` ապրիլի 10-ին Ստամբուլի Բայազետ հրապարակում: Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալի մահապատիժը (1919 թ. ապրիլի 10) խիստ վրդովմունքի տեղիք է տվել թուրք հասարակության մեջ: Նախ` մահապատժի արարողությունն ինքնին կատարվել է ոչ ընդունված կարգով: Ըստ օրենքի` կախաղանի դատապարտվածը մահապատժի էր ենթարկվում նախքան արևածագը, դատապարտյալի մարմինը հրապարակում էր մնում ևս 5-6 ժամ, ապա` անշուք կերպով թաղվում: Մինչդեռ Քեմալի մահապատիժն ի կատար է ածվել կեսօրից հետո` ժամը 19:20-ին[34]: Արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոծ բազմություն: Մահապատժից հետո Քեմալի դիակը դրվել է Բայազետ մզկիթի լվացարանում, գործողություն, որն անթույլատրելի էր մահապատժի դեպքում[35]: Մահապատժի հաջորդ օրը մեծ շուքով կազմակերպվել է Քեմալի թաղման արարողությունը, որին մասնակցել են առավել քան 10 հազար ցուցարարներ: Ոճրագործը հռչակվել է «ազգային նահատակ», նրա այրին ու զավակները` վերցվել ազգային խնամակալության տակ և, ինչպես նշում է Արամ Անտոնյանը, «Այն թուրք ժողովուրդը որ հանրային հանգանակութեանց իր քսակը այն ատեն միայն կը բանայ, երբ վիզը կը սեղմեն, ինքնաբերաբար, 5-10 օրուան ընթացքին 20 հազար օսմ. ոսկի գումար մը հանգանակելով, յանձնեց Քէմալ պէյի այրիին»[36]:
Այսպիսով` Քեմալի պես ոճրագործների հերոսացման պատմությունը ձգվում է մինչև իր ապրած ժամանակները: Թեև օսմանյան մամուլում հրապարակված թուրքական ռազմական ատյանում կայացած դատական վերոհիշյալ վավերագրերի խոսուն վկայություններին` վստահ չենք, որ մեր հոդվածի շնորհիվ Մեհմեդ Քեմալի ոգեկոչման արարողության մասնակիցների թիվը պակասեց, չէ՞ որ հենց նման հայասպանների շնորհիվ է այսօրվա Թուրքիան դարձել «ազգային պետություն»:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[1]http://www.durde.org/2011/03/ermeni-soykirimi-yargi-onunde/.
[2] Ֆեյյազ Ալին բանտից ազատ է արձակվել, որպեսզի հնարավորություն ունենա ներկայանալ մեկ այլ շրջանում գտնվող դատարանին, որը պետք է քններ իր գործը, սակայն նա ուղևորվել է Անկարա և պատգամավոր ընտրվել նորաբաց Անկարայի Ազգային ժողովում, տե’ս Vahakn N. Dadrian, Taner Akçam, “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i Örfî Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, İstanbul, 2008, s. 194.
[3] Takvîm-i Vekayi, No 3617, 7 Ağustos 1919 ss. 1-2.
[4] Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, Նիւ Եորք, 1980, էջ 66:
[5] Անդ, էջ 125:
[6] Tarihî Muhakeme, “Alemdar”, 10 Şubat 1919.
[7] Անդ:
[8] Անդ: 1915 թ. մարտի 2/15-ի գաղտնի հրահանգի համաձայն` Դեր Զոր աքսորմանը ենթակա էին նաև օտարահպատակ հայերը, տե’ս Արսեն Ավագյան, 1915 թ. Օսմանյան Թուրքիայում օտարահպատակ և վատառողջ հայերի տեղահանման խնդրի վերաբերյալ (թուրքական արխիվի մեկ փաստաթղթի հիման վրա), ՙԲանբեր Հայաստանի ախրիվների՚, թիվ 2 (106), Երևան, 2005, էջ 194-197:
[9] Tarihî Muhakeme, “Alemdar”, 12 Şubat 1919.
[10] Անդ:
[11] Tarihî Muhakeme, “Alemdar”, 13 Şubat 1919.
[12] Անդ:
[13] Անդ:
[14] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 16 Şubat 1919.
[15] Անդ:
[16] Շահաբ բեյը եղել է Կեսարիայի 15-րդ կորպուսի հրամանատարը:
[17] Tarihî Muhakeme, “Alemdar”, 19 Şubat 1919.
[18] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 19 Şubat 1919.
[19] Յոզղատի մութասարրիֆը:
[20] Յոզղատում Միություն և առաջադիմություն կուսակցության պատվիրակը եղել է Նեջաթի բեյը:
[21] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 19 Şubat 1919.
[22] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 23 Şubat 1919. Սույն նիստում ընթերցված մյուս ծածկագիր հեռագրի մասին տե’ս Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, էջ 61:
[23] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 6 Mart 1919.
[24] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 7 Mart 1919.
[25] Անդ:
[26] Divan-ı Harb’de Tehcîr Muhakemesi Başladı, “Alemdar”, 25 Mart 1919.
[27] Անդ:
[28] Անդ:
[29] Անդ:
[30] Tehcîr ve Taktil Muhakemesi, “Alemdar”, 28 Mart 1919
[31] Անդ:
[32] Katl ve Tehcîr Da’vâsı, “Memleket”, 28 Mart 1919.
[33] Tehcîr ve Taktil Muhakemesi, “Alemdar”, 28 Mart 1919.
[34] Kemal Bey İdam Olundu, “Alemdar”, 11 Nisan 1919.
[35] Գրիկէր, Եոզղատի Հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, էջ 330:
[36] Արամ Անտոնյան, Մեծ ոճիրը, Պօսթըն, 1921, էջ 272:
Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու