ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը (ԱԳՆ) խստօրէն դատապարտեց Ատրպէյճանի կողմէ հայ ռազմագերիներու եւ առեւանգուած քաղաքացիներու հանդէպ կեղծ մեղադրանքներու հիման վրայ քրէական հետապնդումները։
Նախարարութենէն յայտնեցին, որ, միջազգային իրաւունքներուն համաձայն, ռազմագերիները չեն կրնար պատասխանատուութեան ենթարկուիլ պատերազմական գործողութիւններուն մասնակցելնուն համար: Նախարարութեան հրապարակած այտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը. «Միաժամանակ, ելնելով հայերի հանդէպ Ադրբեջանում տարածուած ծայրայեղ ատելութեան եւ պետական մակարդակով հովանաւորուող ցեղապաշտական քաղաքականութիւնից՝ ակնյայտ է, որ իրականացուող դատավարութիւնները չեն կարող լինել արդար եւ թափանցիկ: Վերը նշուածը, ինչպէս նաեւ քաղաքացիական անձանց պատանդ վերցնելն ու առեւանգելը հանդիսանում են միջազգային իրաւունքի բազմաթիւ նորմերի կոպտագոյն խախտումներ: Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդառուած քաղաքացիների իրական թուերի եւ պահման վայրերի թաքցնելը նոյնպէս պատերազմական եւ մարդկութեան հանդէպ հանցագործութիւնների կատարման լուրջ վկայութիւն են: Ադրբեջանը շարունակում է կոպտօրէն խախտել իր կողմից վաւերացուած մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թւում՝ Մարդու իրաւունքների եւրոպական ուխտը, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքի մասին ՄԱԿի դաշնագիրը, Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի եւ պատժի դէմ ՄԱԿի ուխտը եւ, մասնաւորապէս՝ Ժընեւի երրորդ ուխտը:
Ելնելով վերոյիշեալից՝ խստօրէն դատապարտում ենք Բաքուի դատարանի՝ Յունիսի 14ին հրապարակուած ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի եւ Լիբանանի քաղաքացի Վիգէն Էօլչեքճեանին 20 տարով ազատազրկելու վերաբերեալ: Վերջինս առեւանգուել է ադրբեջանական զինուած ուժերի կողմից 2020 թ. Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեան ստորագրման յաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացուել է ճնշման եւ խոշտանգումների արդիւնքում կորզուած իբր «խոստովանական ցուցմունքներ»ի վրայ: Դատապարտելի է նաեւ Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեան առաջին կէտի խախտման արդիւնքում Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողութեան տակ գտնուող Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերում Ադրբեջանի կողմից իրականացուած ռազմական գործողութեան հետեւանքով գերեվարուած զինուորականների հանդէպ կեղծ քրէական գործերի հարուցումը եւ քրէական հետապնդման իրականացումը: Յունիսի 15ին Արցախի Հանրապետութեան` Ադրբեջանի կողմից բռնագրաւուած Շուշի քաղաք այցելութեան շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած երկխօսութեան տեսագրութիւնը փաստում է, որ յետ-պատերազմեան շրջանում գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործւում է քաղաքական նպատակներով՝ որպէս Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք, ինչը նաեւ Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեան բացայայտ խախտում Է։ Այս փաստը հերթական անգամ վկայում է ստանձնած պարտաւորութիւնները չկատարելու Ադրբեջանի հետեւողական քաղաքականութեան մասին: Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպէս նաեւ իրաւապաշտպան կառոյցներին խստօրէն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումները եւ պահանջել շինծու քրէական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափոյթ հայրենադարձումը»։