ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենի Հոլմենս եկեղեցում հունիսի 1-ին տեղի է ունեցել տոնական համերգ և հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:
Միջոցառմանը մասնակցել են Դանիայի արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակադեմիական ու գործարար շրջանակների, ինչպես նաև Դանիայի հայ համայնքի անդամներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով իր խոսքում անդրադարձել է անկախության ճանապարհին Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին ու ձեռքբերումներին:
Համերգի ընթացքում ճանաչված երաժիշտներ դաշնակահար Մարիաննա Շիրինյանն ու ջութակահար Հրաչյա Ավանեսյանը հանդես են եկել Շոպենի, Շուբերտի, Բիզեի, Բարտոկի ու Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ, որոնք արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատանքին: