ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- 9 Նոյեմբեր 2020ի յայտարարութեան առաջին տարեդարձին առիթով այս մասին հաղորդագրութիւններ հրապարակեցին Հայաստանի եւ Արցախի արտաքին գործոց նախարարութիւնները։
Ստորեւ՝ Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան հաղորդագրութիւնը.
«44օրեայ պատերազմը, որն ուղեկցւում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական եւ մարդու իրաւունքների լայնածաւալ խախտումներով, քաղաքացիական ենթակառուցուածքների եւ մշակութային յուշարձանների միտումնաւոր թիրախաւորմամբ, արգելուած զինատեսակների կիրառմամբ եւ պատերազմական այլ յանցագործութիւններով, յանգեցրեց հազարաւոր զոհերի եւ տասնեակ հազարաւոր վիրաւորների, տեղահանուածների եւ աւերածութիւնների: Պատերազմի հետեւանքով Արցախի մի շարք շրջաններ ենթարկուեցին ցեղային զտման, իսկ բնակչութիւնը դարձաւ Ադրբեջանի կողմից իրականացուած ռազմական յանցագործութիւնների եւ զանգուածային ոճրագործութիւնների զոհ: Մասնաւորապէս` պատերազմի հետեւանքով 40 հազար մարդ զրկուել է տնից եւ ունեցուածքից, աւերուել են աւելի քան 17,000 քաղաքացիական օբյէկտներ (կառոյցներ) ու ենթակառուցուածքներ, հարիւրաւոր քաղաքացիական անձինք սպանուել կամ վիրաւորուել են, իսկ շատերի ճակատագիրը դեռեւս մնում է անյայտ:
«Հայաստանը եւ Արցախը հետեւողականօրէն կեանքի են կոչել եռակողմ յայտարարութեան դրոյթները, մինչդեռ եռակողմ յայտարարութեան ստորագրումից ընդամէնը մէկ ամիս անց` ի հեճուկս ստորագրման պահին զբաղեցրած դիրքերում կանգ առնելու յանձնառութեան, Ադրբեջանի զինուած ուժերը ներխուժեցին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերը` սպանելով ու գերեվարելով հայ զինծառայողների: Աւելին` փաստաթղթում նշուած շրջաններից հայկական զօրքերի դուրսբերումից յետոյ ադրբեջանական կողմը պատասխանեց այդ նոյն տարածքներից ՀՀ ինքնիշխան տարածք իր զինուած ուժերի ներթափանցմամբ եւ շարունակուող ապօրինի տեղակայմամբ:
«Ադրբեջանը դեռեւս չի իրականացրել Նոյեմբերի 9ի յայտարարութեան 8-րդ կէտը` պատանդառութեան մէջ պահելով բազմաթիւ հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահուող անձանց, ինչը ոչ միայն եռակողմ յայտարարութեան, այլեւ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտում է:
«Պարբերական բնոյթ են կրում ադրբեջանական զինուած ուժերի կողմից եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, որոնք ուղեկցւում են ոչ միայն Հայաստանի զինուած ուժերի եւ Արցախի պաշտպանութեան բանակի դիրքերի, այլեւ խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց թիրախաւորմամբ` յանգեցնելով եʹւ մարդկային, եʹւ նիւթական կորուստների:«Միտումնաւոր խեղաթիւրելով եւ կամայականօրէն մեկնաբանելով 2020թ Նոյեմբերի 9ի եւ 2021 թ. Յունուարի 11ի եռակողմ յայտարարութիւնների` տարածաշրջանում ենթակառուցուածքների ապաշրջափակման վերաբերեալ դրոյթները` Ադրբեջանը շրջանառում է, այսպէս կոչուած, «միջանցքի» գաղափարը եւ սպառնում ուժի կիրառմամբ, ինչը ոչ միայն հակասում է նշուած յայտարարութիւնների տառին եւ ոգուն, այլեւ միտուած է տարածաշրջանում լարուածութեան նուազեցմանն ուղղուած ջանքերի խաթարմանը:
«Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան կողմից բացայայտ կերպով վարուող շարունակական հայատեաց քաղաքականութիւնը, ուժի կիրառման արդիւնքում Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած Արցախի տարածքներում ցեղային զտումները, հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան ոչնչացումն ու պղծումը, ինչպէս նաեւ միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների` Արցախ մուտքի խոչընդոտումը վկայում են, որ Արցախի հայութեան` իրենց հայրենի հողում անվտանգ եւ արժանապատիւ ապրելու իրաւունքի երաշխաւորումն անհնար է Ադրբեջանի իրաւասութեան կամ վերահսկողութեան ներքոյ:
«Ադրբեջանի կողմից Արցախի եւ նրա ժողովրդի դէմ ուժի կիրառման հետեւանքով ձեւաւորուած իրողութիւնները չեն կարող հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման համար: Ադրբեջանի այն պնդումները, թէ պատերազմի արդիւնքում միջազգային ասպարէզում այլեւս գոյութիւն չունի ոչ միայն ԼՂ հակամարտութիւնը, այլեւ Լեռնային Ղարաբաղը, նոյնպէս նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան խախտում է, քանի որ հէնց եռակողմ յայտարարութեան մէջ Լեռնային Ղարաբաղը ներկայացուած է որպէս տարածքային միաւոր:
«Միայն 2020 թ. Նոյեմբերի 9ի եւ 2021 թ. Յունուարի 11ի եռակողմ յայտարարութիւնների լիակատար իրագործումը, մասնաւորապէս` առաջնային կարեւորութիւն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգաւորումը, նախ եւ առաջ` բոլոր ռազմագերիների, պատանդների եւ այլ պահուող անձանց անվերապահ հայրենադարձումը, անյայտ կորած անձանց ճակատագրի բացայայտումը եւ բռնի անհետացումների դէպքերի հետաքննութիւնը, հայկական մշակութային ու կրօնական ժառանգութեան պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի լիարժէք վերականգնումը կարող են նախադրեալներ ստեղծել տարածաշրջանում տեւական խաղաղութեան եւ կայունութեան ապահովման համար:
«Հակամարտութեան համապարփակ եւ տեւական լուծումը հնարաւոր է միայն ԷԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան մանդատի ներքոյ խաղաղ բանակցութիւնների միջոցով, ինչը ենթադրում է Արցախի կարգավիճակի յստակեցում եւ տեղահանուած արցախահայութեան` Արցախի ողջ տարածքում իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում եւ Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ազատ ու արժանապատիւ ապրելու իրաւունքի իրացում` հիմնուած ժողովուրդների իրաւահաւասարութեան ու ինքնորոշման իրաւունքի վրայ:
«Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամութիւնը գործնական ջանքեր գործադրելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման, քայլ առ քայլ թշնամանքի մթնոլորտի յաղթահարման, տարածաշրջանում կայունութիւն եւ խաղաղ զարգացման դարաշրջանի բացման ուղղութեամբ: Միաժամանակ գործընթացի արդիւնաւէտութեան համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը եւս կառուցողական դիրքորոշում որդեգրի` հրաժարուելով հայատեացութեան, ագրեսիւ (յարձակողապաշտ) հռետորաբանութեան եւ գործողութիւնների իր քաղաքականութիւնից»:
Ստորեւ՝ Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան հաղորդագրութիւնը.
«Մէկ տարի առաջ` 2020 թ. Նոյեմբերի 9ին, Ռուսաստանի Դաշնութեան միջնորդական ակտիւ ջանքերի շնորհիւ ստորագրուել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ յայտարարութիւնը: Այն թոյլ է տուել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների եւ Մերձաւոր Արեւելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցութեամբ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծուած 44օրեայ զինուած ագրեսիային, ինչպէս նաեւ հիմք է հանդիսացել Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի մուտքի համար` ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում խաղաղութեան պահպանման նպատակով: Եռակողմ յայտարարութիւնը կարեւոր նշանակութիւն ունի Արցախի Հանրապետութեան հետպատերզմեան վերականգնման համար պայմանների ապահովման տեսանկիւնից:
«44օրեայ աւերիչ ագրեսիայի արդիւնքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետութեան տարածքների զգալի մասը, այդ թւում` պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը: Մարտական գործողութիւնների ընթացքում ադրբեջանական բանակը բազմաթիւ ռազմական յանցագործութիւններ է կատարել, այդ թւում` քաղաքացիական օբյեկտների դիտաւորեալ թիրախաւորում, ռազմագերիների եւ գերեվարուած քաղաքացիական անձանց խոշտանգումներ եւ արտադատական սպանութիւններ, էթնիկ զտումներ, պատմամշակութային յուշարձանների եւ եկեղեցիների դիտաւորեալ աւերում եւ ոչ ընտրողական բնոյթի զէնքի կիրառմամբ բնակավայրերի թիրախաւորում, ինչն արգելուած է միջազգային իրաւունքով:
«Նոյնիսկ 2020 թուականի Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ Ադրբեջանը չդադարեցրեց միջազգայնօրէն ապօրինի գործողութիւնները, մասնաւորապէս, շարունակեց ագրեսիւ, յարձակողական գործողութիւնները, զինուորականների եւ քաղաքացիական անձանց գերեվարումը, դիտաւորեալ սպանութիւնների իրականացումը, եկեղեցիների եւ, ընդհանրապէս, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումն բռնագրաւուած տարածքներում:
«Այդ կապակցութեամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման, սեփական միջազգային պարտաւորութիւնների կոպտագոյն խախտման, միջազգային մարդասիրական իրաւունքի եւ մարդու իրաւունքների նորմերի համակարգուած եւ զանգուածային ոտնահարումների հետեւանքով ստեղծուած իրավիճակը չի կարող հիմք հանդիսանալ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համար:
«Յայտնի է, որ միջազգային իրաւունքի նորմերն (կանոնները) արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդիւնք հանդիսացող ցանկացած տարածքային նուաճում: Աւելին, ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներից մէկը` ժողովուրդների իրաւահաւասարութիւնն ու ինքնորոշումը, որն ամրագրուած է ՄԱԿի Կանոնադրութեան մէջ եւ այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում:
«Պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան համապարփակ կարգաւորման եւ տարածաշրջանում կայուն ու տեւական խաղաղութեան հաստատման անկիւնաքարը Արցախի ժողովրդի կողմից իրացուած ինքնորոշման անքակտելի իրաւունքի ճանաչումն է եւ այն տարածքների դէօկուպացիան, որոնց վրայ արցախահայութիւնն ինքնորոշուել է, ստեղծել անկախ պետականութիւն եւ զարգացրել այն»: