Հայկական միջնաշխարհը` Արարատեան բարեբեր դաշտավայրը եւ նրա շրջակայքը, որոնք այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան տարածքի մեծ մասն են կազմում, հայ ժողովրդի չորսհազարամեայ պատմութեան ընթացքում մի քանի անգամ հայազրկուել կամ հայերից նօսրացել են օտար նուաճողների ասպատակութիւնների պատճառով:
Հայաստանի մայրաքաղաքներից միայն երկուսը` Վան-Տուշպան եւ Տիգրանակերտն են, որոնք չեն գտնուել Արարատեան դաշտավայրում, կամ` նրան մօտ տարածքներում: Միւսները գտնուել են կամ այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան տարածքում, կա՛մ եզրին: Ահա դրանք ըստ հերթականութեան` Արմաւիր, Երուանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ, Դուին, Բագարան, Շիրակաւան, Կարս, Անի, Երեւան: Այս իրողութիւնը ցոյց է տալիս, թէ որքան կենսական նշանակութիւն է ունեցել Արարատեան դաշտավայրը հայ ժողովրդի համար: Այսօր էլ Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան մեծագոյն մասը` շուրջ երկու միլիոն հայեր, բնակւում են մայրաքաղաք Երեւանում կամ շրջակայ տարածքներում:
1600-ական թուականների սկզբներին պարսից Շահ Աբաս թագաւորը Կարսից մինչեւ Նախիջեւան ընկած տարածքների հայ բնակչութեան մեծագոյն մասին ստիպողաբար գաղթեցրեց դէպի Պարսկաստանի խորքերը: Նախքան Շահ Աբասը` Արարատեան դաշտավայրը եւ նրա բնակչութիւնը ենթարկուել էին արաբների, թուրք-սելճուկների, մոնկոլ-թաթարների, գարագոյունլու եւ ագգոյունլու թուրքմենական ցեղերի ասպատակութիւններին, սակայն Շահ Աբասն էր, որ հայութիւնից գրեթէ ամայացրեց հայկական միջնաշխարհը` Արարատեան բարեբեր դաշտավայրն ու շրջակայ հողերը:
Միայն 1828 թուականից յետո, երբ պետականութիւն չունեցող Արեւելեան Հայաստանի տարածքները անցան Ռուսաստանի տիրապետութեան տակ, կրկին հայերը սկսեցին հաւաքուել Արարատեան դաշտավայրում: Այսպէս, 1916 թուականի ռուսական մարդահամարի տուեալներով, Երեւանի նահանգում բնակչութեան ընդհանուր թիւը կազմում էր մէկ միլիոն 120 հազար, որից 60 տոկոսը կամ 670 հազարը հայեր էին, միւս 40 տոկոսը` հիմնականում մահմետականներ` թաթարներ (ազերիներ), թուրքեր, պարսիկներ եւ քրտեր:
Հայաստանի Ա. Հանրապետութեան երկուսուկէս տարիների ընթացքում ճշգրիտ մարդահամար անց չի կացուել, սակայն ընդունուած է ասել, որ 1918-1921 թուականներին Հայաստանն ունեցել է շուրջ մէկ միլիոն բնակչութիւն` հայեր եւ այլազգիներ:
1921-1991 թուականներին Հայաստանը խորհրդային հանրապետութիւն էր: 1922 թուականի դեկտեմբերի 30-ին Խորհրդային Հայաստանը Խորհրդային Վրաստանի եւ Խորհրդային Ազրպէյճանի հետ կազմաւորեց Անդրֆետերացիան, որը, որպէս տարածքային մէկ ընդհանուր միաւորում, Թիֆլիս վարչական կենտրոնով, մաս կազմեց Խորհրդային Միութեանը: 1936-ին Անդրֆետերացիան լուծարուեց, իսկ երեք հանրապետութիւնները արդէն որպէս առանձին միաւորներ մաս կազմեցին ԽՍՀՄ-ին:
Խորհրդային Միութեան տարիներին Հայաստանում անց է կացուել վեց մարդահամար` առաջինը 1926-ին, ապա 1939-ին, 1959-ին, 1970-ին, 1979-ին եւ վերջինը` 1989-ին: Այդ մարդահամարի տուեալները ցոյց են տալիս, որ Խորհրդային Հայաստանում եօթ տասնամեակների ընթացքում հայութեան թիւը աւելացել է մօտ չորս անգամ: Հաւանաբար դժուար է գտնել հայոց պատմութեան մէկ այլ ժամանակահատուած, երբ հայերի թուաքանակը 70 տարուայ ընթացքում չորս անգամ աւելացած լինի` ընդամէնը 30 հազար քառակուսի քիլոմեթր տարածքի վրայ անցնելով երեք միլիոնից:
1926 թուականի մարդահամարի տուեալներով, Խորհրդային Հայաստանում բնակչութեան թիւը մէկ միլիոնից պակաս էր` շուրջ 900 հազար, որից հայութեան թիւը մօտ 744 հազար էր, կամ` բնակչութեան գրեթէ 85 տոկոսը: Հայերից յետոյ երկրորդ տեղում մահմետականներն էին` ազերիներն ու քրդերը, բնակչութեան մօտ 10 տոկոսը:
Խորհրդային Հայաստանի երկրորդ` 1939-ի մարդահամարի տուեալներով, հանրապետութիւնում բնակչութեան թիւը կազմեց 1 միլիոն 282 հազար, որից հայերը` 1 միլիոն 62 հազար:
Խորհրդային Հայաստանը մեծ մասնակցութիւն ունեցաւ Բ. Աշխարհամարտին` տալով աւելի քան 250 հազար զոհ, սակայն բնակչութեան թիւը չնուազեց: 1959 թուականի մարդահամարի տուեալներով, Խորհրդային Հայաստանում բնակչութեան թիւը հասաւ 1 միլիոն 763 հազարի, որից հայերը` 1 միլիոն 552 հազար: Այստեղ պէտք է շեշտել, որ Խորհրդային Հայաստանի ամենադժուարին տարիներին տեղի ունեցաւ շուրջ 100 հազար սփիւռքահայերի ներգաղթ` Իրանից, Սուրիայից, Լիբանանից, Յունաստանից ու բազմաթիւ այլ երկրներից: Խորհրդային Հայաստանում բնակութիւն հաստատեցին նաեւ հազարաւոր հայեր ԽՍՀՄ տարբեր շրջաններից` Վրաստանից, Ազրպէյճանից, Ռուսաստանից:
1970-ի մարդահամարի տուեալներով, Խորհրդային Հայաստանում բնակչութեան թիւը գրեթէ 2.5 միլիոն էր, որից հայերի թիւը` 2.2 միլիոն: Առաջին անգամ Խորհրդային Հայաստանում բնակչութեան թիւը երեք միլիոնն անցաւ 1979-ին: Այդ տարուայ մարդահամարի տուեալներով, հայերի թիւը կազմեց աւելի քան 2.7 միլիոն, մօտաւորապէս այնքան, որքան Հայաստանի բնակչութիւնն է այսօր` 2013-ին:
Խորհրդային Հայաստանում վերջին մարդահամարը անցկացուեց 1989-ին, երբ ԽՍՀՄ-ը գնում էր դէպի փլուզում, երբ սկսուել էին հայ-ազպէյճանական ընդհարումներն ու ժողովուրդների ստիպողական տեղաշարժերը: Ըստ այդ մարդահամարի տուեալների, Հայաստանում բնակչութեան թիւը 3.3 միլիոն էր:
Հայաստանի 1991-ի անկախութիւնից ի վեր անց է կացուել երկու մարդահամար` 2001-ին եւ 2011-ին: Ըստ 2001-ի մարդահամարի, Հայաստանի բնակչութեան թիւը 3.4 միլիոնից աւելի էր: Այս թիւը չէր կարող իրականութեանը մօտ լինել, քանի որ հարիւր հազարաւոր հայաստանցիներ, որոնք նախորդ 10 տարիներին հեռացել էին Հայաստանից, շարունակում էին հաշուառուած մնալ Հայաստանում: Ըստ որոշ տուեալների, 2001-ին Հայաստանի բնակչութեան թիւը պէտք է 3 միլիոնից պակաս լինէր:
2001-2008 թուականներին, երբ Հայաստանի տնտեսութիւնը աճում էր երկնիշ թուերով, արտագաղթը, կարելի է ասել գրեթէ դադարեց: Սակայն 2008-ից, երբ Հայաստանի տնտեսութիւնը դանդաղեց, ապա եւ արձանագրեց գրեթէ 15 տոկոս տնտեսական անկում, սկսուեց արտագաղթի նոր ալիք: 2011-ի մարդահամարի տուեալներով, Հայաստանում հաշուառուած բնակչութեան թիւը (ինչպէս ներկաները, այնպէս էլ հանրապետութիւնից բացակայողները) 3 մլն 285 հազար էր, որից Հայաստանում բնակւում էր շուրջ 2 մլն 871 հազարը:
Այսօր Հայաստանի առջեւ ծառացած լրջագոյն մարտահրաւէրներից է երկրի ժողովրդագրական վիճակը, աւելի յստակ` հանրապետութիւնից բնակչութեան չդադարող արտագաղթը: Եթէ Հայաստանը շրջափակուած չլինէր ոչ բարեկամ երկրներով, չլինէր Արցախի հարցը, իսկ հայկական բանակը չունենար համալրման խնդիր, ապա, հաւանաբար, ժողովրդագրական վիճակը չէր դառնայ հայկական լրատուամիջոցների ու երկրի ապագայով մտահոգ պետական, հասարակական-քաղաքական գործիչների ուշադրութեան կենտրոնում: Այսօր Հայաստանի ժողովրդագրական պատկերը ազգային անվտանգութեան խնդիր է առաջին հերթին:
Գալիք նախագահական ընտրութիւնները, որքան էլ դրանք ձեւական բնոյթ ունենան, թեկնածուների համար լաւ առիթ է, որպէսզի բարձրաձայնեն արտագաղթի թեման: Հայաստանից չդադարող արտագաղթի իրողութիւնը (որքան էլ պաշտօնական շրջանակները պնդեն, թէ արտագաղթը մտահոգիչ չափերի չի հասել) նաեւ սփիւռքի օրակարգի առաջնային հարց պիտի լինի: Հայաստանից շարունակուող արտագաղթի թեման սփիւռքի օրակարգային ոչ պակաս կարեւոր խնդիր պէտք է լինի, այնպէս, ինչպէս հայ-թուրքական յարաբերութիւնները, Հայոց ցեղասպանութեան կամ արցախեան հակամարտութեան խնդիրները:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ