ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Ադրբեջանում ստեղծուել է այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջանի վտարանդի կառավարութիւն»: Խօսքը Հայաստանի տարածքի մասին է: Նախաձեռնութիւնը թուրք-ադրբեջանական է, ու թէեւ այն հանրային է, այդուհանդերձ կասկածից վեր է, որ վայելում է պետական հովանաւորութիւն եւ ինչ որ պահի գուցէ նոյնիսկ տեղի կ’ունենայ ֆորմալ (պաշտօնական- Խմբ.) կապը:
Առաւել եւս, երբ ոչ միայն Արցախի, այլեւս Հայաստանի հանրապետութեան ամբողջ տարածքի նկատմամբ նկրտումները Բաքւում բարձրաձայնուել են պարբերաբար՝ նախագահի մակարդակով: Այդպիսով, դրանք փաստօրէն «ինստիտուցիոնալացւում» (կառուցային կը դարձուին- Խմբ.) են, ընդ որում թուրքական աջակցութեամբ:
Առերեւոյթ, հայկական պետականութեան համար չկայ ոչ մի նոր բան՝ լինի այդպիսի կազմակերպութիւն, թէ չլինի, հայկական պետականութեան խնդիրն ու Հայաստան-Արցախ շրջանակով անվտանգութեան էքզիստենցիալ (գոյութենական- Խմբ.) սպառնալիքը անփոփոխ է, ընդ որում թէ Ադրբեջանից, թէ Թուրքիայից:
Թւում է, որ թուրք-ադրբեջանական նախաձեռնութիւնը Արեւմտեան Հայաստանի կառավարութեան նախաձեռնութեան հայելային պատկերումն է, թէեւ Արեւմտեան Հայաստան ասուածը խոշոր հաշուով համաշխարհային պատմայ-քաղաքական վաւերագրութիւն ունեցող հասկացութիւն է, ի տարբերութիւն թուրք-ադրբեջանական մտավարժանքին:
Բայց դա թերեւս առաջին հայեացքից կարող է լինել հայելային կրկնութիւն: Տուեալ պարագայում խօսքը քաղաքական հնարքի մասին է, որն ի հարկէ կարող է լինել բլեֆ (սուտ- Խմբ.), միեւնոյն ժամանակ սակայն կարող է եւ լինել որոշակի խաղի մեկնակէտ, որ կը ծաւալուի առնուազն Թուրքիայ, Ադրբեջան, Ռուսաստան մակարդակում:
Խիստ յատկանշական է, որ «արեւմտեան ադրբեջանի» այսպէս կոչուած «յայտատուները» խօսում են ոչ միայն Երեւանի կամ Սիւնիքի մասին: Նրանք խօսում են նաեւ Գիւմրու մասին, ինչը ուղղակի ցցուն վկայում է, որ ակնարկի «հասցէատէրը» Ռուսաստանն է, որը Գիւմրիում ունի ռազմակայան:
Մեծ հաշուով, Անկարան ու Բաքուն ըստ երեւոյթին պատրաստւում են Ռուսաստանի հետ մեծ առեւտրի՝ Մոսկուայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի 100րդ տարելիցին ընդառաջ:
Արցախում հայկական յաղթանակը փաստացի պատռել է այդ պայմանագիրը, կողմերին դնելով պարզ իրողութեան առաջ՝ կամ վերականգնել, կամ վերջիվերջոյ ազդարարել դրա աւարտը: Հայկական բանակը տապալեց 2016ին այն վերականգնելու փորձը:
Կողմերը անշուշտ ձգտելու են դրան վերադառնալուն, յամենայն դէպս Ռուսաստանում կան այդ տրամադրութիւնն ու տրամաբանութիւնը կրող ազդեցիկ շրջանակներ:
Այդ պայմանագիրը հայկական պետականութեան շուրջ ականապատ տարածութիւն է, որը պէտք է ականազերծուի: Ադրբեջանի թուրք-ադրբեջանական վիրտուալ (ոչ-իրական-Խմբ.) պահանջներին Հայաստանը պէտք է հակադրի իրական քաղաքական պահանջները՝ դնելով դրանք Ռուսաստանի առաջ, որպէս մի կողմից հակահայկական պայմանագրի կողմ, միւս կողմից՝ Հայաստանի իբրեւ դաշնակից:
«ԼՐԱԳԻՐ»