Հայ Երիտասարդաց Ընկերակցության մամուլի եւ տեղեկատուութեան պատասխանատու Ահարոն Շխրտըմեանի հարցազրոյցը ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ:
-Հարց. Հայ լրագրողներու ութերորդ համաժողովը ի՞նչով կտարբերէր իր նախորդներէն
-Պատ. Պետք է ասեմ, որ տարբերվում էր նախ և առաջ՝ իր թեմատիկայով, բովանդակությամբ, որն արտացոլված է նաև համաժողովի խորագրում՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք»: Սա նշանակում է, որ Հայաստանի անկախությունից հետո, իրո՛ք, Հայոց պետությունը դարձել է հայկական սփյուռքի, հայկական աշխարհի համար համախմբման, միասնության կարևորագույն առանցք, որը բոլորի հայացքը դարձրել է դեպի Հայրենիք: Դրա ակնառու ապացույցը ապրիլյան պատերազմի օրերին դրսևորած մեր միասնականությունն էր, որի ժամանակ ամբողջ հայությունը, այդ թվում և լրագրողական աշխարհը, միավորվեց, համախմբվեց և կարողացավ թիկունք կանգնել Արցախին: Իզուր չէ ասված. Ժողովոուրդը մեկ օրում Ազգ դարձավ: Եվս մեկ անգամ դրսևորվեց մեր ազգային լավագույն բնավորությունը, ցավի, վտանգի դեպքում միասնաբար գործելու կամքն ու վճռականությունը: Այս հզոր ուժը, համատեղ Հայրենիքին պաշտպան կանգնելու ձգտումը պետք է կարողանանք ճիշտ ձևով օգտագործել՝ հանուն Հայաստանի հզորացման և կայունացման, հայության և հայ ժողովրդի ապահով և անվտանգ ապագայի: Կարծում եմ՝ մենք շատ անելիքներ ունենք Հայաստանի և Արցախի առջև ծառացած համաշխարհային, տարածաշրջանային և ներքին մարտահրավերներին դիմակայելու համար: Անչափ կարևոր է լրագրողների կողմից ճշմարիտ, անաչառ, հրատապ լրատվության, տեղեկատվության տարածումը, սփյուռքյան հիմնահարցերը բարձրացնելը, ներկայացնելը, հետևողական լինելը, դրանց հետևից գնալը և հնարավոր լուծումներ գտնելը:
Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ համաժողովին մասնակցում էին շատ ավելի մեծ թվով երիտասարդներ, այդ թվում՝ օտարալեզու ԶԼՄ-ներում աշխատողներ, որոնք համաժողովի ընթացքում բարձրացրեցին կարևոր հարցեր: Նրանցից շատերն առաջին անգամն էին մասնակցում նման համաժողովի, հետևաբար դա նրանց համար ծանոթություններ և կապեր ստեղծելու հրաշալի հարթակ էր:
Համաժողովի գլխավոր առավելությունն այն էր, որ տեղի ունեցավ ոչ միայն Երևանում, այլ շարունակվեց Ստեփանակերտում ու մասնակից լրագրողները հնարավորություն ունեցան սեփական աչքերով տեսնել Արցախի ներկա կյանքը, ծանոթացան երկրի պաշտպանության համակարգին, նրա առօրյային, ինչը վստահաբար, կօգնի նրանց՝ ԼՂՀ-ն ներկայացնել ոչ միայն որպես հակամարտության գոտի, այլև կենսունակ, զարգացող երկիր` իր խնդիրներով ու նվաճումներով, դժվարություններով, մարտահրավերներով և հերոսական ժողովրդով:
Արցախում անցկացված նիստերը հնարավորություն ընձեռեցին նաև սերտացնելու համագործակցությունը տեղի ԶԼՄ-ների հետ և կնքվեցին համագործակցության մի շարք պայմանագրեր:
Եվ, վերջապես, լրագրողները առիթ ունեցան հանդիպել ՀՀ և ԼՂՀ նախագահներին, Հայաստանի նոր վարչապետին, ծանոթանալ ՀՀ կառավարության ծրագրին և նախատեսվող բարեփոխումներին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
– Հարց. Համաժողովի եզրափակիչ հաղորդագրութեան մէջ յստակօրէն արձանագրուած էր Հայաստանի եւ Արցախի բարգաւաճման աշխատանքներուն մասնակցելու վերաբերեալ պարբերութիւն մը: Պիտի փափաքէինք, որ լուսաբանէիք այս կէտը:
– Պատ. Կարծում եմ, որ Արցախում անցկացրած օրերը շատ տպարավորիչ էին և առիթ տվեցին մեկ անգամ ևս խորհել իրական հայրենապաշտության, հայրենապահության մասին: Հենց այդ հողում էր, որ սկիզբ առավ «Դո՛ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը: Իսկ այդ կարևոր հարցադրումը ունի 2 նպատակ՝ Արցախի պաշտպանության և Արցախի տնտեսության հզորացում: Այս մասին լրագրողներդ պետք է խոսեք, գրեք, նպաստեք, ոգևորեք, ուժ տաք բոլոր սփյուռքահայերին, որպեսզի նրանք գան Արցախ և ներդրումներ կատարեն` ի նպաստ նրա բարօրության, զարգացման ու բարգավաճման: Դուք, որ վայելեցիք Ղարաբաղի բնությունն ու տեսարժան վայրերը, համտեսեցիք արցախյան յուրատեսակ խոհանոցն ու հրաշալի մրգերը, պետք է պատշաճ ներկայացնեք Արցախի գրավչությունը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ոգևորեք նաև օտար ներդրողների, որպեսզի նրանք ևս ցանկություն ունենան ներդրումներ կատարել այստեղ: Արցախյան թեման, նրա զարգացման ու առաջընթացի հետ կապված հարցերը պետք է լինեն սփյուռքահայ լրատվության ամենօրյա ուշադրության կենտրոնում և լուսաբանման առարկան: Պետք է նշեմ, որ սփյուռքի նախարարությունն արդեն իսկ ակտիվ աշխատանք է սկսել՝ շարժումը հզորացնելու, քարոզելու և այն համահայկական գաղափար դարձնելու առումով:
Արցախը հայ ազգի 25-ամյա զավակն է, որի խաղաղ ու հզոր ապագայով պետք է զբաղվի ամեն մի հայ:
- Հարց.Ազատ մամուլի ախոյեան ներկայացող Արեւմտեան աշխարհի մամուլը, սխալ տեղեկութիւններ հաղորդելու պատասխանատուութեան կ’ենթարկէ լրագրողները: Խօսքը չի վերաբերիր գրաքննութեան, այլ՝ ապաքարոզչութեան, ապատեղեկատուութեան: Հայաստանի մէջ զարմանալիօրէն չի կիրառուիր այս օրէնքը…: Արդինքը կ’ըլլայ այն, որ լրագրողը ինքզինք համարելով անսահմանափակ ազատութիւններով զինուած անձնաւորութիւն, անպատասխանատու յայտարարութիւններ, վերագրութիւններ կը կատարէ, հասնելով ընդհուպ երկրին անվտանգութեան: Ապատեղեկատուութեան այս դաշտը որքա՞ն օգտակար է մեր հասարակութեան:
–Պատ. Իհարկե, Դուք ճիշտ եք: Մեզ՝ իբրև լուրջ հակամարտություններ ունեցող երկրի, ամենևին շահեկան չէ, երբ լրագրողը հաշվի չառնելով հետևանքները, երբեմն «քաջ» երևալու կամ սեփական անունը հայտնի դարձնելու մղումներից դրդված՝ պատշաճության սահմաններից դուրս ինչ-ինչ հրապարակումներ, հոդվածներ կամ տեղեկատվություն է հրապարակում հատկապես այն ոլորտների մասին, որոնք վերաբերում են ազգային անվտանգության հարցերին: Թեև Հայաստանի Հանրապետության «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ՝ «Տեղեկատվության ազատության սահմանփակումները» հոդվածը թվարկում է այն դեպքերը, որոնց ժամանակ սահմանափակումներ են գործում: Դրանք մասնավորապես, հետևյալ դեպքերն են, երբ հրապարակումը՝
- պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.
- խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
- պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
- բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
- խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
Եթե լրագրողը կամ որևէ այլ անձ խախտել է սույն պայմանները, ապա նա կարող է ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով: Սակայն, այս նորմերը հաճախ կարծում եմ ոչ միտումնավոր խախտվում են, և որևէ մեկն էլ հետևողական չէ այդ հարցում: Խոսքի ազատությունը մեծագույն ձեռքբերում է, որին հասել ենք վերջին շրջանում, սակայն այն չպետք է շփոթել ամենաթողության և անպատասխանատվության հետ: Ձեր հարցադրումը ահազանգում է, որ դրա անհրաժեշտությունը վաղուց հասունացել է, որ լրագրողը միշտ զգոն պետք է լինի և գրածի հետևանքների վերաբերյալ պատասխանատավությունը պետք է լինի լրագրողական էթիկայի պարտադիր և անխախտ պայման:
- Հարց. Երբեւիցէ խորհա՞ծ էք լրագրողներու խորհրդաժողովին ձեւաչափը փոխելու մասին, օրինակի համար կենդանի հաղորդումի եղանակով քննարկել կարգ մը նիւթեր եւ օրակարգեր:
-Պատ. Անշուշտ, խորհրդաժողովները, բացի քննակվող հարցերից՝ նաև կենդանի շփումների, նոր ծանոթությունների, ապագա համագործակցության հնարավորություն են տալիս: Այս իմաստով դրանք դրական մեծ լիցք են պարունակում: Տարիներ առաջ կային խմբագիրներ, որ իրար չէին բարևում, բոլոր հարցերում հակադրվում էին միմյանց: Այսօր ամենալավ ձեռքբերումը այն է, որ դուք դարձել եք համերաշխ մի ընտանիք, ձեզ մտահոգում են Հայրենիքի հիմնախնդիրները, թուրք-ազերիական տանդեմին հակադարձելը, հայի և Հայաստանի անվան, պատվի բարձրացման և աշխարհում մեր մասին ճշմարտության տարածման հիմնահարցերը: Կարևոր է, որ նման հավաքներում դուք բաց և համարձակ խոսում եք ձեր դժվարությունների, ցավերի և համայնքային խնդիրների մասին: Ինչ վերաբերում է կենդանի հաղորդումներին՝ ապա դրանք խիստ անհրաժեշտ են, մենք մշտապես լսում և արձագանքում ենք սփյուռքահայ համայնքների տարբեր շերտերի, այդ թվում և լրագրողների տեսակետներին ու առաջարկություններին՝ ոչ միայն մեր հանդիպումների ու զրույցների ընթացքում, այլև հեռակապի միջոցով, որի ընձեռած հնարավորությունները հաճախ ենք օգտագործում հեռաժողովներ կամ տարբեր քննարկումներ կազմակերպելու համար: Ուրախ եմ, որ կարողացանք մեր համաժողովը ուղիղ կապով հեռարձակել և շատ ու շատ լրագրողներ հնարավորություն ունեցան հեռակա մասնակցել համաժողովին և հետագայում տեսակետներ տպագրել: Վերջերս սիրով կարդացի Օդեսայի «Վերնատուն» համայնքային թերթի թղթակից Նարինե Մուրադյանի հոդվածը, որտեղ նա բարձր գնահատական է տալիս համաժողովին. «…Ուշագրավ էր լրագրողների համահայկական 8-րդ՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող համաժողովը՝ ընծայված քառորդդարյա հոբելյանին։ Համաժողովը, որի աշխատանքներին չէի կարող անտեղյակ մնալ և հետևում էի համացանցի օգնությամբ, խթանում է համահայկական լրատվական աշխարհի համագործակցության սերտացմանը՝ հանուն ՀՀ պետականության ամրապնդման, ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի հանրապետությունների բարգավաճման»։
- Հարց. Սփիւռքի նախարարութիւնը ի՞նչպիսի միջոցառումեր ունի իր օրակարգերուն վրայ յառաջիկայ ամիսներուն:
- Պատ. Ինչպես գիտեք, հաստատվեց նոր կառավարության նոր ծրագիրը, որ շատ կոնկրետ է և 3-րդ բաժինը վերաբերվում է Սփյուռքին: Մեր նախարարության առաջիկա ծրագրերը կազմվում և մշակվում են ՀՀ կառավարության նոր ծրագրի դրույթներին համապատասխան: Նախարարության իրականացնելիք միջոցառումների հիմնական առանցքը, բնականաբար, մնում են հայապահպանությանը, հայոց լեզվի ուսուցմանը, կրթական ծրագրերին միտված միջոցառումները, համահայկական կառույցների հետ տարվող աշխատանքները և նրանց կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերին աջակցելը, սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրմանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովումը, երիտասարդության համար իրականացվող հայրենաճանաչության և նրանց Հայաստանի հետ կապելու ծրագրերի ընդլայնումը, նոր, ավելի արդյունավետ միջոցների ներմուծումը, հայերենի ուսուցողական դասընթացների ընդլայնումը, սփյուռքում ստեղծված մասնագիտական ընկերակցությունների հետ համագործակցության ակտիվացումը, Սփյուռքի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ շտեմարանների ստեղծումը և այլն: Ասեմ նաև, որ նախատեսված է ստեղծել «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող կառույց՝ սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացման ընթացքին օգնելու նպատակով: Ծրագրերի իրականացման հիմքը, իհարկե, պետական բյուջեն է, որի չնայած համեստ լինելուն, այնուամենայնիվ, տարեցտարի շատանում են մեր ծրագրերի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը: Մեր լայնամասշտաբ ծրագրերը վերաբերում են Սփյուռքի հատկապես երիտասարդական հատվածին, որ ապրում և ստեղծագործում են 112 երկրներում: Այս ամենի իրականացումը հասկանալի է, որ ուղեկցվելու է ամենօրյա հետազոտական, կազմակերպչական, մշակութային, ճանաչողական և այլ բնույթի աշխատանքներով, որոնց մասին մենք պարբերաբար տեղեկացնում ենք մեր կայքէջերի և տեղեկատվական այլ հնարավորությունների միջոցով:
Չեմ կարող իմ շնորհակալությունը չհայտնել լիբանանյան համայնքին, հոգևոր կենտրոններին և նրանց առաջնորդներին, ՀԲԸՄ – Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան եւ նրա յուրաքանչյուր կառույցին ու հայապահպանությանը լծված յորաքանչյուր հայորդու, որոնք ամեն ինչ անում են Լիբանանի հայ համայնքի հեղինակությունը բարձր պահելու, հայ-լիբանանյան հարաբերությունները զարգացնելու և Հայրենիքի կողքին միշտ լինելու համար:
- Շնորհակալութիւն Ձեր պատասխաններուն համար եւ նորանոր յաջողութիւններ: