Էմիլ Օրդուխանյան
Հայաստանն այնքան փխրուն է դարձել, Որ մեղմ հովիկից անվերջ դողում է։
Հայաստանն այնքան տկար է թվում,
Որ անգամ հույսը թողնում, գնում է։
Հայաստանն այնքան մշուշ է պատել,
Որ նույնիսկ լույսը խավար է գուժում։
Հայաստանն այնքան կասկած է բացել,
Որ ամեն մի խոսք կեղծիք է բերում։
Հայաստանն այնքան անզոր է դարձել,
Որ ազատությունը կոկորդում խեղդվում է։
Հայաստանն այնքան թմրած է այսօր,
Որ ոտքի վրա անզգա ճոճվում է։
Հայաստանն այնքան խաբված է այսօր,
Որ բարեկամն անգամ նրա ոսոխն է։
Թեև փխրուն է ու այսքան տկար,
Մշուշով պատված, խավար ու կասկած,
Թեև անզոր է ու հաճախ խաբված,
Թեև ճոճվում է ու դողում ցավից,
Բայց դեռ կանգուն է, վիրավոր վշտից։
Հայաստանն այսքան խոցոտ վերքերով
Ծնկի չի գալիս, կռիվ է տալիս։
Նա չի հանձնվում իր ճակատագրին։
Ուզում է ապրել, հաղթում է մահին։
Մեռնել չի ուզում և չի մեռնելու։
Եղել է ու կա։
Մի՛շտ է լինելու…
17.05.2021