https://www.azatutyun.am
Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հոգի, փոխանցում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա տեղեկացմամբ` այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: «Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է: Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշել է Ավինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
Կեսգիշերից րոպեներ անց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն սոցիալական ցանցում գրեց. – «Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում: Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»: