Ազգային անվտանգութեան ոչ-նիւթական հարթութեանը անմիջապէս վերաբերող այս ուսումնասիրութիւն-ահազանգը պատկանում է բազմափորձ լրագրողի, թարգմանչի եւ դիւանագէտի: Երեք ոլորտներին շաղկապուած տիրապետելը թոյլ է տուել հեղինակին բառիս բուն եւ դրական իմաստով՝ թիրախաւորել յոյժ կարեւոր մի խնդիր: Յօդուածի մեդիատարբերակը՝ Ezerk.am-ից:
ՀԱՄԼԷՏ ԳԱՍՊԱՐԵԱՆ
Անուններն առհասարակ մաս են կազմում որեւէ ժողովրդի պատմութեան եւ ազգային ժառանգութեան: Մասնագէտները կարող են վկայել, թէ դրանք ինչ արժէք են ներկայացնում տուեալ ժողովրդի ծագումնաբանութեան, պատմութեան եւ քաղաքակրթութեան ուսումնասիրութեան, ինչպէս նաեւ մշակութային ժառանգութեան պահպանման եւ ապագայ սերունդներին փոխանցման տեսանկիւնից:
Անձնանունների գրութեան եւ օտար տառադարձման կարեւորութիւնը մինչեւ այժմ գիտակցուել եւ արտայայտուել է հատուկենտ անհատների կողմից, մամուլի հրապարակումներով կամ կաբինետային (գրասենեակային-Խմբ.) խօսակցութիւնների ձեւով, ապա պետութիւնը, որի անմիջական պարտականութիւնն է հետեւել ազգային ժառանգութեան պահպանմանը, առայժմ չտեսնելու է տալիս այդ հարցում տիրող խառնափնթոր վիճակը եւ շարունակուող աւերածութիւնները:
Հայկական անունների շտեմարանը հիմնականում կազմուած է նախաքրիստոնէական եւ քրիստոնէական շերտերից: Հայ ժողովրդի պատմութիւնը եւ քաղաքական ճակատագիրը խոր հետք է թողել այդ շտեմարանի վրայ՝ ժամանակի ընթացքում գործածութիւնից հանելով անունների մի մասը եւ աւելացնելով նորերը, որոնց մէջ շատ յաճախ՝ օտար տիրապետողի անխուսափելի ազդեցութիւնները եւ պարտադրանքները:
Հայոց լեզուն իր զարգացման տարբեր փուլերում տարբեր ձեւերով է արձանագրել փոփոխութիւնները
Մինչեւ 1918թ. հայոց պետականութեան վերականգնումը հայկական կամ հայերի անունները հայերէն գրւում էին միայն եկեղեցական մատեաններում, պատմագեղարուեստական գործերում եւ մամուլում: Պաշտօնական գրանցումներն արուել են միայն օտար տառադարձումներով՝ ըստ բնակութեան երկրի լեզուի: Հայկական պատմական տարածքների վրայ դա հիմնականում օսմաներէնը եւ ռուսերէնն էր: Պատկերացնել կարելի է, թէ այդ առումով ինչ ժառանգութիւն էր ստացել Հայաստանի առաջին հանրապետութիւնը:
Այնուամենայնիւ, գրութիւնների այդ ձեւերը ժամանակի ընթացքում ձեռք են բերել աւանդութեան ուժ: Խորհրդային տարիներին համեմատականօրէն մշակուեցին եւ գործածութեան դրուեցին հայկական անունների հայերէն գրութեան ձեւերը (թէեւ այդտեղ էլ իր հետքը թողեց 1922 եւ 1940թթ. ուղղագրութեան փոփոխութիւնները): Այդ ժամանակ միօրինականացուեցին նաեւ անունների գրութեան ռուսերէն եւ լատինատառ ձեւերը, որոնք հիմնւում էին աւանդութեան եւ գիտական-տրամաբանական տառադարձման սկզբունքների վրայ:
Այդ ընդունուած կանոններից շեղուելու առաջին նշանները, յատկապէս անունների լատինատառ գրութեան մէջ, ի յայտ եկան Երրորդ Հանրապետութեան առաջին տարիներին, երբ սկսեցին տրամադրուել Հայաստանի Հանրապետութեան անձնագրերը:
Հայերէնով գրութեան աղաւաղումները երեւացին սփիւռքահայերին տրուող «Կացութեան յատուկ կարգավիճակի» անձնագրերի մէջ, իսկ հետագայում՝ երկքաղաքացիներին տրուող քաղաքացիական անձնագրերում:
Գրութեան այդ աղաւաղուած ձեւերը կամաց-կամաց սկսեցին տարածուել գրաւոր արտայայտչամիջոցների բոլոր ոլորտներում, ընդհուպ մինչեւ միջազգային տարբեր փաստաթղթեր, օտար մամուլ եւ գրականութիւն, ուր դրանք հակադրութեան մէջ մտան տեղերում գործածուող հայկական անունների գրելաձեւերի հետ՝ առաջացնելով քաղաքակրթական խզում, որը մի կողմից մեզ կտրում է մեր հայկական, ինչպէս նաեւ համաքրիստոնէական անցեալից, միւս կողմից եւս մի անջրպետ ստեղծում սփիւռքահայերի եւ մեր միջեւ:
Արդի վիճակ
Այսօր մեզանում անուն-ազգանունների գրութեան գործող համակարգը յենւում է մէկ տառ-մէկ հնչիւն սկզբունքի վրայ, առանց հաշուի առնելու օտար լեզուներում եւ հայերէնում գրութեան եւ արտասանութեան իւրայատկութիւնները: Մի շարք լեզուներում (անգլերէն, ֆրանսերէն) գրութիւնն էապէս տարբերւում է արտասանութիւնից, յատկապէս ձայնաւորների, ինչպէս նաեւ որոշ բաղաձայների եւ երկհնչիւնների դէպքում գործում են գրութեան եւ արտասանութեան իւրայատուկ կանոններ:
Լատինատառ գրութեամբ անունների հայերէն տառադարձման դէպքում այդ կանոնների անտեսումը աղաւաղում է թէ՛ օտար, թէ՛ բուն հայկական անունները: Օրինակ, ֆրանսիական Jacques-Ժակ անունը, անտեսելով ֆրանսերէնի արտասանութեան կանոնները եւ հայ իրականութեան մեջ աւանդուած ֆրանսիական անունների գրութեան ձեւերը, մեր կողմից տրուող անձնագրերում դարձել է «Ջաքուես», Jean-Ժանը՝ «Ջեան», Alain-Ալենը՝ «Ալաին», Madeleine-Մադլենը՝ «Մադելեինե», Joseph-Ժոզեֆը՝ «Ջոսեֆ», Gerard-Ժերարը՝ Գերարդ, Antoine-Անտուանը՝ «Անտոինե», Gregoire-Գրեգուարը՝ Գրեգոիրե, Serge-Սերժը՝ «Սերգե» եւ այլն:
Ճշգրիտ չէ նաեւ սփյուռքահայերի անձնագրերում լատինատառ գրուած հայկական անունների հայերէն տառադարձումը. Վաղարշակը դարձել է Վագարշակ, Կարապետը՝ Գարաբետ, Հակոբը՝ Ագոպ, Տիգրանը՝ Դիկրան, Գրիգորը՝ Քրիքոր, Սրբուհին՝ Սուրբուի, Գեւորգը՝ Կեվորկ, Հայկը՝ Հաիգ, Վրեժը՝ Վրեջ, Վարուժանը՝ Վարուջան եւ այլն: Ազգանունների դէպքում՝ Գեւորգյանը դարձել է Գուեվորկյան կամ Կեվորկյան, Պողոսյանը՝ Բողոսսյան, Պետրոսյանը՝ Բեդրոսսյան կամ Պետրոսսյան, Սարգսյանը՝ Սարկիսսյան, Ղուկասյանը՝ Ղուկասսյան, Գրիգորյանը՝ Կրիկորյան, Գեղամյանը՝ Գուեգուամյան եւ այլն:
Դիւանագիտական ծառայութեան սեփական փորձից գիտեմ, որ սփիւռքահայ դիմումատուներից ոմանք, հայկական անձնագիրն ստանալիս յայտնաբերելով գրութեան աղաւաղուած ձեւ, հրաժարուել են վերցնել անձնագիրը՝ պահանջելով ուղղել իրենց անուան գրութիւնը:
Հայաստանի քաղաքացիների անձնագրերում անուն-ազգանունների լատինատառ մէկ տառ-մէկ հնչիւն սկզբունքով գրութիւնը նոյնպէս առաջացնում է խնդիրներ՝ կապուած հիմնականում յ հնչիւնի y-ով տառադարձման (-յան վերջածանց), ինչպէս նաեւ հիմնականում ժ, ջ, գ եւ ս հնչիւնների գրութեան հետ:
Ինչպէս յայտնի է, հայկական –յան վերջածանցը աւանդաբար լատինատառ տառադարձւում է –ian (Grigorian) եւ միայն երկու ձայնաւորների միջեւ –yan (Balayan) ձեւով, ս-ն որպէսզի զ չհնչի գրւում է երկու s-ով՝ ss (Torossian), ջ-ն գրւում է dj-ով (Abadjian), իսկ գ-ն՝ որոշ անունների դէպքում փոխարինւում է k-ով (Avakian), սղուած ի-ն բարեհնչունութեան համար վերականգնւում է (Sarkissian):
Գրութեան այս ձեւերը վաղուց ամրակայուած են արեւմտեան լեզուներում, աւանդուած են Հայաստանի եւ հայերին վերաբերող գրականութեան մէջ: Այդ սկզբունքով են տառադարձուած արտասահմանեան երկրներում ապրող հայերի անուններն իրենց անձը հաստատող փաստաթղթերում եւ այդ ձեւով են նրանք ճանաչելի (յատկապէս հայկական պատկանելութիւնը բնորոշող –ian վերջածանցով): -յան (դասական ուղղագրութեամբ –եան) վերջածանցը հայերէնում ցոյց է տալիս պատկանելութիւն. նոյն իմաստն ունի –ian-ը հնդեւրոպական լեզուախմբին պատկանող շատ ժողովուրդների մօտ: Հետեւապէս –ian-ը փոխարինելով –yan-ով՝մենք ոչ միայն հեռանում ենք գրութեան աւանդական ձեւից եւ իմաստից, խորացնում անջրպետը հայութեան երկու հատուածների միջեւ, այլեւ մեզ անջատում մեր քաղաքակրթական միջավայրից: Ի դէպ, –yan-ը օտար լեզուներով ոչ միշտ է հնչում –յան, օր. արգենտինեան եւ ուրուգուայական իսպաներէնով այն կարդացւում է -ժան (Sahakyan – Սահակժան):
Հայկական անունների լատինատառ աւանդական գրութիւնից շեղումները ոչ միայն խզում են առաջացնում մեր ազգային ժառանգութեան եւ անցեալի հետ, այլեւ խրթինացնում մեր անունների հնչողութիւնը. օրինակ, Վարուժան անունը հայկական անձնագրերում լատինատառ տառադարձուել է Varuzhan (ժ-zh տառադարձութեան դէպքում որեւէ լեզուով հնարաւոր չէ այն արտաբերել ժ): Օտարազգի որեւէ մէկը չի կարող կողմնորոշուել, թէ ինչպէս արտաբերել dzh հնչիւնը, ասենք, Dzhigarkhanyan կամ Abadzhyan գրութիւններում: Արդէն իսկ լատինատառ գրութիւններին ոչ յատուկ d-z-h տառերի հերթագայութիւնը եւրոպացիների մէջ անընկալութեան զգացողութիւն է առաջացնում հայկական անունների հանդէպ, որոնք նրանց թւում են չափազանց խրթին:
Մինչդեռ հայկական անունների մեծ մասն ունեն նոյն համաեւրոպական-համաքրիստոնէական հիմքերը, եւ լատինատառ տառադարձելիս մեր խնդիրներից մէկը պէտք է լինէր հնարաւորինս պահպանել նրանց ճանաչելիութիւնը:
Հայերի մէջ օտար անձնանունների տարածուածութեան պայմաններում այդ անունների լատինատառ գրութիւնը յաճախ անճանաչելի եւ անհնչելի են դարձնում դրանք օտարների համար, օրինակ, Սերժ-Serzh, ժան-Zhan, ժոզեֆ-Zhozef եւ այլն (ճիշդ գրութիւնը պէտք է լինէր Serge, Jean, Joseph):
(Այստեղ չենք անդրադառնում մի այլ երեւոյթի, որ երկար ժամանակ տարածուած է արեւմտահայոց մօտ եւ որն աւելացնում է խառնաշփոթը հայկական անունների լատինատառ գրութեան մէջ՝ պայմանաւորուած արեւմտահայերէնին յատուկ հնչիւնաբանութեամբ, երբ դրամը գրում են tram, գրիգորը՝ Krikor, դաւիթը՝ Tavit եւ այլն):
Մշակութայինից զատ նաեւ՝ իրաւական եւ տեխնիկական արհեստածին խնդիրներ
Նոյն անունների տարբեր գրութիւններն օտար եւ հայկական անձնագրերում եւ ինքնութիւնը հաստատող այլ փաստաթղթերում յաճախ իրաւական բնոյթի հարցեր է առաջացնում Հայաստանում եւ դրսում ապրող հարազատների միջեւ: Դրսում բնակուող Հայաստանի քաղաքացիներից կամ նախկին քաղաքացիներից շատերը յաճախ ՀՀ դեսպանութիւններ են դիմում անունների տարբեր գրութիւնների նոյնականութիւնը հաստատող տեղեկանքներ ստանալու խնդրանքով:
Իմ կարծիքով, հայկական անձնագրերի եւ անձը հաստատող այլ փաստաթղթերի մէջ անունների հայերէն եւ լատինատառ գրութեան գործող թերի համակարգը հնարաւոր է շտկել, թէեւ այդ համակարգը գործում է տարիներ ի վեր եւ պատկերացնել կարելի է, թէ զանազան բնոյթի ինչ դժուարութիւններ կարող են առաջանալ այն փոփոխելիս: Գիտակցելով հանդերձ գործնական դժուարութիւնները՝ այնուամենայնիւ անունների սխալ եւ աղաւաղուած գրութեան որեւէ պատճառաբանութիւն չի կարող արդարացնել այդ «ընդունուած կարգի» շարունակումը:
Հայկական մամուլում տարիներ շարունակ հրապարակուել են ահազանգեր, շարունակւում են քաղաքացիների բողոքները, ինչը հիմք է տալիս ասելու, որ հայկական անձնագրերում անունների պատշաճ գրութեան հարցը դարձել է հանրային մտահոգութեան առարկայ:
Յատկապէս հայերիս համար, որ պատմութեան ընթացքում ունեցել ենք պետականութեան, ինքնութեան, մշակոյթի ու լեզուի մեծ կորուստներ, ենթարկուել տեղահանումների ու ձուլման, մայրենի լեզուով անունների գրութեան եւ օտար տառադարձման հարցն ստանում է առաջնային կարեւորութիւն:
Խնդիրը քանիցս արծարծուել է ԱԳ նախարարութիւնում, արդարադատութեան (20.05.2009թ.) եւ սփիւռքի նախարարութիւններում (15.07.2009թ.). Ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութիւնում (25.06.2018թ.), սակայն բաւարար լուծում չի գտնուել:
Նոյնիսկ վարչապետի յանձնարարութեամբ ստեղծուել է աշխատանքային խումբ, մշակուել է ազգային ստանդարտ եւ 2017թ. Յունիսի 23ին կայացուել կառավարութեան N 725-Ն որոշումը՝ «Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու անձնագրում եւ նոյնականացման քարտում անուան եւ ազգանուան անգլերէն, ինչպէս նաեւ անուան, ազգանուան եւ հայրանուան հայերէն ամրագրման կարգը սահմանելու մասին» (դրան կցուել է հայերէնում գործածուող արական եւ իգական անունների անգլերէն եւ հայերէն համարժէքների ցանկ):
Սակայն դրանով գործնականում հարցի լուծում չի տրուել, քանի որ շարունակւում են անձնագրերում անունների աղաւաղուած գրութիւնները:
Ընդ որում, հարցը ոչ թէ պէտք է թողնել միջին օղակի տնօրինմանը, որոնք կաշկանդուած են գործող կարգի պարտադրանքով եւ հակուած չեն նախաձեռնողականութեան, այլ լուծել երկրի բարձրագոյն ղեկավարութեան քաղաքական որոշմամբ:
Անունների գրութեան հարցը պարզ գործավարական խնդիր չէ, կամ առանձին քաղաքացու կամեցողութեան: Դա քաղաքակրթական եւ քաղաքական հարց է, որ, որպէս ոչ նիւթական ժառանգութեան մաս, պատկանում է ազգային անվտանգութեան տիրոյթին:
Այն դէպքում, երբ զուտ քաղաքական եւ ծաւալապաշտական նկատառումներով մեր որոշ հարեւաններ մեզ անուանում են «քոչուոր» եւ «եկուոր», մեզ փորձում կտրել մեր բնական պատմաքաղաքակրթական միջավայրից, վերջնականօրէն իւրացնել-ոչնչացնել մեր Հայրենիքը եւ նրա մշակութային ժառանգութիւնը, լիովին անհասկանալի եւ անբացատրելի է մնում մեր հասարակութեան եւ պետական կառոյցների անհոգութիւնն ու անտարբերութիւնն այս հարցում:
Ezerk.am
«ԼՐԱԳԻՐ»