8. Հայկական հարցի լուծման ձևախեղման վտանգը
Վերջին 50 տարում Հայկական հարցի լուծումն ընթացել է Հայոց ցեղասպանությունն ընդունել տալու ճանապարհով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել հայոց պետականազուրկ վիճակով և գոնե որոշակի հաջողություններ գրանցելու ձգտումով: Եթե նման քաղաքականությունը որոշակի վերապահումով կարելի է արդարացնել այն ժամանակների և հնարավորությունների համար, ապա 1991թ. հայոց պետականության վերահաստատումից հետո նման քաղաքական հիմնուղին ժամանակավրեպ է և անարդյունավետ: Նմանապես երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դրույթը սոսկ ընդգրկվում է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների մեջ առանց ՀՀ իրավունքների վերականգնման և Օսմանյան կայսրության իրավահաջորդ ԹՀ կողմից տարածքային, նյութական և բարոյական հատուցման զուգորդման, այդպիսի քաղաքականությունն անպտուղ է և մինչևիսկ վտանգավոր: Հարցի նման առաջադրումը ստեղծում է հարցի հնարավոր լուծման պատրանքային վիճակ. այն կլանում է հսկայական մարդկային և նյութական միջոցներ և փոշիացնում է բուն նպատակին հասնելու քաղաքական կամքը: Ներկա փուլում Սփյուռքի քաղաքական բոլոր կառույցների համար հույժ կարևոր է վերաձևակերպել առաջնահերթությունները, վերասահմանել թիրախային նպատակները և, համապատասխանաբար, վերաբաշխել մարդկային ու նյութական միջոցները: Հայկական հարցի անգամ մասնակի լուծումը, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ընդլայնումը կամ Արցախի հարցի մինչևիսկ կատարելապես հայանպաստ ելքը, էապես չեն փոխելու ՀՀ աշխարհաքաղաքական վիճակը: Հայաստանը մնալու է նույնքան խոցելի և շրջափակելի, գոյատևման և զարգացման համար խիստ սահմանափակ հնարավորություններով: Հետևաբար, ՀՀ համար կենսականորեն անհրաժեշտ է, որ երկրի իշխանությունը խորապես գիտակցի պետականությանը սպառնացող մարտահրավերները, դրսևորի ինքնախաբկանքի վիհից դուրս գալու քաղաքական կամք և, համապատասխանաբար, իրականացնի այդ վտանգները չեզոքացնելու համար Հայկական հարցի լուծմանը նպատակամղված լուրջ քաղաքականություն:
9. Հայկական հարցի լուծման դրսևորման ձևերը
Հայկական հարցի լուծումը հնարավոր է, և այն կարող է ունենալ դրսևորման բազմազան ձևեր: Այսուհանդերձ, Հայկական հարցի լուծումը հնարավոր կլինի, եթե այն խարսխված լինի իրատեսության վրա, այսինքն՝ հաշվի առնի ներկայիս ժողովրդագրական, ռազմական, քաղաքական և տնտեսական իրողությունները: Միևնույն ժամանակ, որպեսզի Հայկական հարցի լուծումն իրագործելի լինի, այն պիտի գործնականում նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, տնտեսության բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց՝ տարածաշրջանի հարցերի մեջ ավելի լայն ներգրավմանը:
Տարակույս չկա, որ 1920թ. նոյեմբերի 22-ից Վիլսոնի Իրավարար վճռով ՀՀ իրավատիրությանն անցած տարածքները (նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների զգալի մասը) առ այսօր իրավականորեն ՀՀ մաս են կազմում: Սակայն կարծել, թե ԹՀ-ն դրանք կամավոր կամ միայն միջազգային օրենքների ճնշման տակ՝ առանց ռազմական ճնշման կվերադարձնի իրավատիրոջը, իրատեսական չէ: Ուստի, անհրաժեշտ է գտնել ՀՀ և ԹՀ համար երկուստեք ընդունելի, Իրավարար վճռին մաս կազմած երկրների հավանությանն արժանացած, համաշխարհային ուժային կենտրոնների շահերը հաշվի առնող և միջազգային իրավունքով ամրագրելի ձև: Ընդսմին, այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգության մտահոգությունները, հնարավորություն ընձեռի ՀՀ տնտեսությանը հարաճուն և շարունակական զարգանալու համար, ինչպես նաև երաշխավորի հայկական մշակութային արժեքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը էականորեն չպիտի ոտնահարի ԹՀ շահերը և թուրքական կողմին պետք է հնարավորություն տա զգալու և մեկընդմիշտ հասկանալու, որ առաջարկվող լուծումը երկուստեք արժանապատիվ ելք է ստեղծված իրավիճակից:
Ըստ այդմ, Հայկական հարցի հնարավոր լուծում է խնդրո առարկա տարածքին որոշակի նոր կարգավիճակ շնորհելը տարածքային վարձակալության ճանապարհով. այդ դեպքում Հայաստանի Հանրապետության de jure իրավատիրությունը կհամադրվի Թուրքիայի Հանրապետության de facto տնօրինման հետ:
Այսինքն՝
I. Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունից միջազգային երաշխիքներ պարունակող երկկողմ պայմանագրի հիման վրա և ողջամիտ վարձավճարով2 վարձակալում է ՛՛Վիլսոնյան Հայաստանը՛՛: Նշյալ պայմանագիրը և կից համաձայնագրերը ամրագրում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև միջազգային կառույցների և շահագրգիռ երկրների մասնակցության ձևն ու ընդգրկվածության ծավալը խնդրո առարկա տարածքում: Վարձավճարի չափը, վճարման ձևն ու պարբերականությունը որոշվում է համապատասխան համաձայնագրով:
II. Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն, անկախ բնակության վայրից, պահպանում են իրենց քաղաքացիությունը, օգտվում են այդ քաղաքացիության ընձեռած բոլոր իրավունքներից, կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները: Երկու երկրի բոլոր քաղաքացիները ստանում են տարածքում ազատ տեղաշարժի, բեռնափոխադրման, բնակության և տնտեսական գործունեություն ծավալելու ազատ ու անկաշկանդ իրավունք: Տարածքում գործունեություն ծավալած ընկերությունները և անձինք, բացի տեղական հարկերից ու վճարներից, համապատասխան օրենսդրությամբ նախատեսված չափով հարկեր են վճարում՝ ըստ գրանցման վայրի և քաղաքացիության:
III. Երրորդ երկրների տարանցիկ փոխադրումներից (ներառյալ նավթամուղներից և գազամուղներից) ստացած եկամուտները գնում են տեղական ենթակառույցների (ճանապարհներ, երկաթուղիներ, ընդհանուր օգտագործման հանրային տարածքներ) բարեկարգմանը և զարգացմանը:
IV. Տարածքն ապառազմականացվում է, այսինքն՝ տարածքից դուրս են բերվում ՛՛Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին՛՛ պայմանագրով (Treaty on Conventional Armed Forces in Europe, CFE, 1990) առանձնանշած հարձակողական բնույթի 5 զինատեսակները:3 Տարածքի վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանությունը, իրականացնում են համապատասխան լիազորություններով օժտված և ՄԱԿ-ի անվտանգության հովանու ներքո գործող միջազգային խաղաղապահ ուժերը: Համայնքներում կարգուկանոնն ու անվտանգությունն ապահովում են համայնքային ոստիկանությունը, անհրաժեշտության դեպքում՝ ներքին զորքերը: Տարածքում տեղակայվում են միջազգային ռազմական և քաղաքացիական դիտորդական ու խորհրդատվական առաքելություններ:
V. Առանձին քննարկման հարց պիտի դառնա և լուծման դրսևորում պիտի ունենա նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սուրմալուի գավառի տարածքների կարգավիճակի հարցը: Ներկայումս այդ տարածքները կազմում են ԹՀ Կարսի (9.587 քկմ; 130 հազ. բնակիչ), Արդահանի (5.661 քկմ; 120 հազ. բնակիչ), Արդվինի (7.436 քկմ; 192 հազ. բնակիչ) և Իգդիրի (3.587 քկմ; 180 հազ. բնակիչ) նահանգները: Ընդամենը՝ 26.241 քկմ (3,4%) և 779 հազ. բնակիչ (1,1%): Այս տարածքների վրա, ի տարբերություն Վիլսոնյան Հայաստանի, անմիջականորեն պիտի հաստատվի հայաստանյան ուղղակի ինքնիշխանություն:
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ