7. Հայկական հարցի բովանդակությունը ներկա փուլում
Հայկական հարցը ներկա փուլում ունի 3 հիմնական բաղադրիչ՝ տարածքային, նյութական և բարոյական: Հետևաբար, Հայկական հարցը կարելի է լուծված համարել միայն նշյալ 3 բաղադրիչներից բխող խնդիրների լիակատար լուծման՝ այն է՝ ամբողջական կամ մասնակի հատուցման դեպքում:
ա. Հայկական հարցի տարածքային բաղադրիչը. Վերոնշյալ եռամիասնության մեջ տարածքային բաղադրիչն ամենաէականն է: Թեև 1920-23թթ. ՀՀ-ն ունեցել է տարածքային զգալի կորուստներ, այսուհանդերձ դրանք ոչ թե de jure, այլ միայն de facto կորուստներ են: Այսինքն՝ չնայած այդ տարածքները բռնազավթվել են (occupied) օտար ուժերի կողմից և հետագայում բռնակցվել են (annexed) այլ երկրների՝ բայցևայնպես ՀՀ-ն շարունակում է պահպանել դրանց տիտղոսը և դրանց նկատմամբ իր ունեցած օրինական իրավունքները, քանի որ ՀՀ տարածքային իրավունքները խարսխված են միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքների, պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև կատարման համար պարտադիր վճիռների և իրավական փաստաթղթերի վրա:
ՀՀ տարածքային իրավունքները հստակեցնող և տիտղոսն ամրագրող փաստաթղթերից կարևորագույնը ԱՄՆ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող Իրավարար վճիռն է (Arbitral Award)՝ կատարված և ուժի մեջ մտած 1920թ. նոյեմբերի 22-ին: Սույն իրավական փաստաթղթով ՀՀ տիտղոսը ճանաչվեց և իրավունքները հաստատվեցին հայության բնօրրան-հայրենիքի մի փոքր մասի՝ նրա հյուսիս-արևելյան հատվածի վրա: Իրավարար վճիռն իր կայացման և ուժի մեջ մտնելու իսկ պահից (22.11.1920թ.) կատարման համար անվերապահ, պարտադիր, իրավաբանական տեսանկյունից անբեկանելի և իրավական հետևանքների առումով անժամանցելի փաստաթուղթ է:
Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է երկու փաստաթղթերի՝ այն է՝ Դաշնակից ուժերի անունից հանդես եկող Գերագույն խորհրդի (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա և Իտալիա)՝ 26.04.1920 թվակիր իրավարարության հայցադիմումի (compromis) և Սևրի դաշնագրի մեջ 89-րդ հոդվածի տեսքով ներառված իրավարարության հայցադիմումի հիման վրա, ուստի Իրավարար վճիռը նշյալ երկու փաստաթղթերի կողմ հանդիսացող երկրների և նրանց իրավահաջորդ պետությունների համար անսակարկ իրավական պարտավորություն է և անխուսափելի քաղաքական հանձնառություն: Ըստ այսմ.
• Քանի որ Բրիտանական կայսրության վարչապետը, իր համաձայնությունը տալով Իրավարար վճռի՝ 26.04.1920 թվակիր հայցադիմումին, հանդես էր գալիս այդ ժամանակ Բրիտանական կայսրությանը մաս հանդիսացող կամ նրա քաղաքական ենթակայության տակ գտնվող բոլոր երկրների անունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ իրավահաջորդ երկիրը շարունակում է կրել տարածքի միջազգային հարաբերությունների պատասխանատվությունը,1 ուստի ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է (legally binding document) ներկայիս Միացյալ Թագավորության և Բրիտանական կայսրության իրավահաջորդ բոլոր երկրների համար:
• Քանի որ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետը, իր համաձայնությունը տալով Իրավարար վճռի՝ 26.04.1920 թվակիր հայցադիմումին, հանդես էր գալիս այդ ժամանակ Ֆրանսիայի երրորդ հանրապետությանը մաս հանդիսացող կամ նրա քաղաքական ենթակայության տակ գտնվող բոլոր երկրների անունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ իրավահաջորդ երկիրը շարունակում է կրել տարածքի միջազգային հարաբերությունների պատասխանատվությունը, ուստի ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է Ֆրանսիայի Հանրապետության և Ֆրանսիայի 3-րդ հանրապետության իրավահաջորդ բոլոր երկրների համար:
• Քանի որ Դաշնակից ուժերի (Անտանտ) Գերագույն խորհուրդը՝ Մեծ եռյակը, լիազորված էր հանդես գալու և հանդես էր գալիս բոլոր դաշնակից ուժերի անունից, ուստի ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.), կատարված նաև Իրավարար վճռի 26.04.1920 թվակիր հայցադիմումի հիման վրա, հանդիսանում է կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ Դաշնակից ուժերի և նրանց իրավահաջորդ բոլոր երկրների համար:
• Քանի որ ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարվել է նաև Սևրի դաշնագրի (10.08.1920թ.) մեջ 89-րդ հոդվածի տեսքով ներառված իրավարարության հայցադիմումի հիման վրա, ուստի Իրավարար վճիռը կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է Սևրի դաշնագիրը ստորագրած բոլոր երկրների և նրանց իրավահաջորդ պետությունների համար:
• Քանի որ Կենտրոնական ուժերից (Central Powers) յուրաքանչյուրը՝ Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան և Բուլղարիան, իրենց կնքած խաղաղության պայմանագրերի մեջ կանխավ պարտավորվել էին ճանաչել «բոլոր այն պայմանագրերի և համաձայնությունների լիազորությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ապագայում … և ճանաչել դրանցով որոշվող սահմանները», ապա ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է նաև բոլոր վերոնշյալ երկրների համար:
Ամփոփում
– Նկատի ունենալով, որ ներկա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանը հստակորեն և հանգամանալից նկարագրված ու ամրագրված է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ 22.11.1920 թվակիր Իրավարար վճռի մեջ:
– Ընդունելով, որ թեև հայ ժողովրդի իրավունքները պատմականորեն հաստատված են Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների մի մասի վրա, այսուհանդերձ, ներկայումս ՀՀ ինքնիշխանությունն ու տիտղոսը անբեկանելիորեն ճանաչված են և իրավականորեն սահմանափակվում եմ միայն նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների մի մասի վրա:
– Հաշվի առնելով, որ պետությունները, ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց մասնակցությունը բերելով իրավարար վճռի հայցադիմումին, դրանով իսկ նախապես տվել են իրենց անվերապահ համաձայնությունը՝ կայացվելիք ցանկացած վճիռ ընդունել որպես պարտադիր, ուստի.
ԱՄՆ նախագահ Վիլսոնի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր փաստաթուղթ է ներկայումս ՄԱԿ-ի 192 անդամ պետություններից 142-ի, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից 4-ի համար՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն և Չինաստան:
Այսպիսով, սա աննախադեպ երևույթ է միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի մեջ. չկա մի որևէ այլ պետական սահման, որը խարսխված լինի նման իրավական ամուր հիմքի վրա, որքան Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության de jure սահմանը:
բ. Հայկական հարցի նյութական բաղադրիչը. Ի սկզբանե պետք է հստակ լինի, որ նյութական հատուցումը որևէ կապ չունի «արյան գնի» հետ: Նյութական հատուցումն առաջին հերթին պետք է ընդգրկի հայության և ՀՀ կրած ուղղակի նյութական կորուստները, որոնք զանազան հաշվարկներով և ներկա փոխարժեքային դրսևորմամբ կազմում են 40-100 մլրդ ԱՄՆ դոլար:
Քանի որ հատուցման ընդհանուր սկզբունքն առնվազն նախնական վիճակի վերականգնումն է, ուստի հատուցումը պետք է նախատեսի հայության ամենացավագին կորստի՝ մարդկային կորուստների վերականգնման ծրագիր: Թուրքական իշխանությունները, միջազգային հանրության և կառույցների վերահսկողության ներքո, պետք է ստեղծեն հատուկ հիմնադրամ, որն, անկախ քաղաքացիությունից, կխրախուսի հայերի բազմազավակությունը և նյութական զգալի աջակցություն կցուցաբերի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների բազմազավակ ընտանիքներին:
Նյութական հատուցումը պետք է ընդգրկի ԹՀ տարածքում առկա հայկական ժառանգության՝ թուրքական իշխանությունների կողմից միտումնավոր ոչնչացված կամ վնասված հայկական հուշարձանների և այլ ժառանգության վերականգնման ծախսերը: Թուրքական իշխանությունները օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին, պետք է վերադարձնեն թանգարաններում, արխիվներում և այլ, այդ թվում նաև մասնավոր հավաքածուներում պահվող հայ ժողովրդի ժառանգությունը հանդիսացող արվեստի նմուշները, առարկաներն ու նյութերը:
Առանձին քննարկման առարկա պետք է դառնան.
– Օսմանյան կայսրությանը պատկանող կամ նրա տարածքում գործած բանկերում՝ հայերի ի պահ տված գումարների հարցը;
– հայերից բռնագրավված ոսկու, այլ թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի հարցը;
– հայերի կյանքի, առողջության և գույքի ապահովագրական գումարների հարցը;
– թուրքական պետության և անհատ թուրքերի կողմից հայ համայնքին և անհատ հայերին պատկանած անշարժ գույքի (տներ, դպրոցներ, եկեղեցիներ և այլն) և հողամասերի անօրինական գործածության (1920թ. նոյեմբերից առ այսօր) վարձավճարների հատուցման հարցը;
– Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիական և զինվորական անձանց ապօրինի աշխատանքի դիմաց չվճարված գումարների հարցը;
– նյութական կորուստների այլ դրսևորումները:
Մասնավոր քննության առարկա պետք է դառնա.
• Գերմանիայի՝ որպես Օսմանյան կայսրության կառավարման մեջ ներգրավված, հետևաբար և հանցակից երկրի,
• Ֆրանսիայի՝ որպես Կիլիկիայի մանդատը ստանձնած, սակայն միջազգային պարտավորությունը չկատարած, ինչպես նաև ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի խախտումով ընթացող անօրինական շարժմանը (քեմալականներին) ռազմական օգնություն ցուցաբերած երկրի,
• Իտալիայի՝ որպես ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի խախտումով ընթացող անօրինական շարժմանը (քեմալականներին) ռազմական օգնություն ցուցաբերած երկրի,
• Ռուսաստանի՝ որպես ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի խախտումով ընթացող անօրինական (քեմալականների) շարժումը հրահրած, նրան լայնորեն աջակցած ու անմիջականորեն մասնակցած և տվյալ շարժմանը ռազմական օգնություն ցուցաբերած երկրի և
• այլ երկրների անօրինական գործողությունների պատճառով հայ ժողովրդի կրած վնասների հատուցման հարցը այդ երկրների կողմից:
Ամփոփում. Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը պետք է ամբողջական հատուցում ստանան իրենց կրած բազմաբնույթ նյութական կորուստների համար, որպեսզի վերականգնեն կորուստներին նախորդած վիճակը, ինչպես նաև կայացնեն բնականոն զարգացման պարագայում ստեղծվելիք նյութական իրավիճակը:
գ. Հայկական հարցի բարոյական բաղադրիչը. Բարոյական հատուցումը պետք է ընդգրկի ոչ միայն ԹՀ կողմից Հայոց ցեղասպանության ուղղակի ճանաչումն ու աներկբա դատապարտումը, այլև, որ ավելի կարևոր է, պետք է խորանա հաշտեցման ծրագրի իրականացմամբ: ԹՀ իշխանությունները թուրք հասարակության համար պետք է իրականացնեն պատմական իրականությունը բացահայտող քարոզչական և ուսումնակրթական համապարփակ բազմափուլ ծրագրեր:
( ՄԱՍ -3)
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ