ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան ռազմական կրթութեան վարչութեան պետ, յայտնի ռազմական փորձագէտ եւ պաշտպանութեան նախարարութեան նախկին մամլոյ քարտուղար Արծրուն Յովհաննիսեան ռումանական Defense Romania թերթին տուած հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ Յուլիսին Հայաստանի սահմանին վրայ տեղի ունեցած ռազմական բախումներուն:
Յովհաննիսեան նշեց, որ Հայաստան յաջողութեամբ ետ մղեց ատրպէյճանական յարձակումը եւ մանրամասնութիւններ տուաւ ռազմական գործողութիւններուն վերաբերեալ:
«Բացի այն, որ գործողութիւնների ժամանակ օգտագործուել են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ադրբեջանական կողմն օգտագործել է նաեւ իսրայէլական ռազմական զէնքեր եւ «Եաշմա» յատուկ նշանակութեան ուժերը, սակայն Հայաստանի զինուած ուժերը ոչ միայն յետ են մղել յարձակումը, այլեւ ցոյց է տուել ռազմական գերակայութիւնը Ադրբեջանի նկատմամբ». ըսաւ ան:
«Ադրբեջանական զինուած ուժերը նախ 82 մմ. տրամաչափի ականանետից եօթ արկ, ապա 120 մմ. տրամաչափի ականանետից երեք արկ արձակեցին Հայաստանի Չինարի բնակավայրի ուղղութեամբ, ինչի հետեւանքով վնասուեցին բնակելի տներ: ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան կողմից ՀՀ տարածքի դէմ ձեռնարկուած ցանկացած փորձ թիրախաւորուել եւ չէզոքացուել է: Ընդ որում, հայկական զինուած ուժերը, հետեւելով իրենց սկզբունքներին, ադրբեջանական բնակավայրերի ուղղութեամբ կրակ չեն վարել: Թիրախաւորուել են միայն ադրբեջանական զինուած ուժերի միջոցները: Ըստ էութեան՝ ՀՀ զինուած ուժերի ստորաբաժանումների ՀՀ Տաւուշի մարզի սահմանագօտում գտնուող «Անվախ» դիրքի ուղղութեամբ կէս գիշերից յետոյ ադրբեջանական զինուած ուժերի յատուկ նշանակութեան ստորաբաժանումների 100 զինծառայող խոշոր զինատեսակների, մասնաւորապէս հրետանու կրակի աջակցութեամբ փորձել են յարձակուել, բայց հայկական դիրքի զինուորների հերոսական եւ գրագէտ գործողութիւնների արդիւնքում հետ են շպրտուել՝ թողնելով զգալի կորուստներ», աւելցուց ան:
Այն հարցումին, թէ ի՞նչ նշանակութիւն կրնան ունենալ այս կարճատեւ ռազմական գործողութիւնները՝ ռազմական արուեստի տեսանկիւնէն՝ փորձագէտըպատասխանեց. «Յուլիսեան մարտական գործողութիւնները, որոնք դասական ռազմական գիտութեան տեսանկիւնից ունէին մարտավարական նշանակութիւն, ներգրաւուած ուժերի եւ միջոցների, կիրառուած զինատեսակների առումով արդէն վերաճել են մարտավարականից դէպի գործնական, իսկ դրանց ռազմաքաղաքական նշանակութիւնը դրսեւորւում է նաեւ ռազմավարական մակարդակում: Այս մարտական գործողութիւնները փաստացի կրկին ապացուցեցին, որ ռազմական գիտութեան դասական սահմանումներն ու բաժանումները պայմանական են, դրանք այնքան էլ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Այդ ռազմական գործողութիւնների ընթացքում օգտագործուած միջոցները, դրանց կիրառութեան ձեւերն ու եղանակները հերթական անգամ ապացուցեցին, որ հեռահար մարտը, գիշերային մարտը, առնուազն բարձրացնում են իրենց տեսակարար կշիռը, բարձր տեխնոլոգիական (արհեստագիտական, Խմբ) միջոցները գերակայ են դառնում: Եւ այս ամէնում Հայաստանի բանակն ապացուցեց իր յստակ մասնագիտական եւ մարտավարական առաւելութիւնը ադրբեջանական բանակի նկատմամբ»: