ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակին նվիրված ցերեկույթի մասնակիցները հնարավորություն ունեցան պատմել պատերազմին մասնակցած իրենց պապերի հերոսական քայլերի մասին:
Տոնական միջոցառումը, որի ընթացքում հնչեցին հաղթական «Կատյուշա», «Վերադարձիր», «Կուկուշկա» և այլ հայտնի ու սիրված երգեր, անցկացվեց մայիսի 9-ին Սիրահարների այգում:
«Մեզ համար մայիսի 9-ը Ռուսաստանի, Հայաստանի և Հայրենական պատերազմին մասնակցած մի շարք այլ երկրների կարևորագույն տոնն է: Հայաստանից բազմաթիվ մարդիկ են մասնակցել պատերազմին, և նրանց մի մասը չի վերադարձել: Հայերը հարյուրից ավելի հերոսներ են տվել այդ պատերազմում»,-«Արմենպրես»–ի հաղորդմամբ` նշեց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:
Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին այդ պատմական օրը հավերժացնելու համար և խոստովանեց, որ դա են փաստում նաև այսօր Հայաստանի տարբեր անկյուններում իրականացվող միջոցառումները:
Ռիբինսկու խոսքով` իրենք ամեն տարի տարբեր ձևաչափով են նմանատիպ միջոցառումներ կազմակերպում` փորձելով դրանք ավելի հետաքրքիր ու տոնական դարձնել:
«Հուսամ` այստեղ գտնվող մարդիկ լավ տրամադրությամբ կհեռանան»,-եզրափակեց նա:
Համերգային ծրագրում ելույթ ունեցան Քրիստինա Անդրիկյանը, Մեգի Բադիրյանը, Դիանա Կարոյանը, Ժաննա Գասպարյանը և այլք:
Միջոցառումը կազմակերպել էր Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական կազմակերպության աջակցությամբ: