Արա Մկրտչի Նախշքարյան
Ի՞նչ է մշակույթը.
…Դա ազգերի ինքնաճանաչման, ինքնահաստատման, ինքնադրսեւորման, ինքնապահպանման միակ միջոցն է ժամանակի ու տարածության մեջ:
Սկսած նյութական շինարարությունից մինչեւ հոգեւոր շինարարությունը, պիտի լծվենք գործի: Մենք մեր մշակույթը երեք օրվա քանդեցինք ու հիմա 30 տարի է չենք կարողանում կառուցել: Պատճա՞ռը… ասեմ. դրսից ներմուծված անհայտ ծագումով ու կասկածելի բաղադրությամբ շինանյութն է: Նյութական ու Հոգեւո՛ր շինանյութը…
Մենք մեր հոգին 30 արծաթով վաճառեցինք ու զղջման փոխարեն այդ արծաթով ուրախացանք: Գոնե Հուդայի համարձակությունը չունեցանք ասելու թե. -Հետ վերցրեք ձեր 30 արծաթը, իմ ունեցածն ավելին արժե եւ մինչեւ անգամ անգին է: Չհամարձակվեցինք, վախեցանք, որ ճիշտ չեն հասկանա, որ կպատժեն ու այլեւս մեր դեմ կփակեն բոլոր դռները: Արդյունքում ունեցանք սերունդ, որը «Քաջ Նազարին» փոխեց «Փոքրիկ իշխանով»…
Ազգային դաստիարակությունը իսպառ վերացավ ընտանիքից, դպրոցից: Ծնողն ամբողջ օրը սերիալներից չի կտրվում, ուսուցիչը տրամադրություն չունի դասի նյութը փոխանցելու… բա երեխան, աշակերտը որտեղի՞ց պիտի լսի ու կարդա այդ Հայրենիք կոչվածի մասին, համակարգչու՞մ… ի հարկե ոչ: Զարգացող տեխնիկան լրիվ հակառակն է պարտադրելով սովորեցնում: Տերյան կարդալու փոխարեն սոցցանցերում թրեւ ենք գալիս…
Ավելի հաճելի զբաղմունք երեւի թե չկա աճող սերնդի համար: Հիշում եմ, ժամանակին երբ որեւէ մանկական, պատանեկան, արկածային եւ հայրենասիրական թեմաներով ֆիլմեր էինք դիտում, դուրս էինք գայիս բակ,ու փորձում էինք կրկնօրինակել ֆիլմերի հերոսներին ու մինչեւ անգամ կռվում էինք բակի երեխաներով թե ով պիտի լիներ ասենք Ռոբին Հուդը, Էլեկտրոնիկը, ու եւ այլն… ու դա չխանգարեց մեր այդ սերնդին, որ ավելի լայն մտահորիզոններ ձեւավորեր իր ներսում ու ավելին իմանար, քան այսօր ունենք իմանալու համար…
Ես կարծում եմ, որ մեզ այս անելանելի վիճակից փրկվելու համար ուրիշ բան է անհրաժեշտ, պետք է ազգային արժեք գնահատող ու այդ ամենի համար ցավող մեկը, ով կկարողանար պարտադրել /այլ կերպ ասած. դիկտատոր/ կարեւորագույնը, առաջնայինը:
Եկեք մտածենք այս մասին…
Սիրելի ծնող, ուսուցիչ, եկեք մեր առջեւ ամեն բանից վեր դնենք սերունդների փրկության խնդրի լուծումը, հանուն Հայրենիքի ու Ազգային Գաղափարախոսության, որպեսզի վաղը նորից չունենանք թիկնապահներ ու գեր հերոսներ, ամենաթողություն ու անտարբերություն…
Եկեք գործենք միասին:
Այլեւս խորհելու եւ խոսելու ժամանակը չունենք, այլեւս պիտի գործ անենք…
Այլապես վաղն ուշ կլինի, այսօր էլ ուշ է, ու ընդհանրապես շա՜տ ուշ է… Ժամանակը չի սպասում, այն գնում է վերջանալու:
(հին թղթեր)