ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Եւրոպական խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի գաղթականներու եւ տեղահանուածներու յանձնաժողովի նիստին ընթացքին քննարկուեցաւ վերջին պատերազմէն ետք Արցախի մէջ յառաջացած մարդասիրական ճգնաժամին մասին զեկոյցը:
ԵԽԽՎի մէջ Հայաստանի պատուիրակութեան անդամ Նաիրա Զոհրապեան դարձեալ բարձրացուց հարցը հայ ռազմագերիներուն, զորս Ատրպէյճան կը շարունակէ պահել՝ իբրեւ քաղաքական պատանդներ, կոչ ուղղելով Եւրոպայի խորհուրդին`դադրեցնելու հռետորական յայտարարութիւնները ու բարի կամեցողութեամբ դիմելու գործնական քայլերու:
«Հայ ռազմագերիներն ու գերեվարուած կանայք շարունակում են մնալ գերութեան մէջ, ու կարծում եմ, հասկանում էք, թէ ինչ է նշանակում նրանց համար գերութեան իւրաքանչիւր օրը: Բարեբախտաբար, նախօրէին գերեվարուած հայ կանանցից մէկը` Մարալ Նաճարեանը, ազատ արձակուեց ու նա այլեւս իր որդիների հետ է: Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը յայտարարեց, որ Ադրբեջանում այլեւս հայ ռազմագերիներ չկան եւ մնացեալը ահաբեկիչներ ու ներթափանցողներ են: Սա խայտառակ անամօթ յայտարարութիւն է, որը ոտնահարում է միջազգային բոլոր ուխտերը: Ամենամօտաւոր հաշուարկներով անգամ հէնց այս պահին Ադրբեջանում երկու հարիւրից աւելի մենք գերեվարուած անձինք ունենք, որոնց թւում նաեւ կանայք: Ուղղակի անթոյլատրելի է, որ Ադրբեջանը շարունակում է քաղաքական վալիւտայի (սակարանի փոխանակութեան արժէքի) կարգավիճակով պատանդ պահել մեր ռազմագերիներին ու գերի ընկած կանանց` Հայաստանի իշխանութիւններից ինչ-ինչ նոր ակնկալիքներ ունենալով: Երբեւէ, որեւէ անգամ որեւէ պետութիւն այսպէս գռեհկօրէն չէր միջամտել մէկ այլ երկրի ներքին գործերին, ինչպէս դա հիմա անում են Ադրբեջանն ու Թուրքիան` գերիների հարցը շաղկապելով հայաստանեան ներքաղաքական իրավիճակի հետ: Սա ուղղակի անթոյլատրելի է եւ ես կոչ եմ անում մեր վեհաժողովին` թոյլ չտալ Ադրբեջանին ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկայ», յայտնեց Զոհրապեան:
Ան նաեւ իր խօսքը ուղղեց ժողովին ներկայ ատրպէյճանցի պատգամաւորներուն` դիմելու խորհրդարանի կին նախագահին, որ տուեալ յանձնաժողովին մէջ մնայուն կերպով կը խօսուի մարդու եւ կանանց իրաւունքներուն մասին: «Ազա՛տ արձակէք հայ ռազմագերիներին եւ կին գերիներին, մի՛ դարձրէք մարդու, զինուորի, գերի ընկած կնոջ կեանքը ձեր ձեռքին քաղաքական բոնուս (առաւելութիւն): Սա անթոյլատրելի է: Ուզում եմ յուսալ, յարգելի գործընկերներ, որ սա հերթական ձեւական քննարկումը չի լինի, որ խօսեցինք ու անցանք, իսկ գերության մէջ գտնուող հայ զինուորի ու հայ մօր համար օրը դարից էլ երկար է ձգւում: Իրապէս գործել է պէտք, որովհետեւ վաղը կարող է այլեւս ուշ լինել», շեշտեց Զոհրապեան: