Այսու, մեր ընթերցողներուն կը ներկայացնենք Կանթեղի երիտասարդ եւ Շնորհալի Արուեստագիտուհի՝ ՄԵԼԻՆԷ ՅԱԿՈԲԻ ՄԱԹևՈՍԵԱՆԻՆ
Կանթեղին ունեցած հեռակայ հարցազրոյցին միջոցաւ.
Կը հրաւիրենք Ձեզի հետեւելու եւ ծանօթանալու Մելինէին.
Հ-1:
Յարգելի Մելինէ, գաղտնիք չէ որ լոյս աշխարհ եկած ես Հայաստանի արուեստի աղբիւրը դարձած Գիւմրի քաղաքը: Կ՛ուզենք իմանալ թէ սկզբնական ուսման շրջաններուն արուեստը ի՞նչպիսի տեղ գրաւած էր քովդ եւ ե՞րբ սկսաւ անոր զարգացումը:
Պ-1:
Արվեստի զարգացումը իմ մոտ սկսվեց դեռ մանուկ հասակից, 2 տարեկան էի երբ առաջին անգամ նկարեցի: Մայրիկս միշտ պատմում է, թե ինչպես եմ 2 տարեկան հասակում նրանից թուղթ և մատիտ ուզել և վերցնելով մատիտը անմիջապես թղթի վրա նկարել եմ խաչ, ու դա եղել է իմ առաջին ստեղծագործությունը: Այդ օրվանից մինչ օրս ստեղծագործում եմ և շարունակում եմ զարգացնել իմ սիրելի արվեստը:
Հ-2:
Ե՞րբ որոշեցիր երկրորդական ուսումէդ վերջ հետեւիլ գեղարուեստի բարձրագոյն ուսումին եւ ի՞նչպիսի երազանքներով մուտք գործեցիր համալսարան եւ ո՞ւր վիճակուեցաւ քեզի այդ ուսումը:
Պ-2:
Քանի որ մանկուց սիրել եմ նկարել և միշտ հետաքրքրված եմ եղել արվեստով, դպրոցը ավարտեցի և ընդունվեցի Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ, ավելի զարգացնելու իմ գիտելիքները և մոտ լինելու արվեստին: Այդ ուսումը տարավ ինձ դեպի իմ երազանքների իրականացման…
Հ-3:
Գեղարուեստի համալսարանի մուտքի առաջին օրէն, ի՞նչպիսի մտքեր տիրապետած էին հեռանկարիդ մէջ, արդեօ՞ք անոնք մնացին նոյն ոլորտին մէջ թէ ժամանակի ընթացքին փոփոխութեան ենթարկուեցան իբրեւ մասնագիտական ուղութիւն: Եթէ կան պատճառներ խնդրեմ նշեցէք:
Պ-3:
Մեծ երազանքներով մուտք գործեցի ակադեմիա: Սովորելուվ այնտեղ շատ գիտելիքներ ստացա, բացահայտեցի մի շարք գաղտնիքներ, որոնք թաքնված էին արվեստի մեջ, առաջին անգամ մոտեցա բնությանը, փորձեցի հասկանալ նրան, դուրս եկա բնության գիրկ, նկարեցի, նկարեցի~, հասկացա որ չեմ կարող առանց բնության, առանց արվեստի, առանց գույների ապրել ուղղակի անհնար է, անհնար է ապրել մաքուր և անգույն ձեռքերով, իմ ձեռքերը ներկոտվելու համար են, յուղաներկերից ճաքճքվելու և մաշվելու համար են:
Մասնագիտությունս գեղանկարչությունն է և շարունակելու եմ նույն ոգով…
Հ-4:
Ե՞րբ եղաւ Մելինէ արուեստագիտուհիին կեանքին մէջ անկիւնադարձը որուն լոյսին տակ որոշեցիր քու արուեստի ճանապարհդ:
Պ-4:
Իմ արվեստի ճանապարհը ընտրելուն նպաստեց գույների և բնության հանդեպ սերը, որը միայն նկարչությամբ կարող էի արտահայտել:
Հ-5:
Ե՞րբ ունեցար առաջին անհատական ցուցահանդէսդ եւ ո՞ւր, ի՞նչ էր ընդհանուր ցուցահանդէսին նկարներուն թեմաները, եւ ի՞նչ էին զգացումներդ այդ օրը: Իսկ երկրորդ անհատական ցուցահանդէսդ երբ իրագործուեցաւ: Չմոռնաս նաեւ մասնակցած մրցումներուն մասին տեղեկացնել: Հաճիս ամփոփ կերպով լուսաբանէ մեզի:
Պ-5:
Ցուցահանդեսներ շատ եմ ունեցել թե անհատական թե խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել, Հայաստանի տարբեր մարզերում, և Հայաստանից դուրս այլ երկրներում, սակայն ուզում եմ նշել վերջերս տեղի ունեցած անհատական ցուցահանդեսի մասին, որը տեղի ունեցավ Գյումրու Քաղաքապետարանում, <<Բնության ակնթարթներ>>խորագրով, այդ ցուցահանդեսին մասնակցում էի <<Դասական ուրբաթ>>նախագծին:
Մասնակցել եմ բազմաթիվ միջազգային ծրագիրների,միջոցառումների, ներկայացրել եմ Հայաստանը, Շիրակի մարզը, կարող եմ նշել մի քանիսը <<Աշխարհի պատերի միացում>> Նիդեռլանդներ,ներկայացրել եմ այստեղ Հայաստանի պատը,նկարելով Մարտիրոս Սարյանի <<Հայաստան>>նկարը, <<Ջավաղք`գույների աշխարհ>> Վրաստան միջազգային պլեներին ներկայացրել եմ Հայաստանը,<<Մինասի գույներով >>երիտասարդ նկարիչների միջազգային պլեներին արդեն 8տարի է ինչ մասնակցում եմ որպես Շիրակի մարզի թիմի ղեկավար,ներկայացնելով Շիրակի մարզը և այսպես շարունակ …
Հ-6:
Նկատելի է նկարներուդ մէջ մեծ տեղ գրաւած է եւ տիրապետած է բնութիւնը եւ անոր վար գոյները: Ի՞նչի արդիւնքէ բնութեան նկատմամբ ունեցած սէրդ:
Պ-6:
Այո իմ ստեղծագործությունների մեծ մասը բնանկարներ են, անընդհատ ստեղծագործելով բնության գրկում ավելի եմ կապվում նրա հետ, աընդհատ ցանկանում եմ նկարել և իմ համար նոր բացահայտումներ անել, ես ուղղակի սիրեցի շատ բնությանը, ուզեցի իմ նկարներով հասկանալ նրան,նրա գույները, օդը, երկինքը, ծառերը որոնք իմ կոմպոզիցիաների մեծ մասն են կազմում, իմ նկարների լույսն եմ համարում, արևը` կյանք, երկինքը`սիրտ: Բնությունը շատ է հետաքրքում ինձ, հատկապես տարբեր եղանակներին, նաև օրվա տարբեր ժամերին, սիրում եմ նստել և հետևել , թե ինչպես է նույն տեսարանը ակնթարթորեն գունափոխվում, բնությունը բույն դրեց իմ մեջ, ապրեց իմ մեջ, իսկ ես`նրա…
Հ-7:
Արուեստի նկատմամբ ունեցած գեղեցիկ տուեալներուն կողքին ամէնէ գնահատելի բաժինին մասին կը խնդրենք որ խօսիս՝ երեխաներուն յատուկ ստեղծած արուեստանոցդ «սդիւտիոն» ուր 5 –տարեկանէն սկսեալ երեխաները կանդամակցին սորվելու համար արուեստի այբուբենը, կարգն ու կանոնները որպէսզի ապագային ունենանք դաստիարակուած ուժեղ հիմերու վրայ ծիլ տուած փայլուն արուեստագէտներ զանազան մասնագիտութիւններով: Կը խնդրենք այս մասին լուսաբանես Կանթեղի խմբակիցներուն եւ համակիրներուն թէ՝ Ե՞րբ եւ ի՞նչպէս ծայր տուաւ երեխաներուն համար յատուկ արուեստանոց մը հիմնելու գաղափարը:
Պ-7:
Երբ որ տեսա և հասկացա արդյունքը իմ արվեստի հասկացա որ հասել եմ իմ նպատակին և կատարվել է իմ երկար տարիների երազանքը, նկարում եմ, իմ արվեստը սիրում են և գնահատում ու հասել եմ շատ հաջողությունների, շարունակում եմ զարգացնել իմ արվեստը և սովորել, անվերջ սովորել: Մտածեցի որ հիմա ժամանակն է օգնել այն մարդկանց, ովքեր սիրում են արվեստը, ցանկացա նրանց ոգևորել, ոգեշնչել, և տանել իմ աշխարհ,այն փոքրիկ գունավոր անկյուն է, բայց աշխարհ էլ կսազի եթե այդպես անվանենք: Եվ որոշեցի ստեղծել նկարչական ստուդիա, «ՄԵԼԱ» արվեստի ստուդիա, որտեղ կարող են սովորել բոլոր արվեստասեր մարդիկ, սկզբում հայտնեցինք 5 տարեկանից սկսած, բայց ցանկացողներ շատ եղան 3 տարեկան փոքրիկներ, չկարողացա մերժել և փոխեցի հայտարարությունը դարձնելով 3 տարեկանից սկսած, հիացած եմ իմ փոքրիկների տաղանդներով: Մեծ սիրով են հաճախում իմ աշակերտները, ամեն օր զարմացնում և հիացնում են իրենց աշխատանքներով,ես վստահ եմ, որ նրանք հայտնի նկարիչներ կդառնան,հիմա դա է իմ երազանքը…
Հ-8:
Ի՞նչ են ապագայի նկատմամբ ծրագիրներդ:
Պ-8:
Մտածում եմ ապագայում ավելի մեծ նկարչական դպրոց ստեղծել, շարունակել մասնակցել տարբեր ցուցահանդեսների և միջոցառումների, հիմա ստեղծում եմ նաև ձեռագործ փայտե զարդեր, որոնք ցանկանում եմ ավելի կատարելագործել և ապագայում ցուցադրել :
Հ-9:
Շնորհակալութիւն Յարգելի ՄԵԼԻՆԷ, որ առիթը ընծայեցիր Կանթեղին այս հարցազրոյցը իրականացնելու եւ քեզի ներկայացնելու Կանթեղի խմբակիցներուն եւ ընկերներուն:
Ի սրտէ կը մաղթենք յաջողութիւն բոլոր ապագայի ծրագիրներուդ:
Պ-9:
Շնորհակալ եմ հարցերի և իմ արվեստով հետաքրքրված լինելու համար: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ:
Հարցազրոյց վարեց՝
ԱԲԻԿ ԱԲՐԱՀԱՄ ԳԱՆՏԻԼԵԱՆ
Գանատայէն. 9 Մայիս 2020