ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արցախփրէս».- Իրականացուած աշխատանքների, «Հեռուստամարաթոն-2018»ին ներկայացուող ծրագրերի եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Արցախփրէս»ի թղթակից Անի Ա-ւանեսեանը զրուցել է Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանի հետ:
ԱՆԻ ԱՒԱՆԵՍԵԱՆ.- Պարո՛ն Արշամեան, «Հեռուստամարաթոն-2018»ին ընդառաջ արդէն կատարուել են առաջին նուիրատուութիւնները: Հետաքրքիր է՝ այս ընթացքում եղե՞լ են նոր նուիրատուութիւններ:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Նախ նշեմ, որ հիմնադրամը UNIBANK ARMENIA ընկերութեան կողմից արդէն ստացել է առաջին խոշոր նուիրատուութիւնը՝ 15 միլիոն դրամի չափով: Իսկ Տորոնտոյի տեղական մարմինն այս տարուայ բարեգործական ճաշին հաւաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար (1 մլն. ամերիկեան դոլար):
Նուիրատուութիւններ, իհարկէ, լինում են, սակայն գումարների մասին հիմնականում յայտարարւում է հեռուստամարաթոնի ժամանակ: Այս ընթացքում գտնւում էի ԱՄՆի Կալիֆորնիա նահանգում, որտեղ բազմաթիւ հանդիպումներ եմ ունեցել բարերարների հետ: Խօսել ենք Հայաստանում եւ Արցախում իրականացուելիք տարբեր ծրագրերի մասին: Վստահ եմ, որ այս տարուայ հեռուստամարաթոնին չենք սահմանափակուելու միայն արեւային ջրատաքացուցիչների տեղադրման եւ խորքային հորերի հորատման ծրագրերով: Այս տարուայ գումարները փորձելու ենք ուղղել նաեւ կրթութեան, մշակոյթի եւ այլ տարբեր ոլորտների, որոնք նոյնպէս հոգածութեան կարիք ունեն:
ԱՆԻ ԱՒԱՆԵՍԵԱՆ.- «Հեռուստամարաթոն-2018»ի հանգանակուած գումարներով ինչքանո՞վ են ընդլայնուելու սկսուած ծրագրերը, եւ յստակեցուե՞լ են արդեօք 2019ին մեկնարկելիք նոր ծրագրերը:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Ծրագրերի ընդլայնումը կապուած է հաւաքուող գումարների հետ: Ինչքան գումարները շատ լինեն, բնականաբար, ծրագրերն այնքան կ՛ընդլայնուեն՝ յատկապէս ոռոգման ջրի՝ խորքային հորերի առումով:
Առաջին հերթին պէտք է ուսումնասիրութիւն եւ կարիքների գնահատում կատարուի՝ հասկանալու, թէ առաջնահերթ որ համայնքներն ունեն խորքային հորերի հորատման եւ կաթիլային համակարգի ներդրման անհրաժեշտութիւն: Ինչ վերաբերում է հիմնադրամի կողմից գալիք տարում մեկնարկելիք ծրագրերին, ապա նշեմ, որ հարցը դեռեւս պէտք է քննարկուի Արցախի Հանրապետութեան կառավարութեան հետ, որն առաջնահերթ է համարում Արցախում ամբողջական ջրամատակարարման խնդիրը, քանի որ կան անհրաժեշտ պայմաններ հողային տարածքները մշակելու համար, սակայն ջրի խնդիր կայ:
ԱՆԻ ԱՒԱՆԵՍԵԱՆ.- Եթէ ամփոփենք 2017ին կատարուած աշխատանքները, քանի՞ խորքային հոր է հորատուել եւ քանի՞ արեւային ջրատաքացուցիչ տեղադրուել: Ինչպէ՞ս կը գնահատէիք կատարուածը:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Նախատեսուած էր կառուցել 18 խորքային հօր: Այս պահին պէտք է խօսենք 14ի մասին, քանի որ մի քանիսում ջուր չի յայտնաբերուել:
Խորքային հորերի հորատումը ինքնին միայն գործընթաց չէ: Չնայած գէոդեզիական նախնական հետազօտութիւններ են կատարուել եւ կան հին քարտէզներ, որոնց օգնութեամբ մօտաւոր պարզւում է ջրի տեղը, սակայն տարիների ընթացքում այդ ամէնը փոփոխւում է, եւ առանձին դէպքերում ջուրը նախատեսուածից կամ շատ, կամ քիչ է լինում: 2017 թուականը ծրագրի համար կարելի է անուանել պիլոտային: Այսինքն այն կրում էր փորձնական բնոյթ: Այս ընթացքում մասնագէտները եւ շինարարները աւելի են հմտացել: Յուսանք՝ 2018ին աւելի լայն թափ կը ստանան խորքային հորերի հորատման աշխատանքները:
Անդրադառնալով արեւային ջրատաքացուցիչների տեղադրմանը, ապա նշեմ, որ Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում ներկայումս համակարգերը տեղադրուած են 60 տներում: Սակայն աշխատանքներն այնտեղ դեռեւս շարունակւում են: Եւ պէտք է նշեմ, որ ծրագիրը յաջողուած է:
ԱՆԻ ԱՒԱՆԵՍԵԱՆ.- Վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը եւս անդրադարձաւ հիմնադրամի գործունէութեանը՝ նշելով, որ կ՛անի հնարաւորը, որպէսզի կարճ ժամանակում նոր գործադիր տնօրէնի գլխաւորութեամբ կառոյցը մշակի ծրագիր, որի շնորհիւ էլ հիմնադրամի աշխատանքները կը հասցուեն աւելի բարձր մակարդակի: Այդ առումով կա՞ն նորութիւններ:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Այո, ծրագիրը գտնւում է մշակման փուլում: Մինչեւ հեռուստամարաթոնը պէտք է հասցնենք ծրագրի նախնական տարբերակը ունենալ: Արդէն կան գաղափարներ եւ որոշակի պատկերացումներ: Մնում է միայն յանձնել թղթին:
ԱՆԻ ԱՒԱՆԵՍԵԱՆ.- Պարո՛ն Արշամեան, եւ վերջում ամենակարեւորի մասին: Ի՞նչ սպասելիքներ ունէք այս տարուայ Հեռուստամարաթոնից:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Ակնկալիքներս մեծ են, բայց կարծում եմ դեռ պէտք է սպասել: Յուսով եմ՝ ամէն ինչ լաւ է լինելու: