ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲԵԱՆ
Լրացավ հայ ժողովրդի համազգային ողբերգության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:
Դարից ավելի ժամանակ է անցել, բայց մեր ցավն անընդհատ մորմոքվում է ու նորոգվում, բաց վերքն արնահոսում է ու չի սպիանում…
Հարվածն այնքան սոսկալի էր, կատարվածն այնքան հրեշավոր, հետևանքները՝ անչափելի. հայրենազրկում, 1,5 միլիոն անմեղ զոհ, ունեզրկում, մշակույթի, լեզվի կորուստ, որ հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ իր խոր վիշտը և շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար:
Հայ ժողովրդի ստեղծած արժեքների ոչնչացումն ու մշակութային ցեղասպանությունը սելջուկ թուրքերի կողմից սկսվել է դեռևս 1170 թվականին, երբ Սյունյաց Բաղաբերդ ամրոցում քոչվոր ցեղը խրախճանք ու հրավառություն էր կազմակերպել՝ խարույկի ամենակուլ բոցերում այրելով 10 հազար հայկական ձեռագիր մատյաններ:
Թե գրապաշտ հայ ժողովրդի ծաղկած քանի ձեռագիր հրո ճարակ դարձան, ոչ ոք ստույգ չգիտի, միայն մի քանի նվիրյալների ցուցակագրած ձեռագիր մատյանների թիվը դարասկզբին հասնում էր 24 հազարի: Ի՞նչ եղան պատմության այդ խոսուն վկաների ճակատագրերը…
Ըստ 1912-1913թթ. Կ.Պոլսի Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարության ներկայացված պաշտոնական պատմագրության տվյալների՝ օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2200-ից, որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվել, այրվել և ավերվել է…
Եթե մարդկությունը 1915 թվականին կանխեր մարդատյաց ասկյարի եղկելի ծրագրի իրագործումը, գամեր նրան անարգանքի սյունին ու դատապարտեր այդ աննախադեպ ոճրագործության համար, ապա այսօր թուրքական ծավալապաշտական նկրտումներն այսպիսի դրսևորումներ չէին ունենա, և թուրքիան այդպես անթաքույց չէր հպարտանա, որ կագնել է իր փոքր եղբոր թիկունքին՝ Արցախի հայաթափման ու անդամահատման ծրագիրն իրականացնելիս, մեր հազարավոր հերոս որդիներին բայրաքթարներով սպանելիս:
Մինչև հիմա էլ թուրքիայում, ինչպես նաև ադրբեջանում շարունակում են ոչնչացնել հայկական պատմական հուշարձանները: Ադրբեջանի կազմի մեջ արհեստականորեն ընդգրկված Նախաիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որը պատմական Հայաստանի մի մասն էր, հայ ազգաբնակչությունը 1919-1922թթ. կոտորվեց կամ արտաքսվեց, իսկ վերջին մի քանի հազարն էլ փախստական դարձան 1988-1989 թվականներին: Ազերիները, իրենց էությանը հարազատ մնալով, շարունակեցին ջնջել հայության հետքերը` հողին հավասարեցնելով հարյուրավոր եկեղեցիներ, մատուռներ, Ջուղայի պատմական հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերն ու տապանաքարերը:
Պետականորեն ծրագրված Հայոց ցեղասպանության ընթացքում կոտորվեցին, խլեցին, ջնջեցին, բայց անկարող եղան հաղթել մի ժողովրդի, որի ոգին օժտված է կենսունակության զարմանալի ուժով, << կտրեցին անգամ արմատից լեզուն և սակայն իզուր, չի հատնել լեզուն>>:
Հայ ժողովուրդը կոտորվեց, տարհանվեց, հայրենացրկվեց, որբացավ, տարածվեց ի սփյուռս աշխարհի, բայց իր վրեժը լուծեց ապրելով ու արարելով, քաղաքակիրթ ձևով պայքարելով հանուն իր արդար Դատի: Եղեռնից մազապուրծ հայորդիները Երկիր մոլորակով մեկ դարձան հայկական Սփյուռք և կառուցեցին հայկական աշխարհ, կերտեցին ազգային արժեհամակարգի վրա խարսխված հայկական նոր մշակույթ:
Ցեղասպանությունից փրկված հայը, որտեղ էլ որ հաստատվեց, պայքարեց ամենակարևորի` իր ազգային Ինքնության, Լեզվի, Հավատի համար, կառուցեց դպրոցներ, եկեղեցիներ, մշակույթի օջախներ: Հայ էինք, Աշխարհասփյուռ Հայ դարձանք և Հայ մնացինք: Եվ որպես Հայի ազգային Ոգու խռովքի ու լուռ պայքարի արտահայտություն` գրեթե ամենուր երևան եկան քրիստոնեական հավատի խորհրդանիշ մեր զորավոր խաչքարերը, խաչքար-հուշարձանները, հուշարձան-ուխտատեղիները, որոնք դարձան մոռացության դեմ հառնած կոթողներ, հիշողության պահպանման ու պայքարի միջոցներ, դարձան խոսող խաչքարեր, երգող խաչքարեր, լացող խաչքարեր, արտահայտվեցին որպես քարե բողոք, քարե անեծք, քարե ցասում…
Անհրաժեշտ է արդար գնահատական տալ մարդկության դեմ ուղղված ոճիրներին և որպես դրանց նախադեպ ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել մշակութային ցեղասպանության բոլոր դրսևորումները, սակայն, ճանաչման ու դատապարտման փոխարեն այսօր դեռ շարունակվում են մարդկության դեմ ոճիրները նոր ժամանակների ոգով ու տրամաբանությամբ, գիտատեխնիկական նվաճումների կիրառմամբ, բարձր տեխնոլոգիաներով: Անպատժելիութան ու ամենաթողության հետևանք են Կիպրոսում, Հունաստանում, Սիրիայում, Լիբիայում, Արցախում կատարված ու կատարվող պատերազմական և այլ հանցագործությունները թուրքիայի կողմից:
Միջազգային հանրությունը, քաղաքակիրթ երկրները պետք է ուղղեն իրենց սխալը՝ ճանաչելով պատմական իրողությունը, դատապարտելով 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի և ողջ մարդկության դեմ ուղղված ոճիրը՝ ցեղասպանությունը և անհրաժեշտ սանկցիաներ կիրառեն թուրքիայի և ադրբեջանին դեմ՝ նրանց վռնդելու բոլոր միջազգային կառույցներից, բոյկոտելու նրանց հետ իրականացվող ծրագրերը, տնտեսական գործարքները:
Սիրելի՛ սփյուռքահայ բարեկամներ, գիտեմ, որ ուշի-ուշով հետևում եք Հայաստանում տեղի ունեցող անցուդարձին և Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին, պատկերացնում եմ ձեր հոգեկան ապրումներն ու մտահոգությունները, միաժամանակ, վստահ եմ, որ չեք կորցրել հավատը հայ մարդու ստեղծագործ էության, հայ ժողովրդի՝ վերընձյուղվելու և վեր հառնելու գերբնական ուժի հանդեպ։
Ապավինենք Աստծուն և հայի ինքնապահպանման ներուժին, հավատանք, որ լուսավորը, գեղեցիկը, բարին ու առաքինին կհաղթեն ատելությանը, ազգային-պետական շահերի գիտակցումն ու դրանց պաշտպանության կամքն ու կարողությունը կհաղթեն թշնամանքին, և ի վերջո՝ սերն ու համերաշխությունը կհաստատվեն Հայոց բազմաչարչար ու սրբազան հողի վրա, հայ ժողովուրդը կուղղի իր կորացած մեջքը, և Հայը, աշխարհի որ ծայրում էլ լինի, իրեն արժանապատիվ հայորդի կզգա: Մենք շարունակելու ենք Հիշել և Պահանջել, մենք միասնաբար հասնելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը:
Հիշենք մեր հանճարեղ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի մարգարեական խոսքերը.
‹‹Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան…››։
Եվ ինչպես Պարույր Սևակն է բանաձևել.
‹‹…Ախ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
Աշխարհքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա…››։