ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնիղեկավար Թեւան Պողոսյանը 2017 թվականի թերեւս միակ հաջողությունը համարում է նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Նրա խոսքով՝ դա, այնուամենայնիվ, չի կարելի համարել նպատակի վերջնական իրագործում, քանի որ առջեւում դեռ համաձայնագրի վավերացումն է եւ դրույթների իրականացումը:
«2018 թվականը կարելի է համարել տարի, երբ Հայաստանը պետք է այն դիվանագիտությունը վարի, որ Եվրամիության բոլոր անդամ երկրները վավերացնեն պայմանագիրը, եւ միաժամանակ կարողանանք սկսել իրագործումը, եւ այդ բարեփոխումները մեր ներքին խնդիրների համեմատ պետք է լինեն որակով»,–«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը:
Նրա կարծիքով՝ 2017 թվականը ավելի շատ ըստ իրավիճակի կողմնորոշվելու, այլ ոչ թե հստակ ծրագրված աշխատանքով առաջնորդվելու տարի էր:
«Եվ այս ուղղությամբ նույնպես, ցավոք, մեծ աշխատանք չկար, երբ դու քո արտաքին քաղաքականությունը ծրագրում ես եւ պատրաստ ես լինում բոլոր սցենարներին»,-ասաց Թեւան Պողոսյանը:
Խոսելով արտաքին այլ ուղղությունների, մասնավորապես, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին՝ Թեւան Պողոսյանը նշեց, որ դրան կարելի է անդրադառնալ մեկ տարուց արդյունքները ամփոփելուց հետո:
«Փորձում ենք մտածել, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններում զարգացումներ կլինեն, բայց եկեք ոգեւորվենք, ուրախանանք, երբ լինեն իսկապես իրական արդյունքներ, եւ հասկանանք, որ միայն Վերին Լարսի հույսին չենք մնալու, այլ կլինեն ուրիշ ճանապարհներ»,-ընդգծեց կենտրոնի ղեկավարը:
Արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ Թեւան Պողոսյանը առաջընթաց չի կանխատեսում:
«Պետք է պարզապես պատրաստ լինել տարբեր սրացումների եւ ավելի շատ սպասումներ ունենալ ոչ թե նայելով, թե ինչ կլինի արտաքին ոլորտում, այլ ներքին, այսինքն՝ ինչքան ենք պատրաստ մեր շահերը առաջ տանելու»,-եզրափակեց Թեւան Պողոսյանը: