ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։»,- նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: