Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար գոյություն ունի չորս ճանապարհ. առաջին` նոր պատերազմ, երկրորդ` ստատուս քվոյի պահպանում ևս տասնամյակներ, երրորդ` բանակցված լուծում և չորրորդ՝ խաղաղության կամ լուծման պարտադրում:
Ընդհանրապես, երբ միջազգային ընկերակցությունը կամ Ղարաբաղի հարցում մասնագիտացած և հիմնական միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը խոսում են լուծման կամ կարգավորման մասին, նկատի են ունենում մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համար և որի տակ կլինի բոլոր երեք կողմերի ստորագրությունը:
Քննենք վերոնշյալ բոլոր չորս տարբերակները:
Առաջինը նոր պատերազմի տարբերակն է: Մարդու իրավունքների, մարդասիրության և բազմաթիվ այլ տեսանկյուններից, նոր պատերազմը, որը հետևողականորեն քարոզում է Ադրբեջանը, լուծում չէ: Սակայն դա չի նշանակում, որ պատերազմով հարցեր չեն լուծվում: Ավելին, շատ հարցեր լուծվում են հենց պատերազմով: Երբ հակամարտության մեջ ներքաշված կողմերը, առաջին հերթին՝ Ադրբեջանը, խոսում են նոր պատերազմի մասին, պետք է գիտակցեն, որ նոր պատերազմը կարող է բերել նոր ստատուս քվոյի: Այստեղ մի կողմ թողնենք, թե ինչ ավեր ու տառապանք կբերի պատերազմը հայ և ադրբեջանցի ժողովուրդներին: Բայց երբ խոսք է բացվում նոր պատերազմի մասին, ապա պետք է գիտակցել, որ նոր ստատուս քվոն կարող է լինել անկանխատեսելի:
Ներկայացնենք երեք հավանական տարբերակ: Առաջին, Ադրբեջանը սկսում է նոր պատերազմ, սակայն դրանից որևէ փոփոխության չեն ենթարկվում ո՛չ Հայաստան-Ադրբեջան սահմանները և ո՛չ էլ Արցախ-Ադրբեջան սահմանները կամ, ինչպես ընդունված է ասել միջազգային բառապաշարով, շփման գիծը: Այսինքն՝ նոր պատերազմը չի փոխում ներկա ստատուս քվոն, և միայն կողմերը կրում են ավերածություններ, տալիս հազարավոր զոհեր ու վիրավորներ: Երկրորդ, նոր պատերազմում Ադրբեջանը պարտվում է, կորցնում նորանոր տարածքներ: Օրինակ, արցախյան զինուժը գրոհով վերցնում է Կուր-Արաքսյան միջագետքը, այսպիսով` կիսում Ադրբեջանը: Եթե 1994-ի մայիսին Ռուսաստանը պատերազմող կողմերին հրադադար չպարտադրեր, մեծ էր հավանականությունը, որ հայկական ուժերը գրոհներով կվերցնեին նոր շրջաններ և որպես շփման գիծ Արցախի ու Ադրբեջանի միջև կլինեին Կուր և Արաքս գետերը: Բայց կա նաև նոր պատերազմի երրորդ տարբերակը` Ադրբեջանը պատերազմում գրավում է ոչ միայն Ղարաբաղը, այլև՝ Զանգեզուրը, այսպիսով, պանթուրքական երազանքը դառնում է իրականություն: Ահա այս անկանխատեսելիությունն է նաև, որ հակամարտության կողմերին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, հետ է պահում և պետք է հետ պահի նոր պատերազմի գայթակղությունից:
Արցախյան հակամարտության լուծման երկրորդ ճանապարհը ներկա ստատուս քվոյի պահպանումն է ևս տասնամյակներ: Մի կողմ թողնելով, թե ում համար է աշխատում ժամանակը, պետք է նկատենք, որ եթե ներկա ստատուս քվոն բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար, ապա լայն հաշվով այն ընդունելի է Հայաստանի և հատկապես Արցախի համար: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ այս ստատուս քվոյի պայմաններում Հայաստանը և Արցախը շարունակում են մնալ շրջափակման պայմաններում, դուրս մնում տարածաշրջանային տնտեսական խոշոր ծրագրերից, ավելի մեծ կախվածության մեջ ընկնում Ռուսաստանից, հայ-ադրբեջանական սահմանների վրա դիպուկահարների կրակոցներից սպանվում են երիտասարդ տղաներ, սահմանամերձ գյուղի հայ հողագործը չի կարողանում հող մշակել, քանի որ կրակում են, նաև այդ պատճառով՝ մարդիկ արտագաղթում են և այլն:
Եթե արդեն ավելի քան 20 տարի ստատուս քվոն պահպանվել է, ապա չպետք է բացառել, որ այն կարող է պահպանվել ևս 20 կամ 50 տարի: Ի վերջո, սակայն, ներկա ստատուս քվոն անընդունելի է լինելու Ադրբեջանի համար և պաշտոնական Բաքուն շարունակելու է սպառազինվել, կրակել ու գուցե նաև՝ նոր պատերազմ սկսել, որի հավանական երեք տարբերակների մասին խոսեցինք վերևում:
Արցախյան հակամարտության լուծման երրորդ ճանապարհը բանակցված լուծումն է, այն է` ներգրավված կողմերը սեղանի շուրջ գալիս են ընդհանուր հայտարարի, ստորագրում փաստաթուղթ և դրանում ամրագրված կետերը կյանքի կոչում: Սա լինելու է ցավալի լուծում, քանի որ եթե Բաքուն համաձայնի ճանաչել Արցախի անկախությունը կամ նրա ինքնորոշման իրավունքը, դրա դիմաց պահանջելու է, որպեսզի Երևանն ու Ստեփանակերտը զորքերը դուրս բերեն այն շրջաններից (բացառությամբ`Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միջանցքը), որոնք միջազգայնորեն անվանվում են գրավյալ, իսկ հայության բառապաշարով` ազատագրված: Ի դեպ, Հայաստանի բոլոր երեք նախագահների և նրանց արտգործնախարարների ժամանակ բանակցվել է հենց նման տարբերակ՝ կարգավիճակի դիմաց տարածքներ: Բացեք 1997-ի փաթեթային և փուլային, 1998-ի ընդհանուր պետություն, 2001-ի Քի Վեսթի և վերջին` Մադրիդյան կամ Նորացված Մադրիդյան կոչվող փաստաթղթերը և կհամոզվեք դրանում:
Կա նաև կարգավորման չորրորդ ճանապարհը, որը մոտ է երրորդին: Դա այն տարբերակն է, երբ միջազգային հանրությունը` ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի, ներգրավված կողմերին նստեցնում է բանակցային սեղանի շուրջ և պարտադրում փոխզիջումային որևէ տարբերակ: Խաղաղության պարտադրման օրինակներ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են: Այսօր, անկասկած, դժվար է պատկերացնել, որ Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը խաղաղություն կպարտադրեն Ղարաբաղի հարցում, հաշվի առնելով բազմաթիվ իրողություններ, առաջին հերթին Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա լարվածությունն ու փոխադարձ անվստահությունը: Բայց եթե պատկերացնենք, որ այնուամենայնիվ միջազգային հանրությունը լուծում է պարտադրում, ապա այդ լուծումը հավանաբար կլինի այն տարբերակներից մեկը, որոնց շուրջ բանակցել են հայերն ու ադրբեջանցիները սկսած 1994-ի հրադադարից:
Այսօր ստեղծվել է մի իրադրություն, երբ վերոնշյալ չորս ճանապարհներից երեքը, բացի ստատուս քվոյի պահպանումից, իրատեսական չեն: Խաղաղության համար անհրաժեշտ առաջին պայմանը միջավայրն է: Քանի դեռ շարունակվում է պատերազմի հռետորաբանությունն ու ատելության քարոզչությունը, կարգավորման որևէ տարբերակ ընդունելի չի լինելու: Եթե հակամարտության կողմերը իրականում ուզում են հարատև խաղաղություն, լարվածության թուլացում, սպառազինությունների մրցավազքի դադարեցում, նախ պետք է վերջ տան պատերազմական հռետորաբանությանը: Այն ժամանակ, երբ կողմերը կսկսեն խոսել խաղաղության անհրաժեշտությունից և խաղաղություն քարոզել, դրանից հետո միայն հավանական է ակնկալել փոխզիջումային լուծում։ Բայց դրա համար պետք է տարիների քրտնաջան աշխատանք, ինչը չկա ու չի եղել:
Արցախյան հակամարտության փոխզիջումային լուծման համար անհրաժեշտ է երեք գործոնների միաժամանակյա ներկայություն: Առաջին, հասարակությունները պետք է պատրաստ լինեն խաղաղության, երկրորդ, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի իշխող էլիտաները պետք է պատրաստ լինեն խաղաղության, ինչն առաջին հերթին նշանակում է քաղաքական խիզախություն, որովհետև փոխզիջում նշանակում է ցավ և իշխանությունը կորցնելու լրջագույն վտանգ, երրորդ, միջազգային հանրությունը, ներգրավվելուց բացի, պետք է պատրաստ լինի օժանդակելու խաղաղության պահպանմանն ու հարատևմանը, ներդրումներ կատարի տարածաշրջանում:
Ինչպես տեսնում ենք, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու այսօրվա հնարավորությունները սահմանափակ են: Հետևաբար, Միացայլ Նահանգների կամ արևմտյան այլ տերությունների նախազգուշացումները, թե այսօրվա ստատուս քվոն խիստ վտանգավոր է, որ հայերը պետք է տարածքներ զիջեն, հիմնավորված չեն: Հակառակը, այսօրվա միջազգային ստեղծված պայմաններում եթե հայերը հող զիջեն, ապա դա կարող է ոչ թե մոտեցնել խաղաղությանը, այլ պատերազմին:
Հող զիջելը ևս պետք է լինի տրամաբանված ու արդարացված: Հո՞ղ ենք զիջում մի երկրի ու մի նախագահի, որն ամեն օր սպառնում է նոր պատերազմով, ադրբեջանական դրոշի ծածանում Շուշիի և Ստեփանակերտի վրա: Հո՞ղ ենք զիջում մի երկրի, որն այսօրվա Հայաստանի Հանրապետությունը համարում է Արևմտյան Ադրբեջա՞ն, իսկ Երևանը` ադրբեջանական քաղա՞ք:
Այսօր հող զիջելու վատագույն ժամանակն է: