Սփյուռքահայ գրականագետ-մատենագետ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանի «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ժամանակագրություն 1789-2015» ստվար հատորը (Երևան, 2018 թ.) մի իսկական շտեմարան է՝ համաշխարհային պատմության նոր դարաշրջանը ուսումնասիրելու և պատկերացնելու համար: Գրքի բաժինների տարանջատումը՝ Եվրոպա, Ասիա, Ամերիկաներ, Արաբական երկրներ, Աֆրիկա, Ավստրալիա, Հայոց պատմություն, արդեն իսկ գիտական, մտածված մոտեցում է՝ համաշխարհային գործընթացները և աշխարհաքաղաքական իրավիճակները գնահատելու առումով:
Հեղինակը նշում է, որ պատմությունը գիտություն է, ուստի ինքը ջանացել է աչալուրջ լինել՝ ներկայացնելու ամենակարևոր իրադարձությունները: Միաժամանակ, մտահոգված լինելով առավելագույն ճշգրտության հասնելու, դեպքերն ու դեմքերը հավուր պատշաճի ներկայացնելու հարցով, նա օգտվել է բազմաթիվ աղբյուրներից, կատարել համեմատություններ ու շտկումներ, որպեսզի փաստերը լինեն առավել ստույգ և պատճառաբանված:
Բացի աշխարհագրական բաժանումներից՝ Հովսեփ Նալբանդյանն իր ընտրած ժամանակահատվածը՝ 226 տարվա պատմությունը, բաժանել է երեք հիմնական շրջանի՝ կողմնորոշվելով համաշխարհային երկու պատերազմներով, և հատվածները ներկայացրել է այսպես.
1. Նախապատերազմյան՝ 1789-1914 թթ.,
2. Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1915-1945 թթ.,
3. Մինչև մեր օրերը՝ 1941-2015 22 թթ.:
Հայոց պատմության բաժինը, ճիշտ է, սկսվում է փոքր-ինչ ուշացումով՝ 1801 թ.-ից, բայց հեղինակը, գիտական աչալրջության կանոնները պահելով, «Փաստ» ընդհանրական վերնագրի տակ գրքի հենց առաջին էջերում հայ իրականության առավել ուշագրավ կողմերը տալիս է շատ ավելի վաղ ժամանակներից: Օրինակ՝
* Լվովի մեջ 17-րդ դարու կեսերուն ապրած է հայ վաճառական Ղազար Սլոնիովսկին, որ կը տիրապետեր 78 լեզուներու:
* Հայ հեղինակներեն առաջինը Ներսես Շնորհալիի «Հիսուս Որդին» երկն է, որ որպես ամբողջական գործ՝ լույս կը տեսնե 1643-ին, Վենետիկի մեջ (էջ 13):
* Հայ առաջին տպագիր բառարանը Հայ-լատինական բառարանն է, որ Ֆրանչիսկո Ռիվոլայի հեղինակությամբ կը տպվի Միլանոյի մեջ 1633-ին (էջ 15):
* 3000 տարվա ընթացքին Հայաստանի տարածքին վրա տեղի ունեցած է 18000 երկրաշարժ (էջ 23):
* 1537 թ. Ֆրանսայի մեջ 1-ին հայերեն տպագրությունը կը կատարե ֆրանսացի լեզվաբան Փոսթեն: Ան 12 այլ լեզուներու շարքին կը հրատարակե հայերեն այբուբենը:
* Արցախի մեջ, Գանձասար եկեղեցական համալիրի օծումին՝ 1240 թ., մասնակցած են 700 կղերականներ (էջ 27):
Այսպիսով, եթե փորձենք հասկանալ, թե ինչ է ներկայացնում սույն ծավալուն հատորը, ապա պարզ ընթերցանությունն իսկ կտա օգտակար մի հարցի պատասխան. ի՞նչ ճանապարհ են անցել Եվրոպան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ասիան… և այս բազմաբևեռ ցանցի հանգուցակետում ի՞նչ ընթացքով էր ապրում Հայաստանը:
Սկզբնական 15 տարվա (1789-1804 թթ.) կարևորագույն փաստերի քաղվածը տալիս է այսպիսի պատկեր.
ԵՎՐՈՊԱ
Տեղի է ունենում Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, կյանքի է կոչվում ֆրանսիական 1-ին սահմանադրությունը, գրվում է քիմիական տարրերի 1-ին ցուցակը, 6 տարեկանից կրթությունը դառնում է պարտադիր, գործում է 1-ին շտապօգնությունը, հայտնագործվում են հեռագրական սարքը, սնունդը երկար պահելու համար՝ պահածոյացման տուփերը, Ֆրանսուա Շամպոլեոնը հայտնագործում է հիերոգլիֆների գաղտնիքը, վավերացվում է մետրի և կիլոգրամի արժեքը, հռչակվում է մամուլի ազատությունը (Ֆրանսիա), Ալեսանդրո Վոլտան հորինում է էլեկտրական մարտկոցը (Իտալիա), արգելվում է ստրկությունը (Ֆրանսիայի և Դանիայի գաղութներ), սկսում է աշխատել 1-ին շոգեգործարանը, գործածության մեջ է դրվում ֆունտը (Անգլիա), հայտնագործվում են ցինկը (Գերմանիա), տիտանիումը, կոլոմբիումը, նայոբիումը (Անգլիա), սերիումը (Շվեդիա), տեղի է ունենում 1-ին գործադուլը, տպագրվում է երաժշտական քննադատության 1-ին ամսագիրը, Լյուդվիգ վան Բեթհովենը գրում է «Լուսնի սոնատը», կազմավորվում են մարմնակրթության առաջին ակումբները (Գերմանիա, Շվեդիա), բրիտանացի 1-ին գաղթականները հասնում են Նոր Զելանդիա, ապա Ավստրալիա (1792-1793), հիմնվում են գիտա-արվեստների քոլեջներ (Շոտլանդիա, Գերմանիա, Չեխիա), սահմանվում է եկամտային տուրքը (Բրիտանիա), հետախույզները ցամաքով կտրում-անցնում են Աֆրիկան՝ արևմուտքից արևելք (Պորտուգալիա), Ռուսաստանը իրեն է միացնում Վրաստանը և Հայաստանի հյուսիսային շրջանները՝ Լոռի-Փամբակը (1800-1801), հայ գրատպության մեծ կենտրոնը շարունակում է մնալ Էջմիածինը, Քիշնևում կառուցվում է 1-ին հայկական եկեղեցին (Մոլդովա), Հնդկաստանում հիմնադրվում է 1-ի հայկական դպրոցը, տպագրվում է հայկական 1-ին պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1793-1794)…
ԱՄՆ
Գործադրվում է 1-ին սահմանադրությունը, հիմնվում է 1-ին դրամատունը, գործածության մեջ է դրվում 1-ին սակացույցը, ստեղծվում է դոլարը, տեղի է ունենում երաժշտական 1-ին մրցույթը, կազմավորվում են 1-ին կուսակցությունները, երաշխավորվում է կրոնի և դավանանքի ազատություն, հորինվում է բազմապատկիչ սարքը, բացվում է Կոնգրեսի գրադարանը (1800-ին բյուջեն 5000, այժմ՝ 700 միլիոն դոլար), ստրկության հարցի պատճառով երկիրը բաժանվում է երկու մասի՝ հյուսիսի և հարավի, հիմնվում է զինվորական 1-ին կաճառը, կառավարությունը 15 միլիոն դոլարով Ֆրանսիայից գնում է Լուիզիանա նահանգը՝ կրկնակի մեծացնելով երկրի տարածքը, Փենսիլվանիայում կառուցվում է 1-ին կախված կամուրջը՝ երկաթե շղթաներով (1801), կազմակերպվում է երկրախուզական 1-ին ճամփորդությունը Խաղաղ օվկիանոսում (1804-1805):
Սրանց հակառակ՝ ԱՍԻԱ-ԱՖՐԻԿԱՅՈՒՄ սև ծաղկի համաճարակից մահանում է 800 հազ. մարդ (Եգիպտոս, 1792), Չինաստանը ներխուժում է Նեպալ (1792), Պարսկաստանում հիմնվում է թուրք Ղաջարական գահատոհմը՝ արգելակելով երկրի զարգացմանը (1794-1925), բրիտանացիները ներխուժում են Ցեյլոն, Նապոլեոնը գրավում է Եգիպտոսը (1798), Սիրիան (1799), Եգիպտոսը վերադարձվում է Թուրքիային (1800), Բրիտանիան տիրանում է Հնդկաստանի հարավին, Անգլո-օսմանյան պայմանագրով Սև ծովը և նեղուցները հայտարարվում են փակ (1800), ծայր է առնում ռուս-պարսկական պատերազմը (1804-1813), կնքվում է անգլո-պարսկական պայմանագիր՝ ընդդեմ Ֆրանսիայի և Ռուսաստանի (1801), Աֆրիկայի արևմուտքում հաստատվում է իսլամական թագավորություն, ծաղկախտը Ավստրալիայում ոչնչացնում է նախաբնիկներին (1789):
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ 1801-ի դրությամբ.
Չինաստան՝ 295 միլիոն (ամենամեծ քաղաքը՝ Կուանկժուն, ունի 1,5 մլն բնակիչ), Հնդկաստան՝ 131 մլն, Եվրոպա՝ 62,5 մլն, Ռուսաստան՝ 33 մլն, Օսմանյան կայսրություն՝ 21 մլն, Ճապոնիա՝ 15 մլն, ԱՄՆ՝ 5,3 մլն (Լոնդոն՝ 864 հազ., Փարիզ՝ 552 հազ., Վիեննա՝ 231 հազ., Բեռլին՝ 184 հազ., Նյու Յորք՝ 61 հազար):
Հիշյալ 15 տարիներին՝ 1789-1804 թթ., անշուշտ, Եվրոպայում ու Ամերիկայում էլ դժբախտությունները քիչ չէին. Հռոմի կայսրը, Իսպանիան և Բրիտանիան պատերազմում են հեղափոխական Ֆրանսիայի դեմ, Լեհաստանը բաժանվում է Ռուսաստանի և Պրուսիայի միջև, բրիտանական նավատորմը ջախջախում է դանիականին (1801), Պրուսիան արշավում է Հաննովերի վրա, Բրիտանիան գրավում է Էլբա կղզին, ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում ստրուկների թիվը հասնում է 200 հազարի, Ֆիլադելֆիայում դեղնախտից մահանում է 4044 հոգի, Պերուում երկրաշարժից զոհվում է 41 հազար մարդ (1797)…
Եվ սակայն Եվրոպա-Ասիա համեմատության մեջ դրական-բացասականի հարաբերակցությունն ուղղակի անհամեմատելի է:
ՀԱՅՈՑ ՀԱՐՑԻ առումով սույն գրքով երիցս հաստատվում է, որ հետազոտողի խառնվածք, այսպես ասած, եվրոպական նկարագիր ունեցող մեր ազգը, Ասիայի ու Եվրոպայի մեծ խաչմերուկի բերանին լինելով և հածելով թուրք-պարսկական լծի տակ, նոր ժամանակների սեմին՝ 18-19-րդ դարերի հատման ժամանակ, իր մտավոր կարողությունները ստիպված դրսևորում էր այլ երկրներում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում…
Ասիական լծի դեմ 1801-ից սկսված ազատագրական պայքարը 1804-ին փոքրիկ ձեռքբերումներ է գրանցում Հայաստանի արևելքում. Գանձակը, Ուտիքի մի մասը և Վարդենիսը միացվում են Ռուսաստանին, բայց ռուսական զորքը նվազ լինելու պատճառով հետ է նահանջում Երևանից, թեև կարողանում է Գյումրիի մոտ ազատել Երևանից Կարս տարվող 20 հազար գերեվարված հայերի և փոխադրել Լոռի-Փամբակ:
Գալիք ժամանակների վերլուծությունը, հարկավ, շատ ավելի հետաքրքիր պետք է լինի, և մենք այն կիրականացնենք աստիճանաբար՝ հիշեցնելով, որ Հովսեփ Նալբանդյանի ծանրակշիռ այս գիրքը մի մեծ լուսամուտ է դեպի պատմության քառուղիներ: Սույն գրքով թե՛ մասնագետները, թե՛ սովորական ընթերցողները պատասխաններ կստանան բազում հարցերի մասին, կկարողանան ի մի բերել պատմական թելերի մեջ կորած ու թնջուկված շատ փաստեր, կլայնացնեն իրենց մտահորիզոնը և ամենակարևորը՝ կկողմնորոշվեն ապագայի համար քայլեր ձեռնարկելու հարցում:
Շնորհակալություն սփյուռքահայ գործիչ, հայ գրքի, դպրոցների ու կենտրոնների հովանավոր, արդի հեղինակների մեկենաս Հովսեփ Նալբանդյանին, որ տարիների տքնանքով ի մի է բերել փաստերով հագեցած այս աշխատությունը և նվիրել մեր հասարակությանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ
բան. գիտ. թեկնածու