ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան ներկայ գտնուեցաւ ռազմաուսումնական հաստատութիւններու 2017-2018 ուսումնական տարուան շրջանաւարտներու աւարտական միջոցառման: Վարչապետը շնորհաւորեց բոլոր շրջանաւարտները սպայական կոչում ստանալնուն առիթով եւ խումբ մը շրջանաւարտներու անձամբ յանձնեց աւարտական փաստաթուղթերը:
Դիմելով շրջանաւարտներուն՝ Նիկոլ Փաշինեան ըսաւ, «Ի՞նչ է նշանակում լինել Հայաստանի զինուած ուժերի, հայոց բանակի սպայ. դա նշանակում է կեանքը նուիրաբերել հայրենիքի պաշտպանութեան եւ անվտանգութեան գործին, դա նշանակում է կեանքը նուիրել հայրենակիցների խաղաղ կեանքի, հանգիստ քնի, հանդարտ ապրելու գործին: Բայց զինուած ուժերի ներկայացուցիչները, սպաներն ուրիշների հանգիստ կեանքն ապահովելով իրենք, ըստ էութեան, զոհաբերում են իրենց մայրերի, իրենց կանանց, իրենց հարազատների հանգիստ կեանքը: Նրանք շատ յաճախ յանուն հայրենիքի պաշտպանութեան զոհաբերում են այն ժամանակը, որ պէտք է անցկացնէին իրենց ընտանիքների, երեխաների հետ, ընկերների միջավայրում: Եւ ուրեմն, այս ամէնի արդիւնքում հարց է ծագում՝ ի՞նչն է մարդուն ստիպում, մղում ստանձնել այս պատուաբեր ուսադիրները, այս բարձր կոչումը: Ուզում եմ հաւատալ, որ ձեզնից իւրաքանաչիւրին դէպի սպայական կոչում եւ ծառայութիւն տանում է առաքելութեան զգացումը, առաքելութեան գիտակցումը: Վաղը հայոց բանակն այլեւս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր երէկ, որովհետեւ վաղը հայոց բանակը ձեզնից շատերին՝ լէյտենանտներին, ունենալու է որպէս ծառայող սպայ, հրամանատար, մինչդեռ երէկ հայոց բանակը չունէր ձեզ որպէս այդպիսին, այդ կարգավիճակում: Նաեւ վաղը բարձրաստիճան սպաները նոր նշանակումներ են ստանալու, աւելի բարձր կարգավիճակով, մինչդեռ երէկ իրավիճակը բանակում բոլորովին ուրիշ էր: Եւ ուրեմն, ուզում եմ, յոյս ունեմ, համոզուած եմ, որ ձեզնից իւրաքանչիւրը գիտակցում է, որ իր ներկայութեամբ, իր գործունէութեամբ, իր նոր կարգավիճակով ինչ որ բան փոխելու է բանակում եւ շատ կարեւոր է, որ ձեզնից իւրաքանչիւրն առաքելութեան այդ գիտակցութեամբ յստակ հասկանայ ու գիտակցի, թէ ինչն է փոխում բանակում եւ ինչ ուղղութեամբ: Յոյս ունեմ եւ հաւատում եմ, որ ձեզնից իւրաքանչիւրը նոր նշանակման ծառայութեան է անցնում այն գիտակցութեամբ, որ հայոց բանակի եւ հայրենիքի պաշտպանութեան ապագան կախուած է հէնց իրենից, հէնց այդ մէկ սպայից, հէնց այդ մէկ մարդուց: Ձեզնից իւրաքանչիւրն այո կարող է փոխել շատ բան իր հասանելիութեան, իր իրաւասութեան սահմաններում եւ ես յոյս ունեմ, որ ձեզնից իւրաքանչիւրն իր ծառայութեան շրջանակում ձգտում է կատարեալ ծառայութեան եւ հաւատում է, որ կարող է ստեղծել կատարեալ ծառայութիւն ոչ միայն ինքն իր, այլեւ ուրիշների համար:
Լինել հրամանատար՝ նշանակում է լինել պատասխանատու ուրիշների առաջ եւ լինել պատասխանատու ուրիշների համար, լինել հրամանատար՝ նշանակում է ունենալ կամք եւ վճռականութիւն ամենակարեւոր պահին զոհուելու հրամաններ արձակելու եւ սա չափազանց ծանր պատասխանատուութիւն է, եւ սա չափազանց հզօր պատասխանատուութիւն է, եւ այս պատասախանատուութիւնը կարող են կրել իրապէս ուժեղ, անկոտրում կամքի տէր մարդիկ: Եւ ես ձեր հայեացքներում տեսնում եմ, որ դուք ունէք կամքը ոչ միայն ծառայելու, այլեւ յաղթելու, յաղթանակ բերելու մեր ժողովրդին, մեր պետութեանը, մեր հայրենիքին: Ես ձեր աչքերի մէջ տեսնում եմ մեր ապագայ յաղթանակները, ես ձեր կեցուածքի մէջ տեսնում եմ մեր ապագայ յաղթանակները եւ ուրեմն ձեզ մաղթում եմ փառաւոր ծառայութիւն Հայաստանի զինուած ուժերում, հայոց բանակում, որովհետեւ մեր նպատակը մէկն է, մեր ապագան մէկն է, մեր այս օրը մէկն է: Հայ ժողովուրդը յաղթել է պատերազմում, հայ ժողովուրդը յաղթել է պետականութեան կառուցման գործում եւ հայ ժողովուրդը յաղթել է իր իշխանութիւնն իր երկրում հաստատելու գործում եւ որեւէ մէկը դրսից, թէ ներսից չի կարող եւ չի համարձակուի այդ յաղթանակը խլել ժողովրդի ձեռքերից: Իսկ այդ յաղթանակի թիւ մէկ, ամենակարեւոր պաշտպանները դուք էք: Եւ ուրեմն, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցէ՛ հայոց բանակը, կեցցէ՛ն Հայաստանի զինուած ուժերը եւ հայոց փառապանծ զինուորներն ու սպաները»: