Ափերիս Մէջ
Ափերիս մէջ մի բուռ երկինք,
Մի շող հաւատ ու մի կում սէր,
Մի հոգետուն՝ տաք ու գողտրիկ,
Մի ողջ աշխարհ՝ ափերիս մէջ:
Ափերիս մէջ մի շուրթ ծիծաղ,
Մի արցունք լաց սարսռածին,
Ափերիս մէջ՝ խոնաւ ու թաց,
Դիւթիչ արև բերկրածին:
Ափերիս մէջ՝ կարօտ անբաւ,
Քաղց գրգանքի, երգ սիրազեղ,
Ափերիս մէջ ՝ ոգու ծարաւ,
Եւ մանկածին երազ անմեղ:
Ափերիս մէջ ՝ ձմեռ կանաչ,
Տերևաթափ ու խենթ գարուն,
Ափերիս մէջ՝ մի ապրած կեանք,
Դեռ չապրածիս յոյսեր անհուն:
Ափերիս մէջ ՝ թէական կեանք,
Երազներով խանդավառուած,
Ափերիս մէջ խինդ ու բերկրանք,
Թախիծ ու լաց ՝ վաղուց սպառուած:
Ամուր բռնիր իմ ափերը,
Ամուր փարուիր իմ ափերին,
Բայց չսեղմես, տես՝ չփակուեն
Յոյժ ծանրացած ափերը իմ:
Իմ ափերի անանց ծովում
Քո խենթ սէրն է հանգրուանում…
Ամուր բռնիր ափերը իմ…
ՆԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ