Գրիշ Դավթյան
Իմ պարտեզի մարգի վրա
Եղնիկների ոտնահետքեր կան դալար։
Իմ մանկության եղնիկներն են,
Արեվին նո՛ր համբուրած,
Նո՛ր կյանք առած,
Գարնան շնչով թարմացած…
Իմ պարտեզի մարգի վրա
Մի պատանու ոտնահետքեր կան լքված…
Մի պատանու՞…
Դա ես էի,
Իմ ծաղկահոտ տենչերով,
Որ այս պարտեզը մտա
Թիթեռներին հալածելով,
Որ բռնեմ,
Ամենագեղ այն թիթեռին ես բռնեմ,
Որ գույներով շողավետ
Ծակծկում էր աչքերս,
Որ գունավոր թեվերով
Խուտուտում էր իմ սիրտը,
Թպրտում էր,
Ես էլ էի թպրտում
Տրոփ-տրոփ, սրտատրոփ
Ու սերերով խենթացած…
Իմ պարտեզի մարգի վրա
Ի~նչ շողեր են ճաճանչում,
Ճաճանչում են համ ու բույրով,
Համբույրով…
Ծավալում են հորիզոններ
Կյանքի, սիրո, նվիրումի աներեր…
Որ կյանքին՝ շունչ են պարգեվում
Ստեղծագործ ծնունդով…
Հեկեկոցով ու ծիծաղով
Իղձերի ու հասության,
Երանության ու վայելքի անաղարտ…
Կարելիությամբ անավարտ…
Մուգագունում է մարգը իմ պարտեզի
Ամառային հասունությամբ,
Հուռթիությամբ օրհնված,
Արվարձային տարածքներով ծավալված,
Նոր մարգերի նոր մարզերով լրացած…
Ի~նչ փափուկ ու գեղեցիկ է
Իմ պարտեզի շքեղանքը զմրուխտե,
Մարգագետինս թավշային
Բլուրն ի վեր մագլցող,
Առատության իր օրհնությունը բաշխող
Ամենեցուն հարազատ…
Իմ պարտեզի մարգի վրա
Աշնան հետքեր կան ոսկե,
Ոսկեգունակ տերեվների մի խաշա~մ…
Յուրաքանչյուր խշըրտուքում՝ ճգնաժամ…
Որ չուշանա,
Որ տեղ հասնի ապաժամ,
Ուշացումով նույնիսկ, թեկուզ…
Բայց վաստակիս ընդգրկումով լիարժան…
Ափսո~ս, սակայն, որ բեկանվեց անհատույց…
Հուշերս են հորդ,
Ոսկեմանած,
Կուտակված…
Իմ պարտեզի մարգը հիմա
Ձմռան շնչով ցրտահար,
Խոզան եղած,
Տեղ-տեղ ծղնոտ, լերկացած,
Ցաքուցրիվ հետքերով է տրոհված…
Երաշտել է իմ պարտեզի մարգը հին,
Ու էլ չունի իմ երեկվա զմրուխտը,
Որ թավիշով էր ողողում հետքերս,
Պատումներով հեքիաթային,
Սոսափյունով հովասուն,
Որ ալիքվում էր ծփանքից առ ծփանք
Ծովագունակ խորքերով…
Այժմ ո~չ զմրուխտ…
Ո~չ թավշահետք…
Ո~չ սոսափյուն հովերի…
Ո~չ ալիքները ծփացող ծուփերի…
Իմ պարտեզի մարգի վրա
Ծավալվել է
Հասունության զառամությունը ճերմակ,
Լիությունը անփութության,
Սպասումը,
Չսպասումը
Խոստացված կամ չխոստացված
Բերկրության։
Իմ պարտեզի մարգի վրա…
Այսքա~ն… այսքա~ն… առասպել…