«Երեւան. XX դար» յատուկ նախագծի այսօրուայ «հերոսը»՝ Մարզահամերգային համալիրը կամ պարզապէս՝ Համալիրը: Կարդալով այս պատմութիւնը, կ՛իմանաք, թէ ինչո՛ւ մի օր շինարարութեան վրայ աշխատող բանուորներին կարգադրեցին շտապ թաքնուել յարակից անտառում եւ ինչո՛ւ էր քանդակագործ Ֆերդինանդ Առաքելեանը ստիպուած ոչնչացնել իր յայտնի գորելյէֆի մի քանի հերոսների դէմքերը.
Համալիրի կառուցման համար փակ մրցոյթ յայտարարուեց, որին մասնակցեցին 8 նախագծային կազմակերպութիւններ: Մրցոյթի առաջադրանքում գրուած էր, որ պէտք է կառուցուի 10 հազար հանդիսատեսի համար նախատեսուած սպորտի պալատ: Նման պալատներ ԽՍՀՄ մի քանի հանրապետութիւններում արդէն կային:
Սպորտի պալատ ասելով՝ պատկերացնում էին ծածկած դահլիճ, որտեղ կար հոկէյի դաշտ: Այդպիսի նախագիծ արեցինքէ կլոր յատակագծով, 10 հազար հանդիսատեսի համար: Նախագծեր արուեցին մի քանի վայրերի, այդ թւում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի համար: Տարբերակներից մէկը այսօրուայ Կասկադն էր, որն այն ժամանակ դեռեւս գոյութիւն չունէր: Նախագիծ էինք արել նաեւ Ազգային ժողովի հետեւի տարածքի համար: Քննարկումներից յետոյ կանգ առանք ներկայիս վայրի վրայ:
Մեր «Հայպետնախագիծ» ինստիտուտը յաղթեց մրցոյթում: Ինստիտուտի տնօրէն, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորիւն Յակոբեանը յանձնարարեց շարունակել նախագիծը եւ ընդլայնել աշխատանքային խումբը: Խմբում ընդգրկուեցին ինքը Յակոբեանը՝ որպէս ղեկավար, եւ ճարտարապետ Գուրգէն Մուշեղեանը, ում հետ միասին նրանք աշխատել էին «Հրազդան» մարզադաշտի նախագծի վրայ:
Նախագիծը մի քանի ամիս քննարկւում էր Երեւանում ու Մոսկուայում: Համալիրի շինարարութեան բիւջէն հաստատուեց 35 միլիոն ռուբլի: Մենք հասկանում էինք, որ դա բաւարար չէ, սակայն Մոսկուայում մեզ «սեղմում էին»: Նոյն տարիներին «Լուժնիկ»ի մարզադաշտի կառուցման համար ԽՍՀՄ Պետպլանը տրամադրել էր 100 մլն. ռուբլի:
Քննարկումների արդիւնքում որոշուեց արագացնել նախագծման գործընթացը: Այս նպատակով մեզ գործուղեցին Դիլիջան՝ «Լեռնային Հայաստան» հանգստեան տուն, մի քոթեջ տրամադրեցին եւ երկու ամիս ժամանակ, որպէսզի աւարտենք էսքիզային նախագիծը: 1976թ. Հոկտեմբեր-Նոյեմբեր ամիսներին մնացինք այնտեղ՝ աշխատելով նախագծի վրայ:
Կարողացանք համոզել ղեկավարութեանը՝ Կարէն Դեմիրճեանին եւ Կորիւն Յակոբեանին, որ նպատակայարմար է կառուցել տրանսֆորմացուող դահլիճներ, որպէսզի դրանց օգտագործման հնարաւորութիւններն աւելի շատ լինեն: Նախագիծն աւարտելուն պէս մեզ այցելեցին Կարէն Դեմիրճեանը, Կորիւն Յակոբեանը եւ ԽՍՀՄ Պետշինի նախագահ Ֆոմինը: Նրանք հաւանութիւն տուեցին նախագծին, ու մենք վերադարձանք Երեւան եւ սկսեցինք աշխատել: Նախագծի կոնստրուկտորներն էին Իգոր Ծատուրեանը եւ Գրիգոր Ազիզեանը: Ստեղծուեց առանձին արուեստանոց, որտեղ հաւաքագրուեց մօտ 40 հոգի:
Շինարարութիւնը վստահուեց «Հիդրոէներգոշին» կազմակերպութեանը: Նախագիծը բաւականին բարդ էր, քանի որ համալիրը ոչ թէ շէնք էր լինելու, այլ հսկայական մեխանիզմ: Դա էր պատճառը, որ նախագծման ժամանակ մեզ հետ համագործակցում էին ԽՍՀՄ տարածքում գտնուող մօտ 40 կազմակերպութիւններ:
Որոշել էինք կառուցել երկու դահլիճ, որոնք միանում էին պտտուող 1000 տեղանոց տրիբունայով, դա բերում էր կառոյցը որոշակի ձեւի: Նախասրահը հարկաւոր էր ընդհանրացնել: Այդ նպատակով սառցադաշտը բարձրացրինք վերեւ եւ երկու ֆոյէները միացրինք իրար: Կեանքը ցոյց տուեց, որ դա ճիշդ որոշում էր, քանի որ այսօր համալիրի նախասրահն օգտագործում են աւելի յաճախ, քան հէնց դահլիճը: Մասնագէտների եւ հոկէյիստների վկայութեամբ, մարզահամերգային համալիրի սառցադաշտը լաւագոյններից մէկն էր ԽՍՀՄում:
Համալիրի շէնքը երկու պաշտօնական բացում ունեցաւ: Նախ՝ բացուեց սպորտային մասը, աւելի ուշ՝ համերգայինը:
Սպորտային մասի բացումը տեղի ունեցաւ 1983թ.ին, երբ Երեւանը պէտք է ընդունէր ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը: Բացումից 2 ամիս առաջ Մոսկուայից պատուիրակութիւն եկաւ, ծանօթացաւ շինարարութեան ընթացքին եւ ասաց Կարէն Դէմիրճեանին, թէ «չէք հասցնի, եկէք տեղափոխենք առաջնութեան անցկացման վայրը»: Կարէն Դէմիրճեանն էլ ասաց, որ «կը հասցնենք», ու այդպէս էլ եղաւ: Սակայն առաջնութիւնը միեւնոյն է անցկացուեց Մոսկուայում:
Չնայած նրան, որ ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը անցկացուեց ոչ թէ Երեւանում, այլ Մոսկուայում, նրա արդիւնքները հայերին չէին կարող չուրախացնել: Հայաստանի երեք ներկայացուցիչներ՝ Օգսէն Միրզոյեանը, Եուրի Սարգսեանն ու Եուրի Վարդանեանը աշխարհի չեմպիոններ հռչակուեցին: Ընդ որում, Օգսէն Միրզոյեանը յաղթանակ տարաւ բուլղարական ծանրամարտի ծագող աստղ Նաում Շալամաւովի հետ, որը տարիներ անց փախաւ Թուրքիա եւ դարձաւ Նաիմ Սուլէյմանօղլու:
Համերգային մասի բացումը տեղի ունեցաւ 1984թ.ի հրդեհից յետոյ: Հրդեհը բռնկուել էր համերգային դահլիճում, որտեղ դեռ շարունակւում էին շինարարական աշխատանքները: Հրդեհից յետոյ Մոսկուայից հակահրդեհային պաշտպանութեան մասնագէտներ եկան, ուսումնասիրեցին հրդեհի պատճառները: Վարկած կար, թէ հրդեհը յատուկ էր կազմակերպուել: Մենք այդ մասին հարցրինք Դեմիրճեանին, բայց նա ասաց, որ հրդեհի պատճառը էլեկտրական սարքերից մէկի հետ էր կապուած:
Համալիրի կառուցման տարիներին մարդկանց ոգեւորութիւնը շատ մեծ էր: Երկրորդ բացմանն ընդառաջ վարպետներն աշխատում էին երեք հերթափոխով: Բացման օրը ես մարդկանց հետ բարձրանում էի աստիճաններով, լսում էի նրանց խօսակցութիւնները: Այդ ոգեւորութիւնը դժուար է փոխանցել բառերով: Մարդիկ ցանկանում էին ամէն կերպ օգտակար լինել շինարարութեանը, իսկ հրդեհի ժամանակ մարդիկ նաեւ արտասւում էին:
Վստահ եմ, որ Մարզահամերգային համալիրի նման շինութիւն, որն ինքնատիպ է թէ՛ ճարտարապետական, թէ՛ շինարարութեան ծաւալների, եւ թէ ֆունկցիոնալ իմաստով, Հայաստանը դեռ երկար ժամանակ չի ունենայ:
Դեռ 1960ական թուականների վերջին «Հայպետնախագիծը» յաղթող էր ճանաչուել տասը հազար տեղանոց Մարզահամերգային համալիրի կառուցման մրցոյթում: Սակայն այդ նախագիծը չիրականացաւ՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
1975 թուականին Հայաստանի կառավարութիւնը դիմեց Մոսկուային՝ Մարզահամերգային համալիր կառուցելու թոյլտուութիւն ստանալու համար:
Հեղինակային խումբը մի քանի նախագիծ էր մշակել: Շատ բարդ կառոյց էր, նմանակը չունեցող: Չնայած նրան, որ Մոսկուան հաստատել էր նախագիծը, միեւնոյնն է, չէր հաւատում, որ մեզ կը յաջողուի իրականացնել այն: Հաշուարկները ստուգելու համար դիմեցին երկու անկախ էքսպերտային կազմակերպութիւններին՝ Մոսկուայում եւ Կիեւում:
Ութ ամիս տեւեց միայն նամակագրութիւնը, որի ընթացքում մանրամասնում էինք մեր բոլոր խիզախ կոնստրուկտորական քայլերը: Մոսկուայից մեզ ասում էին, որ այն, ինչ մենք նախագծել ենք, նրանք նախատեսում էին իրականացնել միայն 2 տասնամեակ յետոյ:
Այս կառոյցի համար մեր ստեղծագործական խումբը ստացաւ հեղինակային իրաւունքի պատենտներ, այդ թւում՝ պտտուող բեմի նախագծման եւ կառուցման համար:
Ճարտարապետներ Արթուր Թարխանեանի, Հրաչ Պօղոսեանի, Սպարտակ Խաչիկեանի հետ մենք արդէն համագործակցութեան փորձ ունէինք՝ միասին աշխատել էինք Երիտասարդական պալատի ստեղծման վրայ:
Մարզահամերգային համալիրը շատ «ծանր» օբյեկտ էր, որը հսկայական ճանապարհ անցաւ: Համալիրի ստեղծման համար պէտք է երախտապարտ լինենք նախեւառաջ Կարէն Դեմիրճեանին:
Գորելյէֆի էսքիզների վրայ սկսել եմ աշխատել 1980թ.ին, աշխատանքս աւարտել եմ 1984ին: Գորելյէֆը պատրաստուած է Լենինականի Գիւլբուլաղի տուֆից, թեման՝ Հայաստանը եւ մեր երկրի վերածնունդն է: Քանդակի բարձրութիւնը 6 մետր է, երկարութիւնը՝ 60 մետր: Ընդհանուր ֆիգուրների քանակը 330 է:
Կենտրոնում պատկերուած է Վահագնի ծնունդը, կողքերը՝ քոչարի պարը, երգչախումբ, գիտութիւն, բերքահաւաք, առատութիւն, յեղափոխութեան ամբոխ… եւ այդ բոլորը միասին Հայաստանն է: Մի հատուածում պատկերել եմ մեր ստեղծագործական խմբի անդամներին. կենտրոնում Արթուր Թարխանեանն է, կողքին՝ Հրաչ Պօղոսեանը, Սպարտակ Խաչիկեանը, կոնստրուկտորներ Գրիգոր Ազիզեանը, Իգոր Ծատուրեանը եւ ես:
Մտածում էինք, թէ ո՛ւմ քանդակենք ձախ հատուածում: Որոշեցի պատկերել այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Համալիրի ստեղծման գործում՝ Կարէն Դեմիրճեանին, Ֆադէյ Սարգսեանին, Հրանդ Հայրապետեանին:
Բացումից մի քանի օր առաջ մեկնել էի Լենինական, երբ ինձ յանկարծ երկու միլիոցիոներներ մօտեցան եւ ասացին, որ շտապ գնամ Լենինականի քաղաքապետ Դոնարա Յարութիւնեանի մօտ: Նա էլ ասաց, որ ինձ փնտռում են, ու ես պէտք է շտապ վերադառնամ Երեւան: Երեւանում ինձ սպասում էին Ֆադէյ Սարգսեանը եւ Կարէն Դեմիրճեանը: Նրանք ասացին, որ պէտք է քանդեմ իրենց պատկերող քանդակների դէմքերը, քանի որ «մեծ քաղաքը» դժգոհութիւն է յայտնել այդ կապակցութեամբ: Շատ յուզուեցի, չէի ուզում քանդել, սակայն ստիպուած էի: Ամբողջ գիշեր ընկերոջս՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանեանի հետ տաշում էինք արձանների դէմքերը:
Բացումից մի քանի ամիս յետոյ ինձ կանչեցին Կենտկոմ՝ երկրորդ քարտուղար Գենադի Անդրէեւի մօտ: Ներս մտայ, նա ինձ շատ ջերմ ընդունեց: Նստած էր նաեւ Կարէն Ղամբարեանը եւ 3-4 ռուսներ: Նրանք սկսեցին ինձ գովել, ասացին, որ շատ են հաւանել գորելյէֆը: Վերջում յանկարծ հարցրին. «Իսկ Կարէն Սերոբովիչը տեղեա՞կ էր, որ դուք քանդակում էք նրա կերպարը»։ Պատասխանեցի, որ այո՛, տեղեակ էր: «Իսկ նա կանգնե՞ց որպէս բնորդ»։ Պատասխանեցի, որ ո՛չ, լուսանկարից եմ քանդակել: Հասկացայ, որ Դեմիրճեանին ուզում էին մեղադրել «անձի պաշտամունքի» համար: Մի քանի ամիս անց դէպքը կրկնուեց, Մոսկուայից ժամանեց մի խումբ, ինձ կրկին կանչեցին եւ սկսեցին հարցաքննել, սակայն նրանց այդպէս էլ չյաջողուեց Կարէն Սերոբովիչին առաջադրել այդ անհիմն մեղադրանքները: Ի դէպ, նախատեսւում էր նաեւ շատրուանները զարդարել քանդակներով, սակայն ամէն ինչ արեցին, որ այդ մտահղացումը չիրականանայ: Ենթադրում էին, որ ցանկանում ենք կառուցել «Կարենգոֆ» (ակնարկելով Պետերգոֆի անուանումը):
Համալիրի կառուցումը հեշտ չէր: Խանգարող հանգամանքները շատ էին, այդ թւում՝ ֆինանսական խնդիրները: Ի սկզբանէ բիւջէն սահմանափակ էր: Մի ժամանակահատուած եղաւ, երբ Համալիրի կառուցման գործընթացը լիովին սառեցուել էր: Ֆինանսական խնդիրների պատճառով Մոսկուայի որոշմամբ կոնսերվացիայի (ժամանակաւոր դադրեցման-Խմբ.) էին ենթարկուել ՍՍՀՄի տարածքում կառուցուող բոլոր նման օբյեկտները: Դեմիրճեանն ասաց, որ մենք կանգ չենք առնի եւ կը շարունակենք մեր գործը: Շուտով մեզ մատնեցին, եւ Մոսկուան, առանց Հայաստանի կառավարութեանը զգուշացնելու, յանձնաժողով ուղարկեց՝ իրավիճակը զննելու նպատակով: Սակայն յանձնաժողովի՝ Երեւան ժամանելուն պէս, օդանաւակայանի տնօրինութիւնը կապուեց Ֆադէյ Սարգսեանի հետ եւ տեղեկացրեց, որ «հիւրէր» են սպասւում: Նա էլ անմիջապէս կարգադրեց, որ համալիրում գտնուող բոլոր բանուորները թաքնուեն անտառում՝ մինչեւ յանձնաժողովի մեկնելը: Եթէ ինչ որ մէկը այդ պահին անտառ մտնէր, կը մտածէր, որ յայտնուել է պարտիզանների մասին ինչ որ կինոնկարում:
Յանձնաժողովի անդամների զարմանքը բաւականին մեծ էր, երբ սպասուած «եռացող» աշխատանքի փոխարէն նրանք ամայի շինհրապարակ տեսան:
Յետագայում, Դեմիրճեանը մեկնեց Մոսկուա, որտեղ նրան յաջողուեց ստանալ ոչ միայն աշխատանքը շարունակելու թոյլտուութիւնը, այլեւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
Համալիրի բացումը շատ տօնական էր եւ հանդիսաւոր: Բացումից առաջ Կարէն Դեմիրճեանն անձամբ ստուգեց հրաւիրուածների ցանկը եւ շատ բարկացաւ, երբ տեսաւ, որ այնտեղ չեն ընդգրկուել վարպետների անունները: Անմիջապէս հրամայեց աւելացնել:
Հաղորդավարուհի Նառա Շլեպչեանի բնակարանը գտնւում էր Կիեւեան փողոցի վրայ՝ Մարզահամերգային համալիրի հարեւանութեամբ: Նա պատմում էր, որ իւրաքանչիւր առաւօտ անպայման պէտք է դուրս գար պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացւում: Այդ առաւօտ նա դուրս եկաւ պատշգամբ եւ տեսաւ Համալիրի շէնքը՝ կրակով պատուած: Անմիջապէս վերցրեց ֆոտօխցիկն ու լուսանկարեց:
Հրդեհից յետոյ շատ քաղաքացիներ՝ թոշակառուներ, երիտասարդներ, ուսանողներ, սկսեցին նամակներ ուղարկել, որտեղ յայտնում էին իրենց պատրաստակամութիւնը օգնելու թէ՛ գումարով, թէ՛ աշխատանք կատարելով: Անձամբ ես կարդացել եմ մօտ 200 այդպիսի նամակ: Դրանք հնարաւոր չէր ընթերցել առանց յուզուելու: Նամակներում մարդիկ պատրաստակամութիւն էին յայտնում Համալիրի վերականգնման աշխատանքների համար տրամադրել իրենց մէկ ամսուայ ողջ ընտանեկան բիւջէն: Ամենաազդեցիկը այն թոշակառուների նամակներն էին, որոնք խնդրում էին չմերժել ու ընդունել մէկ, կամ մի քանի ամսուայ թոշակը:
Կարէն Դեմիրճեանը Համալիրի հետ կապուած շատ ծրագրեր ունէր: Նա ցանկանում էր, որ սառցադաշտից օգտուելը հասանելի լինի բոլոր երեխաների համար, բայց միեւնոյն ժամանակ գիտակցում էր, որ այդքան օգտագործուելուց այն շատ արագ շարքից դուրս կը գայ: Մտահղացում ունէր երկրորդ սառցադաշտը կառուցելու մասին:
Դեմիրճեանի նախաձեռնութեամբ ընդլայնուեց սպորտային դահլիճի բեմը, որը նախնական տարբերակում բաւականին նեղ էր ստացուել:
Համալիրի կառուցման համար երեք վայր էր քննարկւում: Դեմիրճեանի որոշմամբ համալիրը կառուցուեց հէնց Ծիծեռնակաբերդի հարեւանութեամբ: Շատերն ասում էին, թէ ինչպէ՛ս կարելի է զուարճանքի կենտրոն կառուցել սգոյ յուշարձանի հարեւանութեամբ: Իսկ Դեմիրճեանը պատասխանում էր, որ պէտք է ցոյց տանք աշխարհին, որ չնայած մեր ժողովրդի բոլոր տառապանքներին, մենք վերակենդանացել ենք ու շարունակում ենք ստեղծագործել:
Համալիրն ի սկզբանէ համազգային նշանակութեան կառոյց էր: Աշխատանքը գնում էր 24 ժամ: Անծանօթ մարդիկ գալիս իրենց օգնութիւնն էին առաջարկում: Իսկ Դեմիրճեանը բոլոր աշխատողներին անձամբ ճանաչում էր: Դեմիրճեանի կողմից ընտրուած տեղը վիճաբանութեան առարկայ էր դարձել: Բազմաթիւ մարդիկ դէմ էին, որ համալիրը կառուցուի Մեծ Եղեռնի յուշահամալիրի հարեւանութեամբ: Իսկ Դեմիրճեանն ասում էր, որ եթէ մինչ այդ Ծիծեռնակաբերդը սգոյ վայր էր, ապա Համալիրի կառուցումից յետոյ խորհրդանշելու է մեր ազգի վերածնունդը:
Առաջին պաշտօնական միջոցառումը Համալիրում պէտք է լինէր ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը, սակայն որոշակի խնդիրների պատճառով այն տեղի չունեցաւ:
1984 թուականին համալիրում հրդեհ բռնկուեց: Համերգային դահլիճի վերեւի մասում ամրացուած լոյսերի վրայ պաշտպանիչ շերտ չկար ու հնարաւոր է, որ հրդեհի պատճառ դարձաւ լամպերից ընկած կայծը: Ամբողջ դահլիճը վառուեց: Կրակը մօտեցել էր նաեւ սպորտային դահլիճին:
Ո՞ւմ Է Պատկանում
Համալիրն Այսօր
Տարիներ առաջ Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրը սեփականաշնորհուեց «ԲԱՄՕ Մետալ» ընկերութեան կողմից, որի ղեկավարութեան հետ կապուելու մեր բոլոր փորձերը ապարդիւն էին:
Ինչպէս տեղեկանում ենք «ԲԱՄՕ» ընկերութիւնների խմբի պաշտօնական կայքից, համալիրը ընկերութեանը վաճառուել է ՀՀ կառավարութեան 2005թ.ի որոշմամբ:
«2005թ.ի Սեպտեմբերից մինչեւ այսօր «ԲԱՄՕ» ընկերութեան կողմից իրականացւում են համալիրի շինմոնտաժման աշխատանքներ, անցկացուել է գազախողովակ, կառուցուել է կաթսայատուն, արդիականացուել է օդափոխման համակարգը, ճերմակեցուել են մարմարեայ յատակները, վերանորոգուել են ներքին եւ արտաքին հեռահաղորդակցութեան համակարգերը», ասուած է ընկերութեան կայքում:
2012թ. Դեկտեմբերին «168 ժամ» թերթը գրեց, որ «մարզահամերգային համալիրն այս պահին փոքր ինչ անհասկանալի կարգավիճակում է»: Թերթը տեղեկացրել էր, որ «ԲԱՄՕ» սեփականատէրեր Մուրադեան եղբայրների միջեւ տարաձայնութիւններ են առաջացել, ու գրեթէ երկու տարի է, ինչ Կարեն Դէմիրճեանի անուան մարզահամերգային համալիր ՓԲԸի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնւում է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան ենթակայութեան տակ:
«Ըստ շրջանառուող լուրերի՝ Մուրադեան եղբայրները ՀՀ կառավարութիւնից իրենց մէկ այլ ընկերութեան անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրաւադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Լուրեր էին շրջանառւում նաեւ, որ կառավարութիւնը գումարը յատկացրել է Սոչի քաղաքում հիւրանոցային համալիր կառուցելու նպատակով: Ժամանակին Մուրադեաններից Բորիս Մուրադեանը հաստատել էր նման գործարքի գոյութեան փաստը», գրել էր «168 ժամ»ը:
Նախագծի վրայ աշխատել են Աննա Բուբուշեանը, Լենա Գէորգեանը, Եկատերինա Պօղոսեանը, Էլէոնորա Արարատեանը, Արա Թադեւոսեանը, Էմին Արիստակէսեանը, Արմինէ Մելքոնեանը:
Յատուկ շնորհակալութիւն ենք յայտնում Ռիմա Դեմիրճեանին եւ Կարէն Դեմիրճեանի թանգարանի աշխատակիցներին:
Նախագծի գլխաւոր գործընկերը «Արմէնտել» ընկերութիւնն է:
«Mediamax»