ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Սփիւռքի մասին խորհրդային տարիներին եթեր արձակուած կցկտուր ռադիօհաղորդումները կաղապարուած էին քարացած գաղափարախօսութեամբ, քանի որ սփիւռքահայութեան մի զգալի մասն ապրում էր դրամատիրական հասարակութեան մէջ, իսկ այն, ինչը չէր համընկնում համայնավարների տեսակէտին, լուսանցքից դուրս էր մնում: Այդ պատճառով էր, որ Սփիւռքին նուիրուած հաղորդումների ճնշող մեծամասնութիւնը ձանձրալի էր ու անհետաքրքիր՝ իմ ընկալմամբ: Այսօրուայ մեկնաբանութիւններից շատ-շատերն էլ առաւելապէս ակադեմիական մօտեցումներ են որդեգրում, փորձելով վերծանել Սփիւռքն ու սփիւռքահային, որքան էլ որ դա ծաւալուն ու անպարփակ գաղափար թուայ: Այստեղ ոտք դրած իւրաքանչիւր գաղթական ունի իր ոդիսականը, պատմութիւններ, որոնք յիշելիս մարդու մարմին կարող է փշաքաղուել, եւ իւրաքանչիւր պատմութիւն առանձնայատուկ ու եզակի է:
Երեւանում բնակուած տարիներիս Լոս Անջելեսից ստացած բոլոր նամակներն ու նկարները վարդագոյն էին, գրեթէ բոլոր նկարներում պատկերուած էին մարդիկ, շքեղ ինքնաշարժների ֆոնի վրայ. ամէն ինչ հարթ էր ու արեւոտ… Քչերն էին խոստովանում, թէ ծննդավայրից դուրս կայանալու ճանապարհը փշոտ, քարքարօտ մի արահետ է, ու այն սկսելիս մարդն անգամ պատկերացում չի կարող ունենալ, թէ որտեղ կարող է տանել առեղծուածային այդ ուղին: Ոմանք կարողանում էին յարատեւ աշխատանքով կամ ուսմամբ իրենց ձեռքը վերցնել բարեկեցիկ կեանքի դռան բանալիները՝ իր բոլոր հմայքներով ու պարտութիւններով, իսկ ոմանք էլ հէնց սկզբից կանգնում են անդնդի եզրին, կոտրուել-ջարդուփշուր լինելու վտանգը ամէն պահ աչքի առաջ ունենալով: Ես կը ներկայացնեմ ի՛նձ բախտ վիճակուած ճանապարհից հատընտիր դրուագներ, որոնք ընթերցելով ինքներդ կը ներսուզուէք ձե՛ր իսկ անցած ճանապարհի յիշողութիւններում: Երբեմն այդ դրուագները հաճելի, իսկ երբեմն էլ տխուր պահեր կը պարգեւեն, բայց կարեւոր է ժամանակ առ ժամանակ դրանց անդրադառնալը: Ասում են, առողջարար է…
Ինչպէս գիտէք, Լոս Անջելես կոչեցեալը հսկայական մի երկրի չափեր ունի, եւ աւանդական քաղաքի պատկերացումը չի համապատասխանում նրա նկարագրին: Այստեղ մի քաղաքը, շրջանը, գաւառը ներհոսում է մէկ այլ քաղաքի, շրջանի, գաւառի եւ այլ տեսակի ստորաբաժանման մէջ, ու յաճախ փողոցի մի հատուածում գտնուող տունը հարեւանութեամբ գտնուող մէկ այլ տան հետ տարբեր քաղաքի մաս են կազմում: Լոս Անջելեսի տարբեր հատուածներում ապրում են մեր հայրենակիցները՝ Հայաստանից վաղուց եւ նոր ներգաղթածներ, Միջին Արեւելքի երկրներից վաղուց եւ նոր ժամանածներ, Եւրոպական երկրներից՝ հիմնականում վաղուց ժամանածներ: Նոյնիսկ Աւստրալիայից, Արգենտինայից, Հարաւային եւ Հիւսիսային Ամերիկայի մի շարք այլ երկրներից ժամանած հայրենակիցներ ունենք: Ունենք բարձրագոյն մասնագէտներ ամենատարբեր բնագաւառներում՝ կրթութեան, գիտութեան, քաղաքաշինութեան, բարձրագոյն տեխնոլոգիաների, իրաւական եւ այլն: Կան նաեւ մարդիկ, ովքեր տասնեակ տարիներ առաջ են հաստատուել հնարաւորութիւնների այս մեքքայում, ու մինչեւ օրս ոչ մի տեղ չեն աշխատել կամ աշխատում: Թէ ինչպէս են ապրում, միայն Բարձրեալին է յայտնի: Երբեմն էլ նրանց հարցերով զբաղւում են օրինապահ մարմինները: Մօտ 30 տարի առաջ էր, երբ ընտանեօք հանդերձ հասկացանք, որ Խորհրդային Միութեան գաղափարաբանները խորտակուող նաւից կթում են երկրի հարստութիւնը, ժողովրդին բարձիթողի մատնելով, դրամական աճպարարութիւններ ու ամէն տեսակի մեքենայութիւններ հեղինակելով ու օրինակ հանդիսանալով այսպէս կոչուած աչքաբացների համար. որոշում ընդունուեց տեղափոխուել ովկիանոսից այն կողմ: Գնում էինք դէպի անյայտութիւն: Այն ժամանակ կցկտուր տեղեկութիւններ ունէի, որ հնարաւոր էր աշխատանք ճարել ու գոյութիւն պահպանել:
Ուրեմն: 1991 թուականի Մայիսի 26ին ժամանեցինք Լոս Անջելես՝ ես, կինս, 3 տարեկան որդիս, 10 ամսեկան դուստրս ու 75ամեայ հայրս. 3 օր յետոյ յայտարարութիւն կարդացի, թէ հայկական ռադիօն կարիք ունի աշխատակիցների: Ես անգլերէնին լաւ էի տիրապետում եւ յոյս ունէի թարգմանչի աշխատատեղը զբաղեցնել: Այն տարիներին Հայաստանից Լոս Անջելես ժամանած մեր հայրենակիցների մի զգալի մասի առաջին աշխատատեղին կա՛մ բենզալցման կայանն էր, կամ էլ ոսկերչական հաստատութիւնները, երբեմն էլ նպարավաճառի խանութը կամ տաքսին: Ինձ հրաւիրեցին հարցազրոյցի: Սանսէթ հանրայայտ պողոտայի վրայ գտնուող բարձրայարկ շէնքը տեսնելիս ծնկներս թուլացան: Ինձ թուաց, թէ դա հայկական ռադիոյի շէնքն է: Այնինչ Հայկական ռադիօ կոչեցեալը այդ շէնքի վերջին յարկում տեղակայուած մի քանի փոքրիկ սենեակներ էին, մի քանի նուագարկիչներով ու ձայնագրութեան սարքերով: Ինձ դիմաւորեց տիկին Մադլեն Քարաջեանը, ով Երեւանի համալսարանի դասախօսներից մէկն էր եղել ժամանակին: Մի փոքրիկ յօդուած տուեց ու խնդրեց որ թարգմանեմ: Թարգմանութիւնս կարդալուց յետոյ հաստատակամ յայտարարեց. «…վաղուանից կարող էք գալ աշխատանքի»: «Ինչպէ՞ս, միանգամի՞ց: «Ինչու՞ զարմացաք, չէի՞ք սպասում», հարցրեց: «Անկեղծ ասած՝ ոչ», թերահաւատութեամբ նրան դիմեցի: «Օրը 4 ժամով կը սկսենք»: Նոյնիսկ չհարցրի, թէ ինչպիսի՞ աշխատավարձ էին վճարելու, շուարած ուղղութիւն վերցրի դէպի դուռը… Տիկին Մադլենի հայեացքը զգում էի մէջքիս: Ես նրանից շատ բան սովորեցի՝ հիմնականում ոճաբանական դարձուածքներ, թարգմանութեան ընթացքում առաջացող խնդիրների սահուն յաղթահարում: Ափսոս որ մահուանից առաջ չկարողացայ նրան շնորհակալութիւն յայտնել…
Ռադիոյի տնօրէնը մի քանի օր յետոյ եկաւ, ծանօթացանք: Ոտքից գլուխ չափեց ինձ: Յետոյ հարցրեց, թէ ինչ նախասիրութիւններ ունեմ: Ուսուցիչ եմ եղել հայրենիքում, բայց կեանքս նուիրել եմ երաժշտութեանը՝ ասացի: «Ինչպէ՞ս, երաժի՞շտ էլ ես», հարցրեց: «Դէ հա, Երեւանում խումբ ունէինք»: «Բաբա, դէ ասա՛, էլի», ուրախացած ինձ նայեց Ալէք Ֆիդանեանը: Յաղթանդամ այս պարսկահայը Միացեալ Նահանգների ռազմական օդանաւերի օդաչու էր եղել: Իր առանձնասենեակի պատին կախուած էր նախագահ Ջորջ Բուշ առաջինի հետ լուսանկարը: Եւս մի քանի լուսանկարներ՝ Լոս Անջելեսի քաղաքապետարանի երեւելիների հետ: Դոկտոր Ֆիդանեան էին նրան կոչում: Յետոյ միայն պարզեցի, որ գիտական աստիճանը պատուաւոր էր, ոչ թէ ակադեմիական: Բայց բարձր էր հնչում: Դոկտոր Ֆիդանեանը անմիջապէս ինձ շնորհեց երաժշտական հաղորդումների խմբագրի տիտղոսը: «Պարոն Ֆիդանեան, ախր ես պատրաստ չեմ նման աշխատանքի, ինչպէ՞ս եմ տակից դուրս գալու», ասացի: «Ես կը վարժեցնեմ», ինքնավստահ յայտարարեց: «Հայ Ձայն» ռադիօկայանը հսկայական ձայնադարան ունէր: Հայկական ու համաշխարհային դասականների լայն հաւաքածոյ, ժամանակակից կատարողներից էլ օրինակներ կային: Մօտաւորապէս երկու տարի աշխատեցի ռադիոյում՝ առաւօտեան լուրերին հրամցնելով ամերիկեան թերթերից քաղած թարմ տեղեկութիւններ՝ օրուայ առաջին հատուածում, իսկ երկրորդ հատուածը ամբողջութեամբ կլանում էին երաժշտական ու ժամանցային հաղորդումները. այստեղ էր, որ մօտիկից ծանօթացայ դասական երաժշտութեան գոհարներին, ու իմ առջեւ մի առեղծուածային մոլորակ բացուեց: Ոչինչ որ աշխատավարձը շատ քիչ էր, ու հազիւ էինք ծայրը ծայրին հասցնում: Այնտեղ էր, որ առաջին անգամ ջերմ ընտանեկան մթնոլորտ զգացի: Սարգիս Կոստանեանը, Արմինէ Զարգարեանը, Աննան, Քրիստինէն, Գրիգոր Օգարեանը, Պետրոս Սարգսեանը, Անահիտ Մարտիրոսեանը, Արամայիս Ղարիբեանը, Սուրէնը, Աշխենը… Մնացածին չեմ յիշում, թող ներեն ինձ: Յետագայում երանութեամբ էի յիշում այդ տարիները: Իմ ծանօթներից շատ-շատերը զարմանում էին, թէ ինչո՞ւ մի կարգին գործով չէի զբաղւում բենզալցակայանում կամ ոսկերչական գործարանում: Ինչպէ՞ս բացատրէի, որ Հայկական ռադիօն ինձ համար մի հաստատուն կամուրջ էր հայրենիքի հետ, որ Խաչատրեանի, Կոմիտասի, Բաբաջանեանի երաժշտութիւնը ինձ թոյլ չէին տալիս, որ ընկղմուեմ, ընկճուեմ ու յուսահատուեմ: Ինչպիսի՞ արժէք դնէի ես այդ ամէնի վրայ, որ իմ խորհրդատուները հասկանային: Ես էլ ի՛մ ներդրումը կատարեցի այդ տարիներին: Իմ խմբագրած եւ ոչ մի ծրագիր ռաբիզ երգերի հետքն անգամ չէր կրում: Որոշ մարդիկ սրտնեղում էին, բայց չկարողացան համոզել:
Աւետեաց երկրում ոմանք ինձ խորհուրդ տուեցին մոռանալ երաժշտութիւնը ընդհանրապէս: Քաղցած են երաժիշտները, քաղցած՝ ինձ ասաց մի սրտացաւ հայ մարդ: Ինձնից շատ գիտեն երեւի, քանի որ մի քանի տարի է արդէն այստեղ են: Ոչի՛նչ էլ չգիտէին: Ես մօտ վեց ամիս չէի յանդգնում կիթառի կամ որեւէ այլ գործիքի մասին մտածել անգամ, այն ինչ ինչ որ բան իրեն շատ խիստ զգացնել էր տալիս: Ես տխրում էի շատ յաճախ, ու տխրութիւնն այդ ոչ միայն ծանօթ միջավայրից, զարմիկ զարմուհիներից ու ընկերներից հեռու գտնուելու պատճառով էր: Ես կարօտում էի մեր խմբի համերգային ելոյթները, դահլիճից հնչող ծափերն ու աղաղակները, Եղէգնաձորի, Կիրովականի, Ալավերդու, Հրազդանի, Լենինականի, Էջմիածնի, Երեւանի դահլիճների ու մարզադաշտերի աղմուկը, լոյսերը, արկածները, անքուն ու երկար գիշերները, ռադիօտան ձայնագրութիւնները, երեւանեան անհոգ սրճարաններում օրն անցկացնող երիտասարդութեանը, «Այո» հեռուստատեսային ծրագիրը եւ այլն, եւ այլն… Երազումս իմ գործիքն էի տեսնում, որ եզակի էր ամբողջ Հայաստանում, սպիտակ, ինձ պէս փոքրամարմին… Հանգամանքներն ու չակերտաւոր մի շարք բարեխօսներ ինձ թոյլ չէին տալիս նոյնիսկ մտածելու, որ մի օր կարող է գործիք ունենամ ու նորից ստեղծագործեմ… Վեց ամսուայ ընթացքում մօտ 2000 դոլար էինք հաւաքել: Խնայում էինք ամէն ինչի վրայ՝ հագուստի, ուտելիքի, տնային առարկաների: 2000 դոլարն էլ ինքնաշարժի համար էինք հաւաքել: Գիտէք, որ առանց ինքնաշարժի հնարաւոր չէ գոյատեւել Լոս Անջելեսում, քանի որ այստեղ խիստ թերզարգացած է քաղաքային տրանսպորտը: Ինքնաշարժ չունես, ուրեմն ցտեսութիւն կարող ես մաղթել այն բազմաթիւ հնարաւորութիւններին, որ քո առջեւ կարող էին յառնել: Մի օր հանդիպեցի կնոջս համադասարանցուն: Նոր ինքնաշարժ պիտի գնէր, ինձ էլ հետը տարաւ: Նոր Ֆորդը աներեւեկայելի մի փայլ ունէր, երբ դուրս բերեցին վաճառատնից: Ես երբեք ինքնաշարժի գերի չեմ եղել, ու հիմա էլ չեմ, բայց փոխադրամիջոց չունեցողի աչքերով էի նայում ճչացող սեւ գոյնի Ֆորդին: Գիտե՞ս ինչ, հայեացքս կարդալով ասաց համադասարանցին, փեսաս մի հին ինքնաշարժ ունի, փողոցը մաքրելու օրերին մոռանում է ու միշտ տուգանք է վճարում, քե՛զ կը տայ իր մեքենան: Ինչպէ՞ս թէ կը տայ, հարցրի: Հէնց էդպէս, վաղը չէ միւս օրը տեսնելու եմ իրեն, քեզ էլ կը տանեմ հետս, ասաց: Օրը մթնելու վրայ էր: Հեռուից պայծառ լոյսերով ինձ էր կանչում Guitar Center յայտնի վաճառատունը: Անկախ ինձնից քայլերս տարան այդ ուղղութեամբ: Ցուցափեղկին դրուած էր «Քորգ» ստեղնաշարային գործիքը՝ նոր էր ասպարէզ իջել: Վաճառողին հարցրի՝ ի՞նչ արժէ: «2600 դոլար», բարեացակամ պատասխանեց: Գլուխս կախեցի: Կարող ենք սակարկել, ժպտալով ասաց: Մի ուրիշ անգամ, ասացի, բայց միտքս պղտորուեց: Տուն եկայ, շատ էի տխուր: Կինս նկատեց: Հանգամանքներին ծանօթանալուց յետոյ հաստատակամ ձայնով ասաց. «Վա՛ղն եւեթ գնելու ես գործիքը»: «Ինչպէ՞ս, բայց այդքան փող չունենք, յետոյ ինքնաշարժի հարց կայ», ասացի, իսկ դէմքիս արտայայտութիւնը միանգամից ընդունեց խաղալիք ակնկալող երեխայի դիմագծերը: «Ինքնաշարժը յետոյ էլ կը գնենք, Աստուած մեծ է», ասաց կինս: Յաջորդ օրը շաբաթ էր, լոյսը բացուելու պէս ուղղութիւն վերցրի դէպի Guitar Center:
Խանութում հաւաքուած յաճախորդները շրջապատել էին մի երաժշտի, ով ինքնամոռաց ձեւով նուագում էր: Դէմքը չէի տեսնում: Վաճառողները եւս զարմացած լսում էին նրա արհեստավարժ նուագն ու հիանում էին: Յանկարծ լսեցի հայկական մեղեդիներ յիշեցնող հնչերանգներ: Մօտեցայ: Երկարամազ ամերիկացիների մի խումբ ծափահարում էին երաժշտին: «Ջիմիկ, այ Ջիմիկ, էս դո՞ւ ես»: «Խաչօ ջան, քու ցա՛ւը տանեմ ես, դո՞ւ ինչ ես անում էստեղ», ասաց Նիկոլայ Կաֆեանը, ում Ջիմիկ էին անուանում, քանի որ Ջիմի Հենտրիքսի մոլի երկրպագուն էր: Վանաձորցի էր Ջիմիկը, հայ լաւագոյն ռոք երաժիշտներից, որ վաղամեռիկ դարձաւ տարիներ յետոյ: Նրա հետ ծանօթացել էինք Ալավերդու ռոք փառատօնի ընթացքում: Երկարամազ ամերիկացիները զարմանքով մեզ էին հետեւում: Նրանցից մէկը Ջիմիկին խնդրեց էլի նուագել: Ի՞նչ ա ասում, է», ինձ նայեց ընկերս. նա անգլերէնին գրեթէ չէր տիրապետում: «Ուզում է էլի նուագես, Ջիմիկ»: «Աաաայ, ռադդ քաշի, պարապ հօ չե՞նք», հայերէնով պատասխանեց: Ամերիկացին Ջիմիկի դէմքի արտայայտութիւնից վերծանեց հայերէն խօսքն ու լուռ հեռացաւ: «Արի հանդիպենք, մի բան անենք միասին», ասաց Ջիմիկը: Այդ պատմական օրը 2600 դոլարանոց գործիքը 2000ով գնեցի: Մօտ 4 ժամ պահանջուեց, որ համոզէի վաճառողին, թէ աւելի չէի կարող վճարել, բաւարար գումար չունէի: Վերջապէս համոզուեց: Գործիքը թողեցի խանութում: «Գնամ մեքենայի յետեւից», ասացի: Անմիջապէս զանգահարեցի կնոջս համադասարանցուն: Չէ՞ որ նրա փեսան ինձ մեքենայ էր նուիրելու: Ժամը 4ի կողմը հանդիպեցինք ու գնացինք փեսայի բնակարանը: Մեքենայի խօսքը չէր բացւում, իսկ ես անհամբեր նայում էի ժամացոյցին: Մօտ 40 րոպէ աշխարհից, կեանքից խօսելուց յետոյ հարցրի. «…Հին մեքենադ վաճառո՞ւմ ես»: Չէի կարող ասել՝ նուիրելո՞ւ ես: «Ի հարկէ՛», ասաց փեսան: Որքանո՞վ: Որքան որ սիրտդ ուզի, ասաց: Կնոջս համադասարանցին կարմրած երեսիս էր նայում: «150 դոլարով կը տա՞ս: Վերցրու՜, ասաց փեսան: Բայց փող չունեմ հիմա, երկու շաբաթից կը տամ, ասացի: Կարող ես երկու ամսից տալ, ժպտալով ասաց փեսան, իսկ եթէ չկարողանաս, երկու տարուց տուր, մեծահոգաբար եզրափակեց: Մեքենան մի հնամաշ «Շեւրոլէ» էր, որ հազիւ էր շարժւում: Երեկոյեան ժամը 7ի կողմն էր, երբ հասայ վաճառատուն: Վերցրեցի ծանր գործիքն ու սրտի տրոփիւնով դրեցի մեքենան: Դանդաղ էի վարում: Գլենդել մտնելիս մի ոստիկան կանգնեցրեց եքենաս: «Դանդաղ ես վարում, երիտասարդ, ինչո՞ւ», հարցրեց: Առաջին անգամ եմ այս երկրում վարում, նաեւ նոր գործիք եմ գնել այսօր, չէի ուզենայ արկածի մէջ ընկնել, ժպտացի: Ոստիկանն էլ ժպտաց ու ինձ բարի ճանապարհ մաղթեց: Մեր տան մօտի աւտոբուսի կանգառի նստարանին նստած երիտասարդի դէմքը ծանօթ երեւաց: Որտե՞ղ եմ նրան հանդիպել, մտածեցի: Մի կողմից նոր գործիքը, միւս կողմից առանց դրամի, պարտքով վերցրած մեքենան ինձ դրդում էին ուղիղ տուն գնալ, բայց ե՛ւս մի ծանօթի հանդիպելու աղօտ յոյսը աւելի ուժեղ գտնուեց: Մի պտոյտից յետոյ ինքնաշարժը կանգնեցրի նստարանի ուղղութեամբ, միացնելով հեռարձակ լոյսերը: Նստարանին նստած տղաները անսպասելի լոյսից աչքերը փակեցին: Նրանցից մէկը ջղային դէմքով վեր կացաւ ու շարժուեց մեքենայիս ուղղութեամբ: Վարդաաա՜ն, ես եմ, էէե՜ս: Վարդանը քարացաւ: Խաաաա՜չ ջաաաաա՜ն: Ամուր գրկել էինք իրար: 114ի Վարդանն էր, մեր հերոս Վարդանը, որ 8րդ դասարանում յանդգնել էր կազմակերպել դասամատեանների ոչնչացումը, ինչ որ քարսիրտ ուսուցչի պատժելու համար, եւ ամբողջ 114 դպրոցում աշակերտների համար տօն էր հռչակուել: Երեկոյեան ժամերին հացի փռում էր աշխատում ու տաքսի էր վարում:
Այդ օրերին մտքներովս անգամ չէր անցնում, որ տարիներ յետոյ Վարդանը պիտի դառնար յաջողակ փաստաբանական գրասենեակի տնօրէն, իսկ ես՝ ուսուցիչ: Ինքնահաստատման ճանապարհի առաջին քայլերը չափազանց դժուար էին, բայց ես չէի դժգոհում: Ինձ գրկաբաց ընդունեց «Ասպարէզ» օրաթերթի գլխաւոր խնբագիր Ժան Գոսագեանը, բայց խմբագրութիւնում ոչ բոլորն էին ուրախ: Այդ տարիներին մեզ՝ Հայաստանից եկածներիս թերահաւատութեամբ էին ընդունում շատերը: Ժանի աշխատակիցներից մէկն էր, ինչ որ խօսակցութեան ընթացքում ինչ որ մէկին բնութագրելիս նրան պատեհապաշտ անուանեց: Առաջին անգամ էի լսում այդ բառը, չնայած որ պարզ իմաստ ունէր: Խօսակցութեան նիւթից զգում էի, որ իմ ուղղութեամբ էր արձակուած գնդակը, ասես իմ մեղքի զգացումը քիչ էր, այս մէկի քօղարկուած ամօթանքը թէ՝ հայրենիքը լքում էք մի կտոր հացի համար, շատ ծանր հարուած էր: Ժանը շեշտակի հայեացքով սաստեց աշխատակցին: Վերջինս դուրս եկաւ սենեակից:
Մեր տանտէրը, նոյնպէս պարսկահայ, պարոն Անդրանիկն էր: Ընտանիքիս գրկաբաց ընդունեց: Երեխաներիս շատ էր սիրում, ամէն յարմար առիթով մի փոքրիկ խաղալիք կամ քաղցրաւենիք էր նուիրում: Տան վարձը սրբութեան սրբոցն էր. ամէն ամսուայ մէկին առաջինը ես էի յայտնւում պարոն Անդրանիկի դռանը: «Տղայ ջան, համբերիր, վաղը կարող ես տալ, միւս օրը, ինչո՞ւ ես շտապում, 5 օր ունես դեռ, ասում էր պարոն Անդրանիկը: Չէ, սիրտս անհանգիստ կը լինի որ ուշացնեմ, պարոն Անդրանիկ: Այդ օրերին հանդիպեցի մի շարք մանկութեան ընկերների, ովքեր դեռ 80ականներին էին դուրս եկել Հայաստանից: Նրանց թւում էր նաեւ մէկը, ում հետ երեխայ ժամանակ ֆուտբոլ էինք խաղացել գրեթէ ամէն օր: Երբ հնամաշ ինքնաշարժս տեսաւ, դէմքի արտայայտութիւնը փոխուեց: Անմիջապէս նկատեցի: Էսպէս չի մնայ, արդարացայ: Քմծիծաղ տուեց: Քմծիծաղը շանթահարեց ինձ: Այդ օրուանից յետոյ նրան չհանդիպեցի, խուսափում էի շփումից… Մեքենայի պարտքը դեռ չէի վճարել, երբ լսեցի, որ Ռուբէն Հախվերդեանի վիրահատութեան համար Լոս Անջելեսում դրամահաւաք էին կազմակերպել: 160 դոլարը պատրաստ էր գրպանումս, բայց որոշեցի իմ չափով մասնակցել դրամահաւաքին: Փեսան թող մի շաբաթ էլ սպասի, մտածեցի: 60 դոլարը ծրարի մէջ դրած, շարժուեցի Գլենդելի ռեստորաններից մէկի ուղղութեամբ, որտեղ յանձնախումբը դրամահաւաք էր կազմակերպել: Ներս մտայ: Առանց մտածելու մեկնեցի ծրարը: Մեր Ռուբօն էր, պէ՛տք էր օգնել: Փառք Աստծոյ, վիրահատութիւնը յաջող անցաւ, փրկուեց:
Նոր Տարուայ նախորեակին ինձ հեռաձայնեց ճանաչուած երգիչներից մէկը. իմաց տուեց, թէ Նոր Տարուայ տօնակատարութեան համար մէկ այլ երգիչ բաս կիթառահարի կարիք ունէր: Գործիք չունեմ, ասացի: Ես կը ճարեմ, պատասխանեց: Ա՞չքդ կը հանի. 250 տոլար մէկ գիշերուայ համար: Մօտ 40 աստիճան ջերմութեամբ գնացի դահլիճ: Հիւանդ էի, կոկորդիս ցաւը անտանելի էր… Այն տարիներին ինձ հրաւիրող երգչի անունը թնդում էր Հայաստանում: Ծանօթացանք: Որոշեցինք երգացանկը՝ տեղում: Աչքերս փակւում էին, բայց յանդգնում էի պայքարել: Վերջապէս կը վճարէի ինքնաշարժի պարտքը ու նոյնիսկ նուէրներ կարող էի գնել ընտանիքիս անդամների համար: Ես իմ նուէրը արդէն ստացել էի՝ 2000 դոլարանոց, ու ինչ որ տեղ մեղաւոր էի զգում, որ չտեսի պէս առաջին ամենաթանկարժէք իրը ինձ էի վերապահել: Գիշերուայ 2ի մօտ երգիչը յայտարարեց։ «Դէ ժողովուրդ ջան, ձեր Նոր Տարին շնորհաւոր, թող 92 թուականը ձեր ընտանիքներին առողջութիւն, երջանկութիւն, ու յաջողութիւն բերի, մենք էլ գնանք մի քանի րոպէ մեր ընտանիքների հետ անցկացնենք»: Հաւաքեցինք գործիքները: Հազիւ էի շնչում: «Էս էլ քեզ, ախպերս» ասաց ու մի քանի թղթադրամ մեկնեց: Առանց հաշուելու գրպանս դրեցի: Յանկարծ յիշեցի մի առեղծուածային դէպք, որ Երեւանում էր տեղի ունեցել, 80ականների կէսին: Ուրբաթ օրը գործի ենք, 200 ռուբլի կը տան, բաս կիթառդ վերցրու արի, ասաց Համօն, երգիչը: Գործը իրենը չէր, կլարինետ նուագողն էր գործատէրը: Յայտնի երաժիշտ, յարգուած ինչպէս ռաբիզ, այնպէս էլ դասականների շրջանակում: Տղայ ջան, որ գործը լաւ լինի, մի բան էլ աւելին կը տամ, ասաց գործատէրը: Շատ բարի, մտածեցի: Գիշերուայ 12ն էր. հարսն ու փեսան վեր կացան պարելու: Դահլիճի գետինը մօտ կէս մետր բարձրացաւ 100 ռուբլիանոց թղթադրամներից: 40 հազարն անցաւ, հրճուանքից փայլելով արտաբերեց Համօն: Ես երանութեան մէջ էի: 4 հոգով ենք գնացել, գոնէ մի 1000 ռուբլի էլ ինձ կը տան, մտածում էի: Հարսանիքից յետոյ կլարնետահարը ինձ մօտեցաւ: Շատ լաւ նուագեցիր, տղայ ջան. ահա քո հոնորարը, ասաց ու թղթադրամները ինձ մեկնեց: Գրպանս դրեցի ու շնորհակալութիւն յայտնեցի: Արդէն մտքումս հաշւում էի, թէ ինչի վրայ պիտի ծախսէի իմ անակնկալ հարստութիւնը, երբ ներքին ձայնս ինձ յուշեց՝ հաշուի՛ր գումարը: Ուղիղ 200 ռուբլի: Շուռ եկայ կլարնետահարի կողմը, բերանս բաց: «Ին՞չ կայ, տղայ ջան», ասաց, «…հեչ չմտածես, յաջորդ շաբաթ էլ, միւս շաբաթ էլ գործի ենք միասին», եզրափակեց: 40 հազա՞ր… Այդ ինչքա՞ն լաւ գործ էր սպասում, 100 հազա՞ր, մէկ միլիո՞ն, որ ինձ գոնէ կրկնակի վճարէր: Ապշած տուն գնացի, ու դրանից յետոյ էլ երբեք չընդունեցի մեծն կլարնետահարի հրաւէրները…
Վերադառնանք Լոս Անջելես: Այդ պատմութիւնն էր, որ ինձ յուշեց հաշուել գրպանիս փողերը՝ Նոր Տարուայ տօնախմբութեան ժամանակ: Ով զարմա՜նք, 250ի փոխարէն 200 դոլար էր գրպանումս: Մօտեցայ երգչին: Ի՞նչ ես տուել, հարցրի: «Ի՞նչ պիտի տայի», անկեղծ զարմացաւ նա: Ինչպէ՞ս, չէ՞ որ 300 դոլար էիր խոստացել: Ի՞նչ 300, 250 էի խոստացել, զայրոյթից կարմրեց նա, բայց չհասկացաւ, որ ծուղակն էր ընկել: «Իսկ ինչո՞ւ ես 200 տուել, հարցրեցի ու ցոյց տուի իր իսկ տուած 4 թղթադրամները: Ամօթից գետինը մտաւ ու ինձ մեկնեց 50 դոլարանոցը: «Դէ լաւ լաւ, արի գնանք բարձրախօսները մեքենայի մէջ դնենք», ասաց: «Ի՛նքդ կը դնես», ասացի ու հեռացայ:
Տարիներ անց պատահաբար փողոցում հանդիպեցի իմ ամենայարգուած դասախօսներից մէկին՝ հոգեբան Երուանդ Գրիգորեանին: Գրկախառնուեցինք: Ինչո՞վ ես զբաղւում, հարցրեց: Բժշկի մօտ եմ աշխատում, գրասենեակային գործ է, փառք Աստծոյ, ապրում ենք, ասացի: Իսկ ինչո՞ւ քո մասնագիտութեամբ չես աշխատում, հարցրեց: Ինչպէ՞ս, ամերիկացիներին անգլերէ՞ն սովորեցնեմ, հարցրեցի: Իսկ սովորեցնողները քեզնից լաւ՞ն են, հարցիս հարցով պատասխանեց Երուանդը: Ինչ որ բան կատարուեց այդ պահին, ու ճիշդ են ասում, որ դիպուածը կարող է դրդել, որ կեանքդ ամբողջութեամբ վերանայես: Առաջիկայ վեց ամիսների ընթացքում աշակերտի պէս սերտում էի նախապատրաստական նիւթերը: Յանձնեցի ուսուցչական վկայականի համար նախատեսուած քննութիւնները, ու անվստահ շարժուեցի Հոլիվուդեան դպրոցներից մէկի ուղղութեամբ: Տարուայ կէսն էր: Աշխատանքի տեղ ունեմ, ակնոցների տակից ուշադիր ինձ զննելով, խիստ ձայնով յայտարարեց ճապոնուհի տնօրէնը: Հարցազրոյցը մօտ 40 րոպէ տեւեց: Մօրս էի յիշում այդ պահին, չէ՞ որ նրա յորդորանքով էր, որ ընդունուեցի Երեւանի Բրիւսովի անուան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը: Հայրս չէր խառնւում, իսկ միւս ծանօթները հակաճառում էին, թէ ինչպէ՞ս պիտի ապրէի «դասատուի» աշխատավարձով: Մայրս ուժեղ դուրս եկաւ, պնդեց իր խօսքը: Ինքս էլ չէի հասկանում, թէ ինչո՞ւ պիտի երաժշտութեամբ չզբաղուէի: Ինձ լսիր, որդիս, երաժշտութեամբ էլի կարող ես զբաղուել, բայց բարձրագոյն կրթութիւնը մի օր քեզ շատ պէտք կը գայ, ասաց: Ենթարկուեցի: Միայն յետոյ պիտի հասկանայի, որ տարինէր անց պիտի դառնայի ՈՒՍՈՒՑԻՉ, եւ ոչ թէ «դասատու», որ հսկայական տարբերութիւն կայ դասատուի եւ ուսուցչի մէջ: Ոչինչ որ հարստութիւն չէի դիզելու, քանի որ աշխարհում ոչ մի ուսուցիչ դեռ չի հարստացել, ոչ մի ազգի, ոչ մի հասարակութեան մէջ: Ինչի՞ս էր պէտք կարողութիւն դիզելը, երբ մի ամբողջ կեանք պիտի իմաստաւորուէր…
Պարոն Նշան Փիրումեանը, պարս-կահայ, առաջինն էր, որ խորհուրդ տուեց իմ մասնագիտութեամբ զբաղուել: Լոս Անջելես ժամանելուս 4րդ օրն էր, երբ նրան հանդիպեցի, իր երեւանեան մի ընկերոջից խրախուսական նամակ յանձնելու առիթով: Ալիս Պետրոսեանին հանդիպիր, քեզ առարկայական խորհուրդներ կը տայ, ասաց: Ես չգիտէի, որ շատ տարիներ յետոյ պիտի հանդիպէի տիկին Պետրոսեանին ինչպէս Գլենդելում, այնպէս էլ Երեւանում, ուր ժամանել էր ամուսնու եւ ընկերների հետ որպէսզի մի խուլ գիւղի դպրոցի շէնքը հիմնովին վերանորոգելու աշխտանքները նախաձեռնէին: Այդ պահին պարոն Փիրումեանի խորհրդին չէի կարող հետեւել, քանի որ ուսուցիչ դառնալու ճանապարհը չափազանց եթերային էր թւում… Պարոն Փիրումեանի առաջարկով էր, որ «Ասպարէզ»ի գլխաւոր խմբագիրը, ձեզ արդէն ծանօթ Ժանը կեանքումս առաջին յօդուածը գրելու հնարաւորութիւնը տուեց: Տարիներն անցնում էին, ես վերագտել էի իմ մասնագիտութիւնը, բայց նաեւ պարտաւոր էի լաւ գնահատականներ ստանալ Նորթրիջի համալսարանում կրթութիւնս շարունակելիս, քանի որ հակառակ պարագայում կը կորցնէի աշխատանքս: Այդպիսին էր պայմանը… Իսկ գիտէ՞ք թէ որքան դժուար էր Խորհրդային համալսարանական կրթութիւնը տեսած անձի համար ամերիկեան համալսարանում նորից կրթութիւն ստանալը… Ընթացքը օգտակար է ու իմաստալից, իսկ միջավայրին յարմարուելը խիստ դժուար էր: Այստեղ չկար իմ ուսանող տարիներին ապրած կեանքի նշոյլն անգամ, ուսանողներն միասին չէին ընդունւում ու միասին չէին աւարտում, ինչպէս Երեւանում էր այն տարիներին: Ամէն ուսանող իր նախագծած կամ նախընտրած ծրագիրն ունէր, եւ օրուայ մի ժամին մէկի հետ էր, միւս ժամերին՝ ուրիշների հետ: Ուսանողական ընտանիք հասկացութեան հետքն անգամ չկար…
Առիթից օգտուելով իմ խորին շնորհակալութիւնն եմ ուզում յայտնել բոլոր այն մարդկանց, այդ թւում վերը նշուածներին, ովքեր փորձում էին սատար կանգնել հայրենիքից նոր ժամանած մի մարդու, ով ճակատագրի բերումով՝ իրենց պէս, յայտնուել էր ովկիանոսի այս ափին:
Այսօր ինչ որ չափով, ինչ որ ձեւով նաեւ մեզնից է կախուած հայրենիքի կայացման գործընթացի յաջողութիւնը: Հայրենիքին ու հայրենակցին ամէն կերպ օգտակար լինելու ձգտումը նաեւ խիստ առողջարար է ներքին հաւասարակշռութեան տեսանկիւնից…