Ավետիք Գրիգորյանին տեսա՝ գիրքը ձեռքին՝ այնպիսի տեսքով, ինչպիսին ունենում է երիտասարդ հայրը՝ առաջնեկին գրկելիս. բերկրանք, հուզմունք, ամեն էջը թերթելիս՝ զգուշավորություն: Նա արդեն հասցրել էր մանրակրկտորեն ստուգել ու գտնել մեկ օր առաջ տպագրված 464 էջանոց գրքի վրիպակներն ու տպագրական թերությունները, որոնք չնչին էին: Առաջին հերթին փորձեցի լուսանկարել գիրքը՝ հեղինակի խորհրդով, փորձելով տարբեր կողմերից, որ չփայլի, բայց քանի որ այդպես էլ չհաջողվեց թաքցնել փայլը, մենք միաձայն եկանք այն համոզման, որ գրքում լույսն այնքան շատ է, որ բնական պիտի համարել նրա փայլը:
Այսպիսով՝ մեծ ավետիս՝ օրերս, մեծ ջանքերի արդյունքում, լույս տեսավ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը: Հիշեցնեմ, որ գրքի տպագրության կարևորության հարցը, դրվելով գիտական հանրության կողմից, մեծ ալիք էր առաջացրել, քանի որ, ինչպես հեղինակն է ասում՝ Այս գիրքը բացատրում ու տալիս է իսկական, խորապես հասկացված գիտելիք, ոչ թե զուտ տեղեկություններ, տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի և նրա ուսումնասիրության մասին: Գիրքն ունի սյուժետային առանցք, որով ընթերցողն անցնում է ճանաչման նույն ճանապարհը, ինչ որ անցել է մարդը քարե դարից մինչև մեր օրերը և նույնիսկ հայացք գցում դեպի մարդկության տիեզերական ապագան:
Բացի այդ, գրքի ուսումնական նյութն անցել է 25 տարվա փորձաքննություն` Ավետիք Գրիգորյանի վարած արտադպրոցական Տիեզերագիտական խմբակում: Դատելով խմբակի սաների հաջողություններից` փորձաքննությունն անցել է գերազանց:
Գիրքը գրվել է 5 տարում ու էլի մի քանի տարի մշակվել, անցել փորձաքննություն Տիեզերագիտական խմբակում, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել` որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական ավագ դպրոցի համար, շատ երկար սպասել իր տպագրությունը հովանավորողին:
Եվ ահա գիրքը սեղանի՛ն է՝ արտաքին ու ներքին իր ողջ փայլով. ամեն մանրուք հաշվի է առնված, ամենուրեք նորարարական մոտեցումներ, հրաշալի նկարազարդում, թևավոր խոսքեր, պոետիկ տողեր, որոնցից մի քանիսի հեղինակն, ի դեպ, ինքը՝ Ավետիք Գրիգորյանն է, ամեն ինչ՝ ընթերցողին իր բովանդակությամբ ու ձևավորումով ձգելու այնպես, որ անկարելի լինի կտրվել ընթերցումից:
-Պարո՛ն Գրիգորյան, երկար սպասվածը տեղի է ունեցել. գիրքը տպագրվեց: Ի՞նչ զգացողություններ է պարգևում Ձեզ այդ փաստը:
-Ես մի անգամ ևս համոզվեցի, որ հավատը աներևակայելի ուժ է և կարող է հրաշքներ գործել և գերազանցել անգամ հավատացողի սպասելիքները: Եթե լիարժեք պատկերացնենք այն բոլոր դժվարություններն ու արգելքները, որ կային այս գրքի հրատարակման ճանապարհին, ապա, մեր իրականության բոլոր հանգամանքներից ելնելով, կարծես թե կարող էինք վստահաբար պնդել, որ դա լինելու բան չէ: Շատերը հենց այդպես էլ պնդում էին ու համարում ինձ ուտոպիստ: Իսկ ես համառորեն առաջ էի գնում՝ հավատալով, որ կարևոր, օգտակար գործ եմ անում և, անկախ ամեն ինչից, պիտի անեմ առավելագույնը` այդ կարևոր նպատակին հասնելու համար: Միշտ հավատացած եմ եղել, որ իրապես լավ գործը չի կարող չգնահատվել, ժողովրդական խոսքով ասած՝ «տաշած քարը գետնին չի մնա», որ լավ գործում անպայման կողքից ձեռք մեկնողներ կլինեն, ինչպես եղավ այս դեպքում: Այս տեսակետից, ես գերադասում եմ հավատալ ու ձգտել իրական արժեք ստեղծել, քան, վախենալով ուտոպիստի պիտակից, դրսևորել հուսալքող հոռետեսություն և արդարացնել դա «իրատեսությամբ»: Ուստի, ես ինձ զգում եմ հաղթանակած՝ մարդու ոգին ճնշող ու երբեմն նույնիսկ ոչնչացնող այդ հոռետեսության և «իրատեսության» հանդեպ: Դրանք իմ ոխերիմ թշնամիներն են: Ես ցնծում եմ այս հաղթանակն ու միշտ, ինչքան էլ դժվար լինի, ամեն ինչ անելու եմ՝ հավատով լցված լինելու և երազելու ունակությունը չկորցնելու համար: Պատահական չեմ գրել գրքում, պատանի ընթերցողին ուղղված իմ ուղերձում. «Թող այս գիրքը սովորեցնի քեզ երազել…»: Մյուս զգացողությունս այն է, որ հերթական անգամ կատարել եմ իմ առաքելությունը՝ նպաստելու մեր կրթությանը, սովորող սերնդին կրթելու, թևեր տալու և թռիչքի ոգեկոչելու համար: Դա էլ թերևս շատ ավելի հեշտ է ստացվում, երբ հավատում ես այդ սերնդի ներուժին:
-Գիրքը տպագրվեց, բայց, ի տարբերություն մեր օրերում հրատարակվող շատ ու շատ գրքերի, այն չի մնալու գրադարակում՝ փոշոտվելու, այլ մեծ առաքելություն ունի: Ի՞նչ անելիքներ կան: Ի՞նչ սպասելիքներ: Ի՞նչ քայլեր պիտի արվեն, որպեսզի գիրքն անի այն գործը, ինչ Դուք եք նախատեսել:
-Գրքի առաքելության հետ կապված անելիքների մասին. սա լուրջ հարց է և լուրջ ջանքեր է պահանջում, որպեսզի արված գործը հասնի իր նպատակին: Տպագրելը չէր կարող լինել ինքնանպատակ: Պետք է այնպես անել, որ, նախ՝ գիրքը հասնի դպրոցներին, հետո որ այդ մասին տեղեկությունը բոլոր հնարավոր միջոցներով հասնի սովորողներին, հետո որ նրանք տեսնեն, թե որքան է դա գնահատվում իրենց աչքերում հեղինակություն ունեցող մարդկանց, ուսուցիչների ու մասնագետների կողմից, գիրքն արդեն կարդացած ընթերցողների կողմից և այլն: Ակնկալում եմ, որ Տիեզերագիտական ակումբի սաների հետ քննարկումը թույլ կտա գտնել արդյունավետ լուծումներ: Պետք է առաջիկայում նման քննարկում կազմակերպել: Պետք է նաև գիրքը տեղ հասցնելու պրոցեսի մեջ ներգրավել դպրոցների համապատասխան բնագիտական առարկաների ուսուցիչներին: Մտահղացումներ կան, բայց իրագործման տեխնիկական մանրմասները դեռ պետք է մշակել:
-Պարո՛ն Գրիգորյան, երբ թերթում եմ գիրքը, ամեն էջի վրա զարմանքս ու հիացմունքս ավելանում է. կարծես մի ամբողջ հեղինակային խումբ աշխատած լինի՝ մանկավարժ, հոգեբան, փիլիսոփա, պոետ… Ի դեպ՝ պոեզիայից, որպես մեր զրույցի ամփոփում, կարտասանե՞ք գրքում զետեղված Ձեր տողերից:
Երկնքի կապույտ անհունի կանչով
Ամպերի ճերմակ անուրջների մեջ
Ես երազել եմ ազատ սավառնել,
Ու երազանքս թևեր է առել:
Ահա թե ի՜նչ… ուրեմն՝ Ավետիք Գրիգորյանն այսօր նման էր այն մարդուն, ում երազանքը թևեր է առել: Իսկ գրքի հրատարակումը ճախրանքի սկիզբն է միայն…
Մանե Հակոբյան