Բաց նամակ գրող, հասարակական գործիչ՝ Զորի Բալայանին
Հարգելի Զորի Բալայան,
կարդացի Ձեր նամակը ուղղված «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. Պուտինին», այդ պատճառով էլ կրկին անգամ պետք է բաց նամակով դիմեմ ձեզ: Կարծում եմ քննարկվող նյութը շատերին կհետաքրքրի, քանի որ նամակում արծարծված հարցերը Հայաստանի ապագային են վերաբերում և շոշափում են հայ ժողովրդի արժանապատվությունը: Կարդալով Ձեր նամակը կարելի է տարբեր ենթադրություններ անել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես հայ ժողովուրդի և Հայաստան երկրի գոյությունը դարձյալ վտանգված են, այս անգամ արդեն անկախության դեպքում և խաղաղ պայմաններում, որը շոշափում է նաև Ռուսաստանի շահերը, ուրեմն միակ ելքը՝ գրողը շտապում է Ռուսաստանի նախագահին հիշեցնել այդ:
Կարելի է նաև հետևյալ եզրակացութությանը հանգել, և՛ հայ ժողովուրդը և՛ Հայաստանի վերնախավը արժանի չեն նկատվում անկախ երկիր ունենալու և կառավարելու համար:
Սա ապտակ է Հայաստանի իշխանավորների երեսին, եթե իհարկե նրանք այդ հասկանան, և միայն այդ տեսակետից կարելի է այն դրական համարել: Բայց Ձեր կողմից կրկնվում է նույն սխալը՝ մեր ազգային հարցերի լուծումը՝ ցեղասպանության ճանաչումից սկսած, մինչև Հայաստանի և Արցախի և՛ անվտանգության և՛ տնտեսական, ինչպես նաև քաղաքական, սպասել այլ պետությունների բարի կամքից:
Պատմությունից մեզ հայտնի է Իսրայել Օրիի գործունեությունը, ով հայրենասիրական գաղափարներով տարված և Հայաստանը փրկելու մտադրությամբ, մեն-մենակ ճանապարհ ընկավ Եվրոպայի մեծամեծների և իշխանների դռները թակելու:
Հայրենիքի ապագայի նկատմամբ մտահոգությունը, ազնիվ նպատակներ հետապնդելը, անարատ հայրենասիրությունից մղվելով ինչ որ գործունեություն ծավալելու ընթացքը, բոլորովին էլ չեն կարող երաշխիք լինել, թե ընտրված քայլը և այդ ընթացքը ճիշտ են, հենց այդ պատճառով էլ թույլ տվեք ժողովրդի լեզվով դիմել ձեզ.
Հարգելի Զորի Բալայան, ի՞նչ եք կորցրել և ի՞նչ եք որոնում:
Այո, դուք շատ լավ գիտեք, թե ինչ ենք կորցրել և կորցնում: Դուք, մենք, հայ ժողովուրդը կորցրել է հավատը իր երկրի լավ ու անվտանգ ապագայի նկատմամբ, իսկ սա չարիքների մեծագույնն է, այն էլ մոտ քսան տարի արցախյան փայլուն հաղթանակից և անկախություն ստանալուց հետո: Գիտեմ որ դուք բոլորից ավելի լավ գիտեք պատճառները, գիտեմ, որ հենց այդ պատճառով էլ դուք բոլորից ավելի շատ եք տառապում, սակայն հրապարակայնորեն խոստովանել, բարձրաձայնել և մեկի «խաթրին» դիպչել չեք կարող, կամ չեք ցանկանում, որովհետև կամա, թե ակամա շղթայված եք: Որովհետև դուք էլ շատ գրողների և մտավորականների նման, կամա, թե ակամա դարձել եք ներկայիս տիրող վերնախավի, եթե ոչ համախոհը, ապա ճամփորդակիցը, գերեվարված եք նրանց ցանցում: Բայց կողմնակի մարդկանց կողմից չէ, որ պետք է ասվի, թե մտավորականության տեղը այդտեղ չէ, որտեղ նրանք հաստատ որ իրենց օտար են զգալու: Բայց դժբախտաբար Հայաստանի մտավորականության մի մասը այլևայլ պատճառներով իշխանությունների կողմից ներքաշվել է մի հորձանուտի մեջ, որից նա դուրս գալ չի կարողանում, չի համարձակվում, նույնիսկ չի էլ փորձում, որի մտավոր և հոգևոր կարողությունը, ձիրքը և տաղանդը ներկա վերնախավի կողմից շահագործվում է իր իշխանությունը ամրապնդելու համար, այն վերնախավի, որը իր գործողությամբ ընդդեմ երկրի անվտանգության և ժողովրդի շահերի, երկրում տիրող ճգնաժամը օրեցօր ավելի է խորացնում և այդպիսով վտանգում երկրի ապագան: Իհարկե որ այս կացության համար նաև մեղսակից ենք մենք բոլորս, ներառյալ մտավորականության այն ներկայացուցիչները, ովքեր լքել են երկիրը, ինչպես նաև կառավարող շրջաններից հեռու կանգնած քաղաքական այն գործիչները, ազգային այն կուսակցությունները, թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում, որոնք իրենց լռությամբ և իրենց կրավորական պահվածքով քաղաքական ասպարեզը միանգամայն զիջել են իշխանություններին:
Ձեր նամակից նաև այն տպավորությունն է ստացվում, ասես հայ գրողը մարտի դաշտում բարձրացնում է ձեռքերը, հանձնվում է և օգնություն է հայցում իր և իր վտանգված հայրենակիցների համար: Նման պահվածքը նվաստացուցիչ է այն անձանց համար, ովքեր, թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում, պայքարում են և փորձում են ելք գտնել: Դուք փոխանակ այդ պայքարող ուժերի հետ լինեք և փորձեք նրանց աջակցել, նրանց հետ ելք որոնել, կանգնեք հուսահատված, այս կողմ այն կողմ դեգերող ժողովրդի կողքին և Ձեր իշխանավոր ընկերներին, հովանավորողներին պարզ ասեք, թե այդ ի՞նչ եք անում, դեպի ո՞ր անկումն եք գլորում երկիրը, դիմում եք Վլադիմիր Պուտինին, հարգալից և ինչ որ տեղ խոնարհաբար (թող ինձ ներվի այս ասել), ցանկանում եք նրան հիշեցնել, թե Ռուսաստանի շահերը որտեղ են, թե Հայաստանը եղել է Ռուսաստանի մաս և նա կորցնում է այն: Սա հիշեցնում է նաև տանուլ տվող և այլ ելք չտեսնող ու չորոնող մարդու՝ օգնություն կանչող հուսահատ ճիչ: Ինչո՞ւ եք կարծում, որ հատկապես նա՝ Վլադիմիր Պուտինը չգիտի, թե որտեղ են Ռուսաստանի շահերը, հարկավոր է նրան հիշեցնել այդ և նրան պատմության դասեր տալ: Միթե՞ նա չէ, ով, ինչ որ հատուկ ծրագրեր հետևելով, դատարկում է Հայաստանը և դուք և մյուս մտավորականները և իշխանավորները ապշած, մի կողմ կանգնած դիտում եք այդ և անգամ բողոքելու անզոր եք:
Բայց երևի ինչ որ մարդիկ կգտնվեն, ովքեր կհամաձայնվեն ձեզ հետ, և այլ ելք չտեսնելով մի չարաբաստիկ օր, կամ ըստ Խ. Աբովյանի, օհրնված մի օր կգնան և Վլադիմիր Պուտինից թախանձագին կխնդրեն, քանի դեռ ուշ չէ, Հայաստանը միացնել Ռուսաստանին, որովհետև անգամ ևս, այն էլ 21-րդ դարում Հայաստանի ներկան և ապագան մեզ հուշում են, որ հայ ժողովուրդը ընդունակ չեղավ և երևի չէ, իր երկրում այնպիսի հասարակական մեխանիզմներ և պետակնություն ստեղծել, որպեսզի կարողանար մյուս ժողովուրդների նման արժանավայել և անկախ ապրել:
Դիպուկ է ասել Վինստոն Չերչիլը.
«Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն կառավարության, որ ունի»:
Այստեղ առիթից օգտվելով ցանկանում են ձեզ հետ նաև մի այլ հարց արծարծել, որն ինձ մոտ առաջացավ ձեր «Դրախտ և Դժոխք» գիրքը կարդալուց հետո: Այդ ինչպե՞ս եղավ, որ դուք՝ որպես սովետական հասարակությունում ուսում առած բժիշկ, հասարակական գործիչ, հրապարակախոս, սկսեցիք այդպես ջերմեռանդ հավատալ աստծո գոյությանը, որ երբեմն որոշ երևույթներ այնպես եք նկարագրում, բացատրում, ասես դա աստծո կամքով է այդպես կատարվել, կամ էլ աստծո նկատմամբ հավատի բացակայությունը, տրամաբանական հետևանքն է այս, կամ այն բացասական երևույթի նման ընթացքի:
Անհավատալի է, բայց դուք գրում եք.
«Ամեն ինչ Աստված է տնօրինում» (Էջ 343):
«Հաճախ եմ մտածել, որ հենց ամենասկզբից ամեն ինչ սահմանվել է Աստծո կամքով» (Էջ 499):
Տարիներ առաջ Հայաստանի հեռուստատեսության առաջին ծրագրով և այն էլ ուղիղ եթերով, ինչ որ պատմաբան Դոկտ. Պրոֆեսոր խոսում էր հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունից, հայ ժողովրդի պատմությունից, դարավոր արհավիրքներից և վերջում առանց այլևայլի ասաց.
«Աշխարհում ինչ որ կատարվում է, կատարվում է աստծո կամքով»:
Սա սոսկալի հայտարարություն է, սա ահռելի մոլորություն է: Այսինքն ի՞նչ, այսինքն եղեռնը կատարվել է աստծո կամքո՞վ: Այսինքն հենց ի-սկզբանե ինչ որ ողորմելի և անօգնական նախամարդի հետ կատարվել է, ապա կատարվել է աստծո կամքո՞վ: Միթե՞ մարդկության կողմից կատարված բոլոր հանցագործությունները, նաև կրոնի անունից, հրահրած և մղած պատերազմները կատարվել են աստծո կամքով: Միթե՞ աշխարհի վրա ի սկզբանե աստծո կամքով է ստեղծված մարդկության քիչ տոկոսի դրախտային և մեծամասնության դժոխային կյանքը: Չէ որ յուրաքանչյուր բանական մտածող մարդ պետք է ինքն իրեն հարց տա, եթե՞ դա այդպես է, ապա, արդյո՞ք մարդկությանը և հատկապես մեզ հայերիս համար, պետք է նման դաժան, մարդկության և մեր հայրերին այդքան տառապանքներ պատճառող աստծուն հավատալ և դեռ նրան երկրպագել և այսօրվա մեր կյանքում եղած տարատեսակ դժվարությունների լուծումը, որոնց պատճառը և հեղինակը մենք ինքներս ենք, հայ մարդիկս, հայ իշխանավորները, նրանից սպասել:
Եվ ընդհանրապես, միթե՞ քրիստոնեությունն էլ հենց սկզբից բռնությամբ, արյունով, կոտորածներով չի հաստատվել Հայաստանում: Այն սոցիալիզմի նման, որի հարվածները նաև ձեզ է հասել, որի կործանման վկան նաև մենք ինքներս դարձանք: Դուք ինչ որ տեղ արտահայտել եք այն միտքը, որ նման սոսկալի բռնությամբ և ավերումների գնով հաստատված սոցիալիզմը, բնականորեն չէր կարող այն լինել, ինչ որ պետք է լիներ: Ապա մենք ինչո՞ւ ենք ահա արդեն 18 դար շարունակաբար սրբացրել Գրիգոր «Լուսավորիչին» և հավատում ու հետևում ենք նման դաժանությամբ հաստատվող կրոնին…
Քավ լիցի, երբեք չէի ցանկանա մեծամիտ նկատվել և փորձել ձեզ կամ ընթերցողներին խրատներ տալ, բայց երևի ավելորդ չէր լինի այստեղ մեջբերել Գերմանիայի նախկին կանցլեր և սոցիալդեմոկրատների ղեկավար՝ Վիլի Բրանդի խոսքերը, ուղղված իր կուսակցության անդամներին.
«Ոչինչ ինքն իրեն չի ստացվում: Եվ միայն շատ քիչ բան է հարատև: Այդ պատճառով էլ վստահեք ինքներդ ձեր ուժերին և հիշեք, որ ամեն մի ժամանակ իրեն հատուկ պատասխաններն է պահանջում և մարդ պետք է իր բարձունքի վրա գտնվի, եթե ինչ որ լավ բան գործադրել պետք է»:
Հարգանքներով՝
Սամվել Հովասափյան
Բեռլին, դեկտեմբեր 2013
KEGHART.COM