https://www.lragir.am-ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցող գործընթացները և որքանով է հնարավոր պատերազմից հետո այսպիսի համաձայնագրի ստորագրումը:
Ալիևը այդ հայտարարությունն անում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում՝ խախտելով Հայաստանի սահմանները: Յուրաքանչյուր խելամիտ մարդու համար պարզ է, թե Ալիևի պատկերացրած խաղաղությունն ինչպիսի խաղաղություն է: Առավել ևս, որ դեռևս նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ ռազմագերիները և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձինք չեն վերադարձվել: Ադրբեջանը տարբեր պատրվակներով նրանց շարունակում է պահել իր մոտ: Այնպես որ, եթե նա խոսում է խաղաղության մասին, նրա պատկերացրած խաղաղությունը վստահաբար տարբերվում է այն խաղաղությունից, որը մենք կարող ենք պատկերացնել:
Այսինքն առաջիկայում որևէ կերպ հնարավոր չէ՞ պատկերացնել Ադրբեջանի հետ որևէ նման պայմանագրի ստորագրում:
Ես կարծում եմ, որ այս փուլում, երբ Հայաստանում նախանշվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ կառավարությունն էլ հրաժարական է տվել, հետևաբար, իրավունքի ուժով արձակվել է նաև Ազգային ժողովը, որևէ փաստաթղթի ստորագրման մասին խոսելը չի կարող նպատակահարմար լինել և քաղաքական տեսանկյունից՝ հեռատես: Նման օրակարգի շուրջ կարելի է սկսել բանակցել բացառապես այն պարագայում, երբ Ադրբեջանը կվերադարձնի հայ ռազմագերիներին, և միջազգային մանդատի ներքո, ոչ թե բացառապես Ռուսաստանի միջնորդությամբ, տեղի կունենա երկու երկրների միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց:
Ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում այդ գործընթացին, տեսակետ կա, որ դա կարող է 10 տարի ձգվել:
Սահմանակից պետությունները տասնամյակներ շարունակ ապրում են ու այդ գործընթացը չեն իրականացնում: Ադրբեջանը, ըստ էության, մեզ պարտադրում է դելիմիտացիայի և դեմարկացիայի օրակարգ, որը կարծում եմ՝ տեղի է ունենում Ռուսաստանի միջնորդությամբ ու հովանավորությամբ, որովհետև շրջանառվող փաստաթղթի համաձայն իրենք էլ հանդես են գալու որպես խորհրդատուներ: Հասկանալի է, որ դա ձեռնտու է լինելու Ադրբեջանին, որովհետև պատերազմից հետո մենք թուլացած ենք, իսկ ինչպես հայտնի է պատմությունից, սահմանները գծում են բանակները, իսկ քաղաքական գործիչները դե յուրե ամրագրում են այդ սահմանները: Ես կարող եմ ասել, որ որևէ պարտված երկրի պարագայում նման գործընթաց տեղի չի ունեցել, այսինքն մենք այս պարագայում նախադեպ չպետք է լինենք աշխարհում: Երբ կձևավորվի լեգիտիմ իշխանություն նոր ընտրությունների արդյունքում, թեկուզ դա կարող է լինել էլի գործող իշխանությունը, նոր այդ պարագայում հնարավոր է ինչ-որ բանակցություն իրականացնել:
Վարչապետը հայտարարում է, որ սա 100 տոկոսով բխում է մեր շահերից:
Քաղաքագիտության կանոնների համապատասխան չի կարող որևէ փաստաթուղթ բխել այն պետության շահերից, որի տարածքային ամբողջականությունը խախտած հակառակորդը ռազմական ներկայություն ունի տվյալ պետության տարածքում: Սա շատ պարզ տրամաբանական իրավիճակ է: Հիմա եթե այդ փաստաթուղթը բխում է մեր շահերից, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը շահագրգիռ ստորագրել դա և խոսել խաղաղության մասին: Պարզ է չէ՞, որ այս պարագայում Ադրբեջանի շահերն ավելի շատ են հաշվի առնվելու, քան Հայաստանի շահերը: Դրա մասին են վկայում նաև Արևմուտքի տարբեր պետությունների, գերտերությունների, այդ թվում Իրանի, Հնդկաստանի արձագանքները ստեղծված իրավիճակին, որոնք փաստացիորեն ընդունում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է և այդ պայմաններում տեղին չէ խոսել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին:
Լավ կլինի Արևմուտքից բազմաթիվ արձագանքներին հաղորդակից լինել, օգտագործել միջազգային բոլոր գործիքները Ադրբեջանի ռազմական ներկայությունը Հայաստանի տարածքից դուրս մղելու ուղղությամբ: Սա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգը, ոչ թե այս պայմաններում որևէ փաստաթղթի ստորագրման շուրջ խոսելը: