Ռուբէն Յովակիմեան
«… Հնոցում այս օրերի, որ մեզ հրկիզում են
անդուլ, հրո՛վ, հրո՛վ սրբում մեր պիրկ ոգին –
Տքնե՞լ ենք մենք արդեօք աշխատանքով
յանդուգն, որ մեր գործի վրայ ժանգ չչոքի…»
Չարենց
Կացութիւնը հրաբխային է մեր երկրում՝ իմա նախընտրական: Խառնուել են ուժեր, նոյնիսկ իրենցից ոչինչ չներկայացնող: Խմբեր են կազմում տարրեր, որ ըստ Յակոբ Պարոնեանի «Կը նմանի դդմենու վրայ՝ վարդ պատուաստելուն՝ չի՛ բռներ»: Ընդհանուր գզվռտուք֊ քաշքշուկը դարձել է գործելակերպ եւ նպատակ, իսկ բանականութիւնը մեր քաղաքական դաշտում վաղուց է բացակայ: Գործիչներ են եղել, որոնք Ազգային ժողովում՝ նախկին թէ ներկայ, ծպտուն անգամ չեն հանել եւ, ինչ որ հրահանգով կոճակ են սեղմել: Բնականաբար հարց է ծագում, թէ ինչո՞ւ են ձգտում պատգամաւոր կամ նախարար դառնալ, երբ քաղաքական գործիչ չեն եւ նրանց երակներում այդ արիւնը բացակայ է: նոյնն է նաեւ երբ առաջնորդ դառնալու ձգտում ունեն.֊ կուսակցութիւն են «ստեղծում», հուսկ արդէն մօտ 100 այդպիսին կան եւ մեր մի բուռ երկրում բնակչութեան զգալի մասը վարչապետի կամ նախագահի թեկնածու է: Անգաղափար՝ այդ այրերին եւ կանանց կարելի է յիշեցնել որ այլ գործեր եւս կան, թերեւս պակաս վճարուած, բայց պատուաբեր:
Առաւել ողբերգական է, երբ հասարակութեան մի մասը մոռացել է, որ մեր երդուեալ եւ ոխերիմ թշնամին թուրք֊ազերի համոյթն է եւ ոչ ընտրուած իշխանութիւնը՝ ընդհուպ իր թերութիւններով հանդերձ:
Տեղեակ չե՞ն մեր պատկան պաշտօնեաները, որ ՆԱՏՕ-ն պատրաստում է ադրբեջանական բանակը իր յաջորդ պատերազմին, որ Ալիեւի չթաքցուած երազանքն է եւ ա՛յն փաստը, որ նա վերջին 27 տարիների ընթացքին զօրք է տրամադրել պատերազմների եւ յետպատերազմեան «խաղաղապահ» առաքելութիւնների համար․ օրինակ՝ Աֆղանստանը, Քոսովոն եւ այլն, իսկ 2018 / 2019-ին նրանք ստացել են 100 միլիոն դոլար ԱՄՆ օգնութիւն՝ մինչդեռ մենք միայ չորս միլիոն: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ 44֊օրեայ դժոխքի ընթացքին մեր հակառակորդին սատարողները բազում էին եւ չմոռանանք, որ Ալիեւի յաղթանակը շնորհաւորողներից առաջինը եղաւ Ղազախստանի նախագահը որի հետ մեր երկիրը համագործակցութեան պայմանագիր է ստորագրել:
Օրերս Ալիեւը յայտարարեց թէ՝ երկաթգիծը Սիւնիքում կառուցուելու է եւ այդ հարցը քննարկում է Մոսկուայի հետ, քանզի մեր երկաթգիծը պատկանում է Ռուսական մէկ պետական ընկերութեան, որի համար պիտի շնորհակալ լինենք քոչի տաղանդին, որ հպարտ յոխորտում, թէ իր օրերին տնտեսական զարգացում է եղել, երկիրը ծաղկել է, երբ՝ նա վաճառել է բոլոր ռազմավարական կարեւոր հիմնարկները, նուիրել, կամ էլ՝ պարտքերի դիմաց յանձնել օտարին եւ բացառուած չէ, որ մի օր Սիւնիքով ուզենան գազամուղ անցկացնել ու այդ հարցը դարձեալ քննարկելու են Մոսկուայի հետ, քանզի այն եւս ռուսական է:
Մեր նպատակը չէ՝ այս գրութեամբ ներկայացնել թշնամու ծրագրերն ու նպատակները, միայն թէ նրանք ուղղակի կապուած են մեր լինել-չլինելու (to be or not to be) հիմնական հարցի հետ եւ ողբալի է, որ մեր որոշ կուրծք ծեծող նախկին ու նորածին «փրկիչ»ները, որ ամէն առիթով գոռում են, թէ Շուշին եւ Յադրութը պիտի վերագրաւեն, դեռ չեն հասկացել, որ բոլորիս կենսական պարտականութիւնը դիմագրաւելն է այդ երկոտանի հրէշներին եւ իրար յօշոտելով է որ դէպի անդունդ ենք գնալու: Ի դէպ, այս օրերին խուժան ոսոխը սադրիչ քայլեր է ձեռնարկում Կապանի կից սահմանամերձ տարածքում բայց ինքնապաշտպանական որեւէ քայլ անող չկար՝ ըստ «ԱՍՊԱՐԷԶ»ի 3(13֊5), մինչ մի քանի օր առաջ քաղաքապետի ղեկավարած խուժանը պատրաստ էր՝ օրինական կարգով վարչապետին այնտեղ հասցնող մեքենան ջարդ ու փշուր անել: Այդ առիթով տեղին է յիշել հասուն եւ փորձառու Կիրօ Մանոյեանի դիտարկումը՝֊ «Վարչապետի աթոռին կառչածը՝ այլ մարզերում իր իսկ թատրոնին հաւատացել է, Սիւնիքում դա չի ստացուել»֊ԱՍՊԱՐԷԶ 22-4: Ի՞նչ հրճուանք եւ արտայայտուելու ինչ տաղանդաւոր ոճ շաղախուած ատելութեան հետ: Այս է մեր քաղաքական դասակարգի մտայնութեան մակարդակը, որ աւելի քան ողբալի է: Մարգարէութիւն պիտի չանեմ առաջիկայ ընտրական արդիւնքների մասին, միայն մի բան պարզ է, որ պայքարը լինելու է դժուար եւ յագեցած ամէն տեսակի ստոր եւ նենգ քայլերով ո՛ւր կեղծիքը գուցէ անպակաս չլինի՝ ըստ աւանդութեան, որի կողքին՝ արդէն երկիրը արնաքամ անող արտագաղթը շօշափելի է դարձել: Տեղին է յիշեցնել մէկ դար առաջ մեծն լորեցու արած պատգամը՝ «․․․Մենք անցել ենք արեան ծովեր, սուր ենք տեսել ու կրակ․․․Մեր աչքերը միշտ դէպի վեր՝ դէպի լոյսը մեր ուխտի»։
Այո իւրաքանչիր հայ ուխտաւոր է եւ հանձնառու այն ամէն գնով կեանքի կոչելու մեր իսկ ուժերով եւ ջանքերով եւ ոչ մէկ օտար կառոյց պատրաստ է զոհուելու մեր ապագայ բարեկեցութեան համար։ Հայ հասարակութեան առողջ, բայց թմբիրի մէջ եղած մասը արթնանալու եւ ազատուելու է բոլոր տեսակի արկածախնդիր տարրերից։
Այդ մեր ուխտն է։
16-5-21 Սեն Ռաֆաել