Պատրաստեց՝
ՍԻՒԶԱՆՆԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ՄԱԿի բնակչութեան հիմնադրամի (UNFPA) հայաստանեան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետեանը «Սիվիլնեթ»ի «Կաճառ» հաղորդմանը հանդէս եկաւ դասախօսութեամբ՝ ներկայացնելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրները, միտումները եւ հնարաւոր լուծումները: Ստորեւ ներկայացուած է Հայրապետեանի դասախօսութեան ամփոփ տարբերակը.
Ընդհանրապէս, երբ մենք խօսում ենք ժողովրդագրութեան մասին, յատկապէս Հայաստանում, շատ բացասական եւ մտահոգուած տրամադրութեան մէջ ենք խօսում, ինչը թերեւս նորմալ է՝ հաշուի առնելով այն հանգամանքները, որ մենք կանք, ապրում ենք եւ գոյութիւն ունենք: Բայց միւս կողմից՝ ժողովրդագրութիւնը ցիկլիկ գործընթաց է. գալիս է պահ, երբ ծնելիութիւնը բարձրանում է, բնական աճ է տեղի ունենում, յետոյ հասնում է ինչ որ պիկի, այն սկսում է իջնել եւ այդպէս շարունակ: Պետութիւնների քաղաքականութեան խնդիրը այդ ցիկլերը մեղմելն է, որպէսզի դրանք չհասնեն իրենց ծայրայեղ դրսեւորումներին: Այս գաղափարի շուրջ փորձեմ ներկայացնել իրավիճակը Հայաստանում՝ որտեղ ենք մենք: Փորձենք նաեւ քննարկել, թէ ինչպէս կարող ենք այդ իրավիճակից օգտուել կամ աւելի բարելաւել այն:
Ինչպէս գիտէք, մոլորակի վրայ արդէն 7.2 մլրդ. մարդ է ապրում: 2011թ.ին նշեցինք 7 մլրդ.ը լրանալու տարեթիւը: Երկիր մոլորակի վրայ տարեկան մօտ 78 մլն. մարդ է աւելանում, եւ այժմ մեր մոլորակի վրայ երիտասարդների ամենամեծ չափաքանակն է ապրում երբեւէ. 43 տոկոսը 25 տարեկանի սահմանագծում է ամբողջ աշխարհում: 60+ բնակչութիւնն այսօր 760 մլն. է, բայց ինչպէս տեսնում էք, ըստ կանխատեսումների՝ 2050թ.ին այն կը հասնի 2 մլրդ.ի:
Ծնելիութիւնը գլոբալ անկում է ապրում. եթէ 1950ականներին ունէինք միջին ծնելիութիւն՝ 6-7 երեխայ մէկ կնոջ հաշուով, այդ թւում՝ աֆրիկեան երկրներում՝ 10, 11, 12ի էր հասնում, ապա այսօր գլոբալ ծնելիութեան ցուցանիշը 2.5 երեխայ է՝ մէկ կնոջ հաշուով: Ամենաբարձրը Նիգերում է եւ աֆրիկեան միւս երկրներում՝ համարեա 7, ամենացածրը՝ Բոսնիա-Հերցեգովինայում՝ 1.1: Այսինքն՝ աճը բաւական դանդաղեցուած է:
Աշխարհում ամենացածր աճ ունեցող երկրներն են Մոլդովան եւ Վրաստանը: Այս առումով ուզում եմ ասել, որ Հայաստանը դեռ ունի շատ չնչին դրական բնական յաւելաճ: Սակայն մեր կանխատեսումների համաձայն՝ 2017թ. այդ յաւելաճը կը զրոյանայ, եւ դրանից յետոյ կը գնայ արդէն բացասական աճ, այսինքն՝ տարեկան մահացածների թիւն աւելի շատ կը լինի, քան ծնուածներինը:
Տեսնենք՝ Հայաստանում մենք ինչ իրավիճակ ունենք. Հայաստանը խոցելի է հիմնական երեք գործընթացներով, որոնք ազդում են ժողովրդագրութեան վրայ՝ միգրացիա, ծնելիութեան անկում եւ ծերացում: 2001թ. եւ 2011թ. մարդահամարների տուեալներով՝ տասը տարուայ մէջ, մօտաւորապէս 186 հազ. հաշուեգրուած բնակչութիւն պակասել է: Փաստացի տասը տարուայ ընթացքում երկրում ներկաների 130 հազ. պակասորդ է եղել:
ՄԻԳՐԱՑԻԱ
Եթէ նայենք 2011թ. բուրգին, կը տեսնենք, որ դրա հիմքը նեղանում է: Սա հէնց հետեւանքն է այն բանի, որ մեզ մօտ ծնելիութեան լուրջ անկում է տեղի ունեցել՝ սկսած 1980ականների վերջից (ծնելիութեան կրկնակի անկում ենք ունեցել անկախութեան տարիների ընթացքում):
Միգրացիոն պատկերը հետեւեալն է՝ բոլորս գիտենք, որ մենք դեռ չունենք միգրացիան կառավարելու կամ միգրացիոն հոսքերը հասկանալու լաւ մեխանիզմներ: Դա հիմնականում այսպէս կոչուած ուղեւորափոխադրումների շարժն է, որ տարեկան մենք կարողանում ենք գրանցել՝ քանի մարդ հատեց սահմանը այս կողմ եւ այն կողմ: Մենք ունենք հետեւեալ պատկերը՝ 2000թ. ունեցել ենք 57.5 հազ. բացասական սալդօ: 2006թ. մենք ունեցանք դրական միտումներ՝ երկու-երեք տարի՝ 2004, 2005, 2006 թուականներին մեզ մօտ միտումները դրական էին, այսինքն՝ աւելի քիչ մարդ էր երկրից հեռանում, քան գալիս: Սակայն սկսած 2007ից՝ նորից սկսեցինք անկում արձանագրել:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան (ԱՎԾ) տուեալների՝ մենք անընդհատ ունենում ենք անկում: Այս 13 տարիների ընթացքում ընդհանուր ունենք 311 հազ. բացասական սալդօ, այսինքն՝ 311 հազ. բնակչութիւն ենք կորցրել կամ մեր ընդհանուր բնակչութեան 10 տոկոսից աւելին:
Հետաքրքիր են Ռուսաստանի միգրացիոն ծառայութեան տուեալները, որոնք ցոյց են տալիս, թէ քանի մարդ է Հայաստանից մտել Ռուսաստան՝ մշտական գրանցում ստանալու համար, 2011թ.՝ 32 հազ., 2012թ.՝ 37 հազ., որը կազմում է Հայաստանից դուրս եկածների մօտ 80-85 տոկոսը: Այսինքն՝ Ռուսաստանն իսկապէս մեզ համար մինչեւ այսօր հիմնական միգրացիոն նպատակն է. մեր միգրանտների 80-85 տոկոսը գնում է Ռուսաստան եւ մշտական բնակութիւն փորձում հաստատել այդ երկրում:
ԾՆԵԼԻՈՒԹԻՒՆ
Այժմ տեսնենք, թէ ինչպէս են ընթացել ծնելիութեան գործընթացները Հայաստանում: 1950թ. մենք ունեցել ենք 4.5 երեխայ՝ մէկ կնոջ հաշուով, այսինքն՝ ծնելիութեան բաւական բարձր գործակից: Սկսած 1990ից, երբ ծնելիութեան 1.62 գործակից գրանցուեց, Հայաստանում ծնելիութիւնը սկսեց բաւական արագ անկում ապրել՝ 2002թ. հասնելով 1.21ի՝ Հայաստանում երբեւէ գրանցուած ամենացածր գործակիցը: Յետոյ որոշակի կայունացում եղաւ, եւ հիմա՝ վերջին տարիներին, ծնելիութիւնը 1.5-1.6ի սահմաններում է:
ԱՎԾն տալիս է 1.5 գործակից՝ մէկ կնոջ հաշուով, իսկ DHS-ը (Demographics Health Survey)՝ Ժողովրդագրական եւ առողջապահական հետազօտութիւնը, տալիս է 1.7: Այստեղ մօտեցումների տարբերութիւն կայ: ԱՎԾն հաշւում է առկայ բնակչութեան՝ Հայաստանում ծնուած երեխաների թիւը, իսկ DHS-ն ընդհանրապէս հարցնում է՝ «Ունեցե՞լ էք երեխայ վերջին հինգ տարիների ընթացքում»: Եթէ անգամ ընտանիքի անդամը երեխայ է ունեցել երկրից դուրս, DHS-ը հաշւում է: Այսինքն՝ 1.7ը դէ իւրէ բնակչութեան ծնելիութեան ցուցանիշն է, իսկ ԱՎԾինը՝ դէ ֆակտօ՝ առկայ բնակչութեան ցուցանիշն է: Հասարակ վերարտադրութեան համար անհրաժեշտ է առնուազն 2.1 ծնելիութիւն: Այնպէս որ, պատկերը մտահոգիչ է:
Եթէ մենք 1990թ. ունեցել ենք 80 հազ. ծնունդ, ապա 2001թ. բացարձակ թուով ունեցել ենք աւելի քան կրկնակի պակաս ծնունդներ:
2010թ. լաւ աճ ունեցանք, եւ բոլորը սկսեցին լաւատեսօրէն ասել, որ Հայաստանում ծնելիութիւնը բարձրանում է: Իրականում պատճառը ծնելիութեան բարձրացումը չէր. ինչպէս որ բոլոր կանայք ունենում էին 1.5 երեխայ, շարունակում էին ունենալ իրենց 1.5 երեխան: Պարզապէս 1990թ. 80 հազ. ծնուածները մտան վերարտադրողական տարիք, եւ հասարակութեան մէջ մայր-հայրերի թիւը աւելացաւ: Այժմ տարին տարուայ վրայ նորից ծնելիութեան 1-2 տոկոս նուազում ենք տեսնում, եւ ըստ մեր կանխատեսումների՝ 2024թ. կ՛ունենանք 25 հազ. ծնունդ: Սա մտահոգիչ է նաեւ երկրի անվտանգութեան տեսանկիւնից՝ զօրակոչ, բանակ եւ այլն:
ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՒ ԵՐՐՈՐԴ ԵՐԵԽԱՆԵՐԸ
2012թ. տուեալներով՝ հայաստանեան ընտանիքներում ծնունդների յաջորդականութեան պատկերը հետեւեալն է. 1ին երեխայ՝ 20,453, 2րդ երեխայ՝ 15,481, 3րդ երեխայ՝ 5352:
Հայաստանեան ընտանիքների 15 տոկոսից պակասը երեք եւ աւելի երեխայ ունի: Սա ծնելիութեան իրավիճակի ցուցանիշ է: Չնայած Հայաստանում փաստացի գործում է մէկ-երկու երեխայ ընտանիքի ֆորմատը, բայց մեր հետազօտութիւններից մէկը ցոյց է տալիս, որ հայկական ընտանիքների 57 տոկոսը ցանկանում է ունենալ երեք եւ աւելի երեխայ: Այսինքն՝ եթէ մենք կարողանանք ճիշդ քաղաքականութիւն վարել, այդ մասով ծնելիութիւնը խթանելու տեղ ունենք:
Մեր հետազօտութեան հարցումներից մէկն այն էր, թէ որոնք են քիչ երեխայ ունենալու պատճառները եւ սպասելիքները: Շատ հետաքրքիր ցուցանիշ ստացանք: Սպասելիքների թւում էր, որ երրորդ երեխայի ծնունդով սոցիալ-մշակութային կեանքը կ՛աշխուժանայ: Մի բան, որ երբեք մտքովդ չէր անցնի: Սա համազգային հետազօտութիւն էր, որն ընդգրկել էր 2800 տնային տնեսութիւն: Հայաստանեան ընտանիքների վերարտադրողական վարքագծի փոփոխութիւնն էինք ուսումնասիրում, որպէսզի հասկանանք՝ ինչու է մէկ-երկու երեխայի ֆորմատն աւելի նախընտրելի այսօր: Հարցումների մնացած պատասխանները սպասելի էին՝ առողջապահական որակեալ ծառայութիւններ, արտօնեալ վարկեր, կրթութիւն երեխաների համար եւ այլն:
Քիչ երեխաներ ունենալու պատճառների թւում առաջինը սոցիալ-տնտեսական խնդիրներն են՝ գործազրկութիւն եւ այլն: 44 տոկոսն ասաց, որ յաջորդ երեխան չի ունենում, որովհետեւ իրենց եւ իրենց երեխաների ապագան այս երկրի հետ չի կապում: 44 տոկոս. սա իրականում վախենալու թիւ է: Հայաստանի բնակչութեան կէսը, փաստօրէն, բարոյահոգեբանական անբաւարաւածութեան եւ անապահովութեան զգացում ունի:
ԾՆԵԼԻՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՕՆՆԵՐ
Որո՞նք են այն յաւելեալ գործօնները, որ ազդում են ծնելիութեան վրայ: Մենք 2009թ. իրականացրինք մի հետազօտութիւն, որը նաեւ կլինիկական մաս էր պարունակում: Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք երեխայ չունենալու խնդիր ունէին, ուղարկուեցին անվճար հետազօտման: Մեզ հարկաւոր էր նաեւ բժշկական տեսանկիւնից հասկանալ՝ որոնք են պատճառները, որ անպտղութեան են բերում: Իսկ անպտղութիւնը Հայաստանում բաւականին բարձր է՝ 17 տոկոս: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը մինչեւ անցեալ տարի տագնապալի շեմը 15 տոկոս էր սահմանել, այս տարի բարձրացրեց 18 տոկոսի: Բայց միեւնոյն է՝ մենք վերին շեմի մօտ ենք, այսինքն՝ տագնապալի վիճակում ենք:
Անպտղութեան ընդհանուր ցուցանիշը 17 տոկոս է, այդ թւում՝ առաջնային անպտղութիւն՝ 5 տոկոս, երկրորդային անպտղութիւն՝ 12 տոկոս: Առաջնային անպտղութիւնը բնածին անպտղութիւնն է: Երկրորդային անպտղութիւնն առաջանում է սեռավարակների եւ անորակ աբորտի հետեւանքով: Սա նշանակում է, որ մենք 12 տոկոս պոտենցիալ ենք կորցնում գիտելիքների պակասի կամ առողջութեան նկատմամբ սխալ վերաբերմունքի պատճառով: Եւ սա շտկելը շատ աւելի հեշտ է, քան առաջնային անպտղութիւնը բուժելը:
Միւս գործօնը սեռով պայմանաւորուած աբորտներն են: Սա Հայաստանում համեմատաբար երիտասարդ ֆենոմեն է: Մենք այսօր ունենք հետեւեալ պատկերը՝ 113 տղայ է ծնւում 100 աղջկայ հաշուով, այսինքն՝ 10 տոկոսից աւելի շեղում ունենք: Նորման 102-106ն է: Դա բնութեան կողմից դրուած նորմա է, որովհետեւ տղայ պտուղը աւելի թոյլ է ֆիզիքապէս եւ առողջապահական առումով, եւ նրա՝ մինչեւ վերարտադրողական տարիքի հասնելու հաւանականութիւնը աւելի քիչ է, քան աղջիկ երեխայինը: Այդ առումով՝ այս բալանսը բնութիւնը կարծես պահպանել է: Բայց, ցաւօք, Հայաստանն այս ցուցանիշով երրորդն է աշխարհում՝ Չինաստանից (118) եւ Ադրբեջանից (116) յետոյ:
Այսօրուայ դրութեամբ տարեկան մօտ 1500 աղջիկ չի ծնւում միայն այն պատճառով, որ աղջիկ է: Ընդհատում են յղիութիւնը՝ սպասելով, որ յաջորդը տղայ լինի: Տղայ երեխայի նախընտրութիւնը միջինը վեց անգամ աւելի է Հայաստանում. տասը անգամ՝ շրջաններում, չորս անգամ՝ Երեւանում: Ըստ կանխատեսումների՝ եթէ միտումն այսպէս շարունակուի, մինչեւ 2060թ. մօտ 100 հազ. աղջիկ, այսինքն՝ ապագայ մայր, լոյս աշխարհ չի գայ: Եթէ մենք հաշուենք նրանց չունեցած երեխաներին եւ այդ երեխաների չունեցած երեխաներին, Հայաստանի համար դա հսկայական թիւ կը կազմի: Սակայն ի տարբերութիւն ասիական երկրների՝ Հայաստանում դրական մի բան կայ. աղջկայ հետ կապուած մեզ մօտ խնդիրը մինչեւ ծնուելն է, ծնուելուց յետոյ աղջիկների եւ տղաների միջեւ խտրականութիւն չի դրւում:
Այսօր մենք արդէն մինչեւ 21 տարեկան 47 հազ. աւելի տղայ ունենք ծնուած: Դա նշանակում է, որ երբ այդ տղաները մտնեն վերարտադրողական տարիք, զոյգ գտնելու խնդիր են ունենալու: Սա կարող է բերել վտանգաւոր տենդենցի՝ միգրացիոն հոսքերի աւելացման: Շատերն ասում են՝ լաւ է՝ «հարսնացուն հիւսիսից»ի տարբերակը կ՛աշխատի: Շատ լաւ կը լինի, եթէ աշխատի, միգուցէ մեր արիւնն էլ մի քիչ թարմանայ, բայց սովորութեան համաձայն՝ մերոնք գնում են, չեն բերում:
ԻՆՉՈ՞Ւ ՏՂԱՅ ԵՐԵԽԱՅ
Ինչո՞ւ են Հայաստանում նախապատուութիւն տալիս տղայ երեխային: Ամենաառաջինը՝ տոհմը շարունակելու համար: Երկրորդը՝ ունեցուածքի ժառանգորդ ունենալու համար, երրորդը՝ ընտանիքում տղամարդու ազդեցիկ, աւելի բարձր դերով եւ տղաների՝ թէ՛ ֆինանսապէս, թէ՛ սոցիալապէս, թէ՛ տնտեսապէս աւելի ակտիւ լինելով: Այսինքն՝ յոյս կայ, որ տղան մեծահասակ տարիքում կը կարողանայ ծնողներին ֆինանսապէս աջակցել:
Ելնելով մեր հետազօտութիւնից՝ ընդհանուր ֆօնն այն էր, որ հասարակութեան մէջ կնոջ դերը շատ ցածր է, հաւատ չկայ, որ կինը կը կարողանայ ծնողներին պահել: Օրինակ՝ որոշ հարցազրոյցների ժամանակ, երբ հարցնում էին տղամարդուն՝ «Տղա՞յ ես ուզում, թէ աղջիկ», ասում էր՝ «Ի հարկէ՝ տղայ: Բա ինչքան ամուսնուց գողանայ, որ բերի ինձ պահի», պատճառաբանում էին: Այսինքն՝ նաեւ արժեհամակարգի խնդիր է:
ԾԵՐԱՑՈՒՄ
1950թ. մենք ունէինք 33.3 տոկոս 0-14 տարեկան եւ 16.1 տոկոս 60+ բնակչութիւն: 2050թ. շեղակի կը փոխուի պատկերը՝ 30 տոկոս ունենալու ենք մեծահասակ եւ ընդամէնը 12 տոկոս՝ 0-14 տարեկան: Այսինքն՝ այդ բուրգի հիմքն աւելի է նեղանալու, այն գլխիվայր շրջուելու է:
Այսօր Հայաստանում բնակչութեան միջին տարիքը մօտ 33 է, մինչդեռ 1950թ. եղել է 22: 2050թ. կը դառնայ 43, այնքան, որքան այսօր մօտաւորապէս Գերմանիայում է. Գերմանիայում միջին տարիքը 45 է: Եթէ 1990թ. մեզ մօտ 11 հոգի աշխատում էր, որպէսզի 1 հոգի չաշխատող պահէր, 2010թ. 6 հոգի էր աշխատում՝ 1 հոգի պահելու համար, իսկ 2050թ. 1.6 հոգին պէտք է պահի 1 հոգու: Այսինքն՝ սոցիալ-տնտեսական բեռը, որը նստելու է պետութեան եւ բնակչութեան ուսերին, մօտ տասը անգամ աւելանալու է: Դրա համար իրականում շատ կարեւոր են կենսաթոշակային բարեփոխումները: Խնդիր է, թէ ինչպէս պէտք է դրանք արուեն: Կարելի է քննարկել՝ ինչպէս անել, բայց որ դա պէտք է անել, միանշանակ է, որովհետեւ ոչ մի պետութիւն չի կարող 1.6 աշխատողով 1 հոգի պահել: Պարզապէս հնարաւոր չէ:
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Փորձենք հասկանալ՝ այս երեք ուղղութիւններում որոնք են այն գործիքները, որոնցով կարելի է շտկել իրավիճակը:
ՄԻԳՐԱՑԻԱ
Առաջինը, նաեւ ըստ մեր հետազօտութեան, բարոյահոգեբանական վիճակի բարելաւումն է: Այսինքն՝ գաղափարը, որ «երկիրը երկիր չի», ու թողնում գնում են, պէտք է շեղենք եւ աւելի դրական վերաբերմունք ձեւակերպենք: Երկրորդ կարեւորագոյն հարցը մրցակցութիւնն է: Կրկին մեր հետազօտութեան համաձայն՝ մարդիկ հեռանում են, որովհետեւ աշխատելու համար մրցակցային դաշտը բաւարար չէ, բարձր որակաւորում ունեցող ակտիւ տարիքի աշխատողները, այդ թւում՝ վերարտադրողական ակտիւ տարիքի, մեկնում են երկրից, որովհետեւ չեն կարողանում ապահով դաշտ գտնել իրենց տնտեսական գործունէութիւնն իրականանցնելու համար:
Այսօր միգրացիոն հոսքերում գենդերային փոփոխութիւններ են զգացւում տասը տարուայ համեմատութեամբ. մօտ 30 տոկոսով մեծացել է այն կանանց թիւը, որոնք մեկնում են կամ ուզում են մեկնել: Սա խօսում է միգրացիայի պատճառների փոփոխութեան որակականութեան մասին: Եթէ նախկինում գնում էին ցածր որակաւորում ունեցող սեւագործ բանուորները, հիմա արդէն կրթուած, բարձր որակաւորում ունեցողներն են գնում, ինչը շատ աւելի վտանգաւոր է:
Սովորաբար միգրացիան կանգնեցնել հնարաւոր չէ, պէտք է պարզապէս այն դարձնել կառավարելի: Եթէ կարողնանք պահպանել այդ միգրանտների կապը երկրի հետ, այսինքն՝ երկիրը հոգ տանի նրանց մասին այն երկրում, որտեղ ապրում են, օրինակ՝ նոյն Ռուսաստանում չթողնի, որ իր քաղաքացիներին օգտագործեն որպէս ճորտերի, եւ այդ քաղաքացիները տեսնեն պաշտպանութիւնը, կապը կը պահպանուի, եւ նրանց հետ գալու հաւանականութիւնը կը մեծանայ:
Միւսը ցիկլիկ միգրացիայի գաղափարն է որակաւորումներ ունեցող մարդկանց համար: Պետութիւնը պէտք է կարողանայ ստեղծել համակարգ, որի միջոցով մարդիկ ժամանակաւոր՝ երկու-երեք տարով, կը գնան, կ՛աշխատեն, կը վերադառնան: Աւելի լաւ է՝ տեղեկատուական տեխնոլոգիաների մասնագէտը գնայ երեք տարի աշխատի, փորձ հաւաքի, վերադառնայ, քան մնայ այստեղ եւ, ասենք, սեւագործ բանուորութիւն անի, քանի որ մասնագիտութեամբ աշխատանք չի գտնում:
ԾՆԵԼԻՈՒԹԻՒՆ
Գաղափարախօսութիւն է պէտք, թերեւս: Այն իրավիճակում, որը մենք ունենք, ծնելիութիւնը հէնց այնպէս չի աճելու: Մենք ունենք, դեռ բաւական ուժեղ արմատներով, ընտանիքի գաղափարը: Այդ ընտանիքը հզօրացնելու, բարեկեցիկ դարձնելու, ընտանիքի համար լաւ պայմաններ ստեղծելու, նաեւ այդ գաղափարախօսութեան շուրջ պէտք է միաւորել ծնելիութեան հետ կապուած խնդիրները: Մեր պատկերացումն է, որ ընտանիքը կարող է լինել այդ արմատներից մէկը: Կարող են լինել նաեւ այլ մօտեցումներ:
Երկու անհրաժեշտ պայման կայ, որոնց դէպքում երկրները յաջողութիւն են ունեցել ծնելիութիւնը բարձրացնելու գործում: Ցաւօք, մեր երկրի պէս երկիր չկայ, որը ծնելիութիւնը բարձրացնելու այդ յաջողութիւնն ունեցել է: Հիմնական երկու երկրները Ֆրանսիան եւ Շուէդիան են: Ճիշդ է՝ զարգացման առումով նրանք բաւական առաջ են մեզնից, սակայն մօտեցումների առումով կարելի է օգտագործել նրանց փորձը: Երկու անհրաժեշտ պայմաններն են.
Նախ, երեխայի ծնունդը ռիսկային չպէտք է լինի նորաստեղծ ընտանիքի համար, որպէսզի նրանք երեխայի պատճառով մրցակցային դաշտից դուրս չմնան, որովհետեւ այսօրուայ աշխարհը մրցակցային է, բոլորն ուզում են իրենց տեղն ունենալ այս աշխարհում: Եթէ երեխան նրանց խանգարելու է, նրանք նախընտրելու են կարիերան կամ մրցակցային մնալը, քան երեխաների մեծ թիւը:
Երկրորդ, կանանց վստահութիւնը, որ հնարաւոր է համատեղել ցանկալի թուով երեխաներ ունենալը եւ կարիերան: Կարեւոր է գենդերային հաւասարութեան հաստատումը: Մենք չենք կարող կնոջն ասել՝ «Չէ, դու դեռ տանը պիտի մնաս, ափսէ լուանաս խոհանոցում, լուացքդ անես»: Անցել են ժամանակները, աշխարհը փոքրացել է, տեղեկատուութիւնը շատացել է, չենք կարող մենք այդ երկաթէ վարագոյրը դնել եւ ասել՝ «Այսպէս պիտի լինի»: Այսինքն՝ մենք պէտք է ստեղծենք իրավիճակ, որում կինը երեխայ ունենալու պատճառով տղամարդու նկատմամբ մրցունակութիւնը չկորցնի: Փորձը ցոյց է տալիս, որ սկզբնական շրջանում գենդերային հաւասարութիւնը բերում է ծնելիութեան նուազման, բայց յետոյ, նոյն Ֆրանսիայի եւ Շուէդիայի օրինակներով, սկսում է աճ: Այսինքն, եթէ ստեղծուեն հաւասար պայմաններ, կանանց զբաղուածութիւնը չի խանգարի երեխայ ունենալուն: Սա բացայայտ ապացոյց է այն բանի, որ այդ պայմանները շատ կարեւոր են:
Շուէդիայում 1990թ. ծնելիութեան գործակիցը եղել է 1.5, 2012թ. հասել է 1.91ի: Սա աշխարհում երբեւէ ամենաարագ աճած ծնելիութեան գործակիցն է: Շուէդիայում կանանց զբաղուածութիւնը 81 տոկոս է: 26 շաբաթ ծնողական արձակուրդի ժամանակ պահպանւում է աշխատավարձի 84 տոկոսը: Սա շատ կարեւոր է, որ կինը չվախենայ երեխայ ունենալ: Այնտեղ մի հետարքրիր բան էլ կայ. անգամ մասնաւոր խնամող վարձելու համար փոխհատուցում են տալիս, եթէ հասանելի չեն երեխաների հասարակական խնամքի ինստիտուտները՝ մանկապարտէզներ, արտաժամեայ դպրոցներ եւ այլն:
Ծնելիութեան աւելացման գործիքների թւում են ֆինանսական աջակցութիւնը, առողջութեան մատչելի եւ որակեալ խնամքը, ծնողի ճկուն աշխատաժամերը: Կարեւոր է ծնողական արձակուրդը երկու ծնողների համար: Ի դէպ, Հայաստանում երկու ծնողն էլ կարող են արձակուրդ վերցնել երեխայի ծնուելու դէպքում, սակայն վերջին տասը տարիների ընթացքում ընդամէնը երկու հոգի է հայրական արձակուրդ վերցրել:
Կարեւոր է նաեւ բնակարանների մատչելիութիւնը: Գործիքների թւում կարող են լինել նաեւ հարկային արտօնութիւնները. Ինչո՞ւ, օրինակ, չազատել եկամտահարկից այն երիտասարդ ընտանիքներին, որոնք հիփոթէք են վճարում:
Սակայն, ի հարկէ, երեխաների քանակի վերաբերեալ որոշում ընդունելիս ամենակարեւոր գործօնը զբաղուածութիւնն է: Սա միայն պետութեան խնդիրը չէ. ամբողջ հասարակութիւնը պէտք է ընդգրկուած լինի, այդ թւում՝ բիզնեսը: Եթէ բիզնեսն ուզում է 20 տարի յետոյ բաւականաչափ աշխատուժ ունենալ, եւ հարկերը այնքան չլինեն, որ 1.6 հոգին պահի 1 հոգու, այս խնդիրը նաեւ նրա խնդիրն է: Ճկուն աշխատաժամեր, արձակուրդ, աշխատավարձի պահպանում՝ ծնողական արձակուրդի ժամանակ՝ սրանք խնդիրներ են, որոնց լուծմանը բիզնեսը եւս պէտք է մասնակցի: Ի հարկէ, դա շատ թանկարժէք հաճոյք է: Ֆրանսիան, որը յաջողուած փորձ ունի, իր ՀՆԱի 3.6 տոկոսն է ծախսում դրա վրայ: Այսօր այնտեղ ծնելիութեան գործակիցը հասել է 2.02ի:
Սա այն քաղաքականութիւններն են, որոնք օգտագործւում են յաջողուած փորձ ունեցած երկու երկրներում՝ Ֆրանսիայում եւ Շուէդիայում:
ԾԵՐԱՑՈՒՄ
Ծերացումը, ուզենք, թէ չուզենք, լինելու է: Մենք գնում ենք դրան: Մենք այսօր արդէն 13 տոկոս 60+ ազգաբնակչութիւն ունենք: Պարզապէս պէտք է հասկանալ, որ այսօրուայ 60 տարեկանը 25, 30, 40 տարի առաջուայ 50 տարեկանն է, 70 տարեկանը՝ 60 տարեկանն է: Եւ հիմա կան նոր մօտեցումներ, նաեւ գիտական հետազօտութիւններ, որոնք ցոյց են տալիս, որ թոշակի գնալու տարիքը չի կարելի բոլորի համար նոյնը սահմանել: Ուրեմն՝ մտաւոր գործունէութեամբ զբաղուող մարդիկ կարող են մինչեւ 70, 75 տարի մնալ աշխատանքի մէջ: Ի հարկէ, սեւագործ բանուորը, որը հող է փորում, չի կարող նոյն արդիւնաւէտութեամբ դա անել 65 տարեկանում, քան դա անում էր 30 տարեկանում, բայց այստեղ փորձում են դասակարգում մտցնել, թէ տարիքը մինչեւ երբ ամենաարդիւնաւէտը կարող է լինել:
Լաւագոյն օրինակը Գերմանիան է, որտեղ միջին տարիքը 45 է: Այսօր Գերմանիան երկու սեռերին էլ՝ կանանց եւ տղամարդկանց, ընդգրկել է մինչեւ այն տարիքը, որ նրանք կարող են աշխատել: Նոյնը նաեւ ԱՄՆում է, որտեղ չկայ պարտադիր թոշակի գնալու տարիք. գնում են այն ժամանակ, երբ գտնում են, որ այլեւս չեն կարող աշխատել, եւ այդ առումով աւելի քիչ ճնշում կայ ծերացման գործակցի հետ կապուած, որովհետեւ եթէ 63 տարեկանում երկու սեռին մենք ուղարկում ենք թոշակի եւ նրանց չենք տալիս բաւարար թոշակ, որպէսզի կարողանան ապրել, մենք նրանց բառացիօրէն դատապարտում ենք դանդաղ մահուան:
«Սիվիլնեթ»