ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ.- «Ասպարէզ»ի աշխատակից Նանէ Աւագեան կը հաղորդէ. Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միթչ Օ’ֆարելը ներկայացրել է առաջարկ՝ Լիթլ Արմէնիա թաղամասի մի հատուածը «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի հրապարակ» անուանակոչելու մասին: Նախագիծը քուէարկութեան է դրուելու առաջիկայ օրերին:
«Լոս Անջելեսում բնակւում է հայկական ամենամեծ համայքներից մէկը: Հայկական Սփիւռքի նման ներկայութիւնն այս քաղաքում, Օսմանեան Կայսրութեան կողմից 1915 թուին իրականացուած Հայոց Ցեղասպանութեան հետեւանք է, որի ժամանակ մէկ ու կէս միլիոն հայեր սպանուեցին եւ հարիւր հազարաւոր մարդիկ ստիպուած եղան լքելու իրենց նախնիների հայրենիքը: Հարիւր տարի անց, Օսմանեան կայսրութեան հետեւորդ Թուրքիայի կառավարութիւնը դեռ չի ճանաչել այս պատմական փաստերը: Լոս Անջելեսի հայ համայնքը ջանասիրաբար աշխատում է հասնելու Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչմանը` մարդկութան դէմ գործած այս սարսափելի ոճիրի մասին իրազեկելով ողջ աշխարհին», գրուած է Միթչ Օ’ֆարելի նախագծում:
Լոս Անջելեսի 13րդ ընտրատարածքը ներկայացնող քաղխորհրդի անդամը նշում է, որ քաղաքապետարանը կարող է աջակցել Լիթլ Արմէնիա թաղամասում մէկ ու կէս միլիոն կորուսուած կեանքերի յիշատակման մասին հրապարակի ստեղծմանը, ինչը նաեւ կը նպաստի հայ համայնքի արդար պայքարի շարունակմանը: Հոլիվուդ Բուլվարի եւ Վէսթերն ավենիուի հատման անկիւնում, ըստ նախագծի, կը տեղադրուեն հրապարակի մասին տեղեկացնող նշաններ: