Այդ ժամանակ` 1921 թ.-ի մարտի 16-ին, բոլշեւիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակը եւ բռնակցեցին Ռուսաստանին:
Ջեյմս Ջերարդ, 1913-1917 թթ., ԱՄՆ-ի դեսպան Գերմանիայում [1]
Այսօր` մարտի 16-ին լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի 1921 թ.) 86-րդ տարելիցը: Հիրավի տարելիցը, քանի որ նշյալ պայմանագրից է ածանցվում Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի 1921 թ.), որով, ըստ ոմանց, որոշվում է հայ-թուրքական սահմանը:
Sասնյակ գրքեր ու հարյուրավոր հոդվածներ են գրվել Մոսկվայի պայմանագրի մասին, սակայն, որքան էլ տարօրինակ է, միջազգային իրավունքի տեսանկյունից երբեք չի կատարվել պայմանագրի փորձաքննություն` որոշելու համար նրա վավերական կամ ոչ վավերական (valid or not valid) լինելը:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջեւ, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»: (International treaties are agreements between subjects of International Law-creating, amending or terminating their mutual rights and obligations) [2]. Սա ամրագրված է պայմանագրային իրավունքի վերաբերյալ 1969 թ. Վիեննայի կոնվենցիայի (Vienna Convention on Treaty Law) մեջ: Կոնվենցիայի հոդված 2 (1) (ա)-ն պայմանագիրը բնորոշում է որպես «պետությունների միջեւ գրավոր կերպով կնքված եւ միջազգային իրավունքի վրա խարսխված միջազգային համաձայնություն» (an international agreement concluded between States in written form and governed by international law): Այսինքն, պայմանագրի օրինականության համար վճռորոշ է միջազգային իրավունքին համապատասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչը:
Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջեւ: Քանի որ ամեն մի պայմանագրի կարգավիճակ ածանցվում է ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 1921 թ.-ի մարտի 16-ի դրությամբ:
1. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (ՀհՂհՀ) կարգավիճակը 1921 թ.-ին
Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» (ՀհՂհՀ) ճանաչված պետություն, հետեւաբարՙ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար նրա կառավարությունը չուներ որեւէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924 թ.-ից` Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրվարի 1924 թ.) [3]: Մինչեւ 1924 թ.-ը տեղի ունեցած այսպես կոչված ճանաչումները չեն առաջացրել որեւէ իրավական հետեւանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից [4]: Օրինակ, 1920 թ.-ին սովետական կառավարությունը ճանաչել է բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունը իր հերթին օրինապես [5] ճանաչված չէ [6]: Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ-ն ընդդեմ Սիբրարոյի (RSFSR v. Cibrario) դատական գործում (1923 թ.), ԱՄՆ-ի դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցը այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ [7]: Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է շվեդական գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիկսոնի (Soviet Government v. Ericsson) դատական գործում (1921 թ.) [8]:
Վերոհիշյալ եւ տասնյակ այլ դատական վճիռներ եւ կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսանկյունից գոյություն չունեն, հետեւաբար որեւէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին եւ այլն) չեն կարող ծավալել [9]:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921 թ.-ին
Ըստ էության, սովետական իշխանության եւ կառավարության վերաբերյալ վերը ասվածը ամբողջովին վերաբերում է, այսպես կոչված, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականները որեւէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կառույցի «կառավարության»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր եւ նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նմանօրինակ կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրերում, այդ թվում նաեւ Հայաստանում: Մուստաֆա Քեմալի վարչախումբը որեւէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչեւ 1922 թ.-ի նոյեմբերը, այսինքնՙ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը եւ միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որեւէ անձի հանդես գալու երկրի անունից [10]:
Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով եւ միջազգային իրավունքի խախտումով, որոնք են` երկրի օրինական իշխանության` սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը եւ Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի 1918 թ.) ոտնահարումը: Մուստաֆա Քեմալը 1921 թ.-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռեւս 1920 թ.-ի ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի` շեյխ-ուլ-իսլամի ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաեւ թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920 թ. մայիս 24-ին հաստատել էր սուլթանը: Ի դեպ, Քեմալի եւ քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923 թ.-ի հուլիսի 24-ին` ներման համապատասխան հայտարարագրով [11]:
Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի եւս մի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության [12]:Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում. «A treaty does not create either obligations or rights for a third State without its consent. (Article 34).
Ըստ վերոշարադրյալի, Մոսկվայի պայմանագիրը.
ա/ անօրինական է ու անվավեր, բ/ այն չէր կարող որեւէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել եւս որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում հոդված 1) կամ Նախիջեւանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր եւ անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) բացահայտ ոտնահարումով: Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում, «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»: (Article 53. A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm (jus cogens) of general international law).
Ծանոթագրություններ
1. Report [Pursuant to H. Res. 346 and H. Res. 438], Communist Takeover and Occupation of Armenia, 83d Congress 2d Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, December 31, 1954, p. 14.
2. Manual of Terminology of Public International Law, 1983, p. 38.
3. Survey of International Affairs 1924, (Comp. by Arnold J. Toynbee), London, 1926, p. 491
4. Moore J.B., Digest of International Law, Washington, 1906, p. 73.
5. Մինչեւ 1924թ.-ի փետրվարի 1-ը տեղի ունեցած, այսպես կոչված, ճանաչումները չեն ստեղծում որեւէ իրավական հետեւանք, քանի որ դրանք չճանաչված երկրների կամ իշխանությունների կողմից էին. Էստոնիա 02.02.1920, Լիտվա 30.06.1920; Լատվիա 11.08.1920; Lեհաստան 12.10.1920; Ֆինլանդիա 14.10.1920; Պարսկաստան 26.02.1921; Աֆղանստան 28.02. 1921; Թուրքիա 16.03.1921; Մոնղոլիա 05.11.1921 ( Frederick Lewis Schuman, American Policy toward Russia since 1917: A Study of Diplomatic History, International Law & Public Opinion., London, 1928, p. 351).
6. Papers Relating to the Foreign Relations of the United States, 1920, v. III, p. 462. (The Secretary of States /Colby/ to the Ambassador in Great Britain /Davis/, August 2, 1920, pp. 461-463).
7. Hudson M.O., Annual Digest of Public International Law, Cambridge, 1931-1932, Case No. 28.
8. Hudson M.O., Annual Digest of Public International Law, Cambridge, 1919-1922, Case No. 30.
9. Ti-Chiang Chen, The International Law of Recognition, London, 1951, p. 138.
10. O’Connell D. P., State Succession in Municipal Law and International Law, v. I, Cambridge, 1967, p. 211.
11. Amnesty Declaration, and Protocol, signed 24 July 1923.
12. Branimir M. Jankovic, Public International law, New York, 1984, p. 302.
Արա ՊԱՊՅԱՆ