https://nt.am/am/news/304371/-Տարածաշրջանում ռազմաքաղաքական քարտեզի փոփոխություն է եղել այն առումով, որ Թուրքիան այսօր Հարավային Կովկասում համաձայնեցված ներկայություն ունի, Մոսկվայի հետ ռազմաքաղաքական գործողություններ է իրականացնում: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Թուրքիան Հարավային Կովկաս է թափանցել մեծ դռներով` Մոսկվայի թույլտվությամբ: Ես նկատի ունեմ նաև այն համատեղ կենտրոնը, որը 44-օրյա պատերազմից հետո հաստատվեց Աղդամում, և որտեղ
Թուրքիան ինչ-որ տեսքով խաղաղապահ առաքելություն է իրականացնում:
Հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո շատ է խոսվում Երևանի` Ռուսաստանից կախյալության խորցման միտումների մասին: Պետք է նկատենք նաև, որ հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանն էլ խորացյալ կախվածություն ունի Թուրքիայից: Այսօր փաստ է, որ Բաքուն կորցրել է իր արտաքին քաղաքականություն կիրառելու բոլոր առաձգականությունները, տոտալ կորուստի մասին է խոսքը: Հատկապես վերջին օրերին Էրդողանը հայտարարեց, որ փուլ առ փուլ նա գնում է համաթուրքական գաղափարի իրագործման ճանապարհով: Պարզ է, որ Ադրբեջանն էլ ամեն քայլափոխին դրսևորում է իր կախյալությունը Թուրքիայից:
Այս հարցում Մոսկվան երկակի ստանդարտներ է կիրառում. Մոսկվայի մի ոտքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է, իսկ մյուս ոտքով Անկարայի հետ նոր ստատուս քվո է ստեղծել: Բայց միշտ չէ, որ այս երկվությունը պետք է մանևրելու տեղ տա Մոսկվային, և նա կարող է հայտնվել նաև շահերի բախման կիզակետում»,- ասաց Գանտահարյանը: