ԾԽ. Իբրեւ երախտագիտութեան նուազագոյն արտայայտութիւն, մեծ հաճոյքով կ’արտատպեմ իմ գործակից «Զարթօնք» օրաթերթի Ապրիլ 24-ի համարին մէջ լոյս տեսած, Հայաստանի նախկին Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի խոհական այս յօդուածը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Դարձեալ ապրիլի 24-ն է․ ալեկոծւում է իւրաքանչիւր հայի հոգին, դարձեալ եռաձայն պատարագ է հնչում հայոց երկնքում, եւ ժամանակը մեզ համար կանգ է առնում:
Իւրաքանչիւր տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան տարելիցի օրը Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում, աշխարհի հարիւրաւոր բնակավայրերում ցաւի ու ծանր յիշողութեան, գոյապայքարի ու վերածննդի կոթողների ու խաչքարերի մօտ խոնարհւում է հայ ժողովուրդը, սակայն այլ է 2020 թուականի ապրիլի 24-ը։
Այս տարի հայ ժողովուրդը ոգեկոչման ու սրբադասուած նահատակների լոյս հոգիներին խնկարկելու արարողութիւնը կատարում է համացանցային խորհրդանշական մոմավառութեամբ, լոյսերի մարմամբ, նամակ-բողոքների առաքմամբ, սոցիալական ցանցերում կորցրած հարազատների լուսանկարների տեղադրմամբ, Սուրբ պատարագին հեռավար մասնակցութեամբ եւ այս անելանելի վիճակից կարծես, աւելի է խտանում, լեռնանում ցաւը մեր հոգիներում։
Երկիր մոլորակին պատուհասած համավարակի պայմաններում, Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցի օրը հայ ժողովուրդը մէկ միասնութիւն դարձած շարունակում է իր պայքարը ‹‹Յիշում ենք եւ պահանջում›› կարգախօսով։
Երախտապարտ հայ ժողովուրդը դարձեալ յիշում եւ խոնարհւում է այն օտարազգի անհատներ Նանսենի, Ժորեսի, Լեփսուսի, Մորգենթաուի, Վերֆելի եւ միւսների յիշատակի առջեւ ովքեր ձայն բարձրացրին հայ ժողովրդի դէմ ուղղուած հրէշաւոր ոճրագործութեան դէմ: Մենք խորին երախտագիտութիւն ենք յայտնում բոլոր միսիոներներին, որբախնամ կազմակերպութիւններին ու անհատներին, բարեգործական միութիւններին, այն պետութիւններին, որոնք ապաստան տուեցին, իրենց յարկի տակ առան ու պայմաններ ստեղծեցին հայ ժողովրդի բեկորների վերակենդանացման համար: Եւ վերածնուեց հայութիւնը: Մենք, մեր համայնքները շնորհակալ են նաեւ այն բոլոր պետութիւններին ու միջազգային կազմակերպութիւններին, տարբեր երկրների տեղական եւ նահանգային իշխանութիւններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը:
Ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ ուղղուած ամենածանր յանցագործութիւնն է, որը վաղեմութեան ժամկէտներ չի ճանաչում։
Թուրքական կառավարութիւնը, օգտուելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարաւորութիւնից, ձեռնամուխ եղաւ վաղուց ի վեր մշակուած հայերի ցեղասպանութեան՝ իր ոճրագործ քաղաքականութեան իրականացմանը՝ արեւմտահայերի ֆիզիքական ոչնչացմանն ու հայրենազրկմանը:
Օսմանեան Թուրքիայի կողմից ծրագրուած եւ դաժանօրէն իրագործուած քաղաքականութեանը զոհ գնացին շուրջ 1,5 միլիոն հայեր՝ մանուկ ու մայր, ծեր ու հիւանդ, գիտնական ու գրող, քաղաքական ու պետական գործիչ, մտաւորական ու զինուորական։ Հայոց ցեղասպանութեան գագաթնակէտը եղաւ 1915 թուականի ապրիլի 24-ի գիշերը, որը պատմութեան մէջ մտաւ արեւմտահայերի «Սեւ բարդողիմէոսեան գիշեր» անունով։ Թուրքական եաթաղանից ընկան Գրիգոր Զոհրապը, Սիամանթօն, Դանիէլ Վարուժանը, Ռուբէն Սեւակը եւ շատ ուրիշներ, ովքեր հայ ժողովրդի կրթութեան, գիտութեան, մշակոյթի կարկառուն ներկայացուցիչներն էին, պայծառ մտաւորականները։
Հնագոյն քաղաքակրթութիւն եւ բարձր մշակոյթ ունեցող հայ ժողովրդի հայրենիքը, ունեցուածքն ու մշակոյթը խլելու նպատակով իրականացուած ցեղասպանութիւնը նախադէպ դարձաւ միւս ցեղասպանութիւնների համար:
Մէկուկէս, գուցէ երկու միլիոն անմեղ նահատակներ, հարիւր հազարաւոր տարագիր ու աքսորեալ հայեր, խեղուած ճակատագրեր: Բռնի իսլամացուեցին հազարաւոր կանայք ու երեխաներ, անապատ քշուեցին եւ մահուան ճամփաներում կոտորուեցին բազում հայորդիներ, որոնց անթաղ ոսկորները մինչեւ այսօր էլ պահանջում են արդարութիւն ու հատուցում։ Թուրք ասկyարների ձեռքերով իրականացուեց նաեւ մշակութային ցեղասպանութիւն․ աւերուեց հարիւրաւոր քաղաքներ ու գիւղեր, քանդուեցին ու բռնագրաւուեցին հազարաւոր եկեղեցիներ, յուշարձաններ, դպրոց , հրոյ ճարակ դարձան հազարաւոր ձեռագիր մատեաններ ու արխիւներ․․․
Եղան նաեւ անհաւասար ինքնապաշտպանական մարտեր օսմանեան զինուած ուժերի դէմ Վանում, Շապին Գարահիսարում, Այնթապում, Հաճնում, Տարօնում, Սասունում ու Մուշում, Զեյթունում, Մուսա լեռում ու Ուրֆայում, Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, սակայն չկանխուեց հայոց եղեռնը։
Աշխարհը լռում էր, սառն ու անտարբեր հայեացքով հետեւում մի հինաւուրց ազգի ցեղասպանութեանը, որի հայրենի հողը մարդկութեան բնօրրանն էր եւ որը տոգորուած էր սոսկ իր հայրենիքում իր ազգային ու հոգեւոր ինքնութիւնը պաշտպանելու ձգտմամբ՝ երբեւէ չսպառնալով ոչ մի ժողովրդի։
Որքան անչափելի ու անհաշուելի կորուստներ կրեց հայ ժողովուրդը՝ չապրուած կեանքեր, չծնուած մանուկներ, չգրուած երգեր, չհերկուած հերկեր, չտնկուած ծառեր, չկառուցուած տաճարներ, չգրուած գրքեր ու այսպէս շարունակ…
105 տարի շարունակ անպատմելի, անձնական ու անանձնական ողբերգութիւն ապրեցին բռնի իսլամացած հայերը: Անասելի մեղքի ու քաւութեան դժուար ճամփաներով անցան նրանք, ի՞նչ են զգում այսօր նրանց որդիները, ի՞նչ կարող են անել նրանք վաղը՝ դժուար է ասել:
Եւ վերջապէս՝ մենք ունենք աշխարհատարած հայութիւն, 100-ից աւելի երկրներում հաստատուած Հայկական Սփիւռք՝ որպէս Հայոց ցեղասպանութեան հետեւանք:
Աշխարհում սփռուած հայ ժողովրդի զաւակներն իրենց տաղանդը, գիտելիքներն ու փորձը նուիրաբերում են բնակութեան երկրների սոցիալ-տնտեսական, գիտական ու մշակութային կեանքի զարգացմանն ու առաջընթացին։ Նրանք շարունակում են ամուր կապեր ու յարաբերութիւններ հաստատել իրենց հայրենիքի հետ, հաւատարիմ մնալ իրենց ազգային ինքնութեանը, լեզուին, հաւատին, մշակոյթին։ Սփիւռքը դարձել է հայաստանակենտրոն եւ Հայրենիքի ամրակուռ յենարանը, Սփիւռքը հայաստանեան զարգացման ծրագրերի ակտիւ մասնակից է։ Շատ սփիւռքահայեր դարձան նշանաւոր մարդիկ եւ ոչ միայն փառք ու պատիւ բերեցին մեր ազգին, այլեւ իրենց տաղանդով առաջ մղեցին գիտութիւնը, նորարարութիւնը, արուեստն ու տնտեսութիւնը, հարստացրին մարդկութեան քաղաքակրթութեան գանձարանը՝ չմոռանալով իրենց անցեալն ու Հայոց եղեռնը։
Երրորդ հազարամեակում Հայոց ցեղասպանութեան մեծ մեղքը դեռեւս ծանրացած է մարդկութեան խղճին:
Եթէ աշխարհը 20-րդ դարի սկզբին սառն ու անհաղորդ չմնար Հայոց ցեղասպանութեանը, արդեօ՞ք կը լինէին Հոլոքոստն ու Ռուանտան, վանտալիզմի ու ցեղասպանութեան միւս դրսեւորումները, մշակութային եղեռնագործութեան բազմաթիւ այլ դրսեւորումներ․․․
Պարոյր Սեւակի խօսքերով ասած․
‹‹Ո՞ւր էր աշխարհը եւ ինչ էր անում,
Ո՞ւր էր օրէնքը հանուր մարդկութեան,
Որ յանցապարտին չմահապարտեց››։
Այսօր ահազանգ է հնչում ամենուրեք։ Թուրքական հասարակութեան առաջադէմ հատուածը եւս պահանջում է առերեսուել պատմութեան հետ եւ քանդել անցեալ դարի մեղքով շաղախուած կեղծիքի պատը:
Յիշենք թուրք խոշոր գործարար Իսհակ Ալարթոնի` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու կոչը. ‹‹Եկէ՛ք մենք էլ մեր ձայնը բարձրացնենք Անգարայի խորհրդարանում: Թող օգնեն մեզ բացել կմախքներով լի պահարանների դռները եւ թաղել նրանց, յարգե՛նք անմեղ զոհերի յիշատակը եւ հաշտուե՛նք մեր անցեալի հետ››:
Սակայն պաշտօնական Անգարան, գիտակցելով իր պատասխանատուութեան ծանր բեռը, գործադրում է բոլոր հնարաւոր միջոցները, կեղծարարութեան ու սոփեստութեան իր ողջ զինանոցը` փորձելով խուսափել անխուսափելիից:
Տասնամեակներ շարունակ հայրենիքում եւ Սփիւռքում ապրող հայերը պայքարում են Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման համար` հասնելով նկատելի արդիւնքների: Եւ որքան էլ զարմանալի թուայ, գնալով նոր սերունդը եւ՛ Սփիւռքում, եւ՛ հայրենիքում դառնում են աւելի վճռական, յամառ ու անզիջում: Ինչ խօսք, պայքարի նոր փուլում նրանց թիկունքում կանգնած է հայրենի անկախ պետութիւնը:
Ցեղասպանութիւնն ու նրա ծանր հետեւանքները շարունակւում են մինչ օրս. ողջ հայ ժողովուրդն ու մասնաւորապէս նրա սփիւռքեան հատուածներն ապրեցին երկատուած էութեամբ, խեղուած հոգեկան աշխարհով, ողբերգութեան ու ցաւի վրայ խարսխուած ազգային ինքնութեամբ: Նրանց սերնդէ սերունդ հալածում են նախնիների չլուծուած վրէժը եւ տանջում է հայրենիքի կարօտը: Նրանք մի կողմից փորձում են լինել այն երկրի լաւագոյն, օրինապաշտ քաղաքացին, որտեղ ապրում են, միւս կողմից պայքարում են հայ մնալու համար, ապրում են երկու ‹‹ես››-ով: Իսկ ո՞վ է հաշուել այս հոգեկան տառապանքի գինը, որ ապրում է աշխարհասփիւռ հայութիւնը, ո՞վ պէտք է պատասխան տայ նրանց մայրենի լեզուի կորստի, ազգային ու հոգեւոր արժէքների փոփոխութեան համար…
Պահը հասունացել է: Կարծում եմ, այսօր առկայ են բոլոր նախադրեալները, իրաւական հիմքերն ու Հայոց ցեղասպանութիւնը հաստատող փաստարկները, որպէսզի սկսուի պահանջատիրութեան նոր՝ աւելի համակարգուած գործընթաց:
Հայոց ցեղասպանութիւնն այն ցաւն է, որ անգամ ամենակարող Ժամանակը չի կարող բուժել: Օսմանեան Թուրքիան եւ նրա իրաւայաջորդները լիակատար պատասխանատուութիւն են կրում իրականացրած Հայոց ցեղասպանութեան եւ նրա ծանրագոյն հետեւանքների համար, որոնց ենթարկուել եւ դեռ շարունակում է ենթարկուել հայ ժողովուրդն ու Հայաստանը:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցին մենք, ձերբազատուած զոհի բարդոյթից, պէտք է հանդէս գանք միասնաբար ու ինքնավստահ, աննահանջ պահանջատիրոջ կեցուածքով եւ իրաւունքներով:
Մեր միասնութեան առանցքը պէտք է դառնայ ոչ թէ ողբերգութիւնը, այլ ազատ եւ անկախ Հայրենիքը, մեր հերոսական Արցախը, որոնք անխորտակ միջնաբերդի պէս միշտ կանգնած են լինելու Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, հայոց պահանջատիրութեան դիրքերում:
Մենք պէտք է անենք ամեն ինչ, որպէսզի խաղաղուեն անմեղ նահատակների լոյս հոգիները:
Չնայած բոլոր ջանքերին, որեւէ մէկին չի յաջողուի կեղծել պատմութիւնը, քօղարկել իրականութիւնը, մոլորութեան մէջ դնել մարդկութեանը, այդ թւում՝ Թուրքիայում իրենց պատմութեան հետ առերեսուած, ճշմարտութիւնը հասկացած մարդկանց:
Թուրք իշխանութիւնները պէտք է կանգ առնեն, քանզի ժամանակն իրենց օգտին չի աշխատում։
Մենք 20-րդ դարասկզբում չենք ապրում։ 21-րդ դարի հայը գրագէտ է, ուժեղ, գիտի իր իրաւունքները եւ կարող է ներկայացնել ու պաշտպանել իր օրինական շահերը՝ միջազգային նորմերին համահունչ: Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը համախմբուած են ու միասնական, եւ պայքարը Հայ Դատի համար գնալով նոր թափ է ստանալու եւ ահագնանալու է։
Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցի օրը խոնարհուենք մեր սրբադասուած նահատակների լոյս յիշատակի առջեւ եւ շարունակենք մեր անզիջում պայքարը՝ յանուն պատմական արդարութեան ու ճշմարտութեան վերականգման, յանուն ցեղասպանութիւնների կանխման, յանուն խաղաղութեան ու մարդկութեան անվտանգութեան։
ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Իրաւաբանական Գիտութիւնների Դոկտոր, Փրոֆեսոր
Գաւառի Պետական Համալսարանի Եւ
ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի Դասախօս